Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲՅԵԿՏԻՎ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼ ՀՈԳՍԵՐ

Մարտ 31,2006 00:00

Ապրիլի վերջին Մոսկվայում կայանալիք ազատ
ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականն
այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում մայրաքաղաքի Հավաքական թիմերի կենտրոնում:
Մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հանդիպեց հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ
Ենոքյանին: – Գո՞հ էք նախապատրաստության ընթացքից: – Ամեն բան գնում
է ըստ կազմված ծրագրի: Տղաները մարզվում են ջանադրաբար: Երեւանում կմնանք մինչեւ
ապրիլի 9-ը: Դրանից հետո մեկնելու ենք Սոչի, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաքներ
կանցկացնենք Ռուսաստանի հավաքականի հետ ու այնտեղից էլ ապրիլի 24-ին կմեկնենք Մոսկվա:
– Եվրոպայի առաջնությանը քանի՞ քաշային կարգում ենք մասնակից ունենալու: –
Մեր ձեռքի տակ եղածներից ընտրել ենք չորս հոգու՝ 55, 60, 66 եւ 74 կիլոգրամ քաշերում:
Բայց թե հետո նրանց կմիանա՞ն Ռուսաստանում գնվածները, որոնց չեմ էլ տեսել, չգիտեմ,
ոչինչ ասել չեմ կարող: – Իսկ այստեղ ո՞ւմ եք ընտրել: – Անուններ չեմ
ուզում տալ: Ասեմ միայն, որ հավաքներին հիմնականում երիտասարդներ են մասնակցել: Թիմում
հներից գրեթե ոչ ոք չի մնացել: – Այսինքն հավաքականում սերնդափոխությո՞ւն
է կատարվում: – Դա պարտադիր գործընթաց է: Նախկին հիմնական կորիզն աստիճանաբար
տեղը պիտի զիջի երիտասարդներին: Բայց, ցավոք, մեր պարագայում բնականոն սերնդափոխությունը
խափանվեց: Խոսքս Մարտին Բերբերյանի մասին է, որը մեկնել է Միացյալ Նահանգներ: Նա
թիմի առաջատարն էր, մյուսներին տանում էր իր ետեւից ու դեռ կարող էր օգտակար լինել,
մինչեւ երիտասարդները կհասնեին համապատասխան մակարդակի: Բայց հեռացավ՝ անակնկալի
բերելով բոլորիս ու խառնելով բոլոր խաղաթղթերը: Իսկ մենք այնքան հզոր չենք, որպեսզի
բոլոր յոթ քաշային կարգերում էլ այդպիսի լիդերներ ունենանք: – Ինչո՞ւ գնաց,
ի՞նչ պատճառաբանությամբ: – Ասում են՝ ամուսնանալու նպատակով: Նա նյութականի
հետ կապված որեւէ խնդիր երբեք չի ունեցել: Առավել եւս Գագիկ Ծառուկյանի ՀԱՕԿ-ի նախագահ
ընտրվելուց հետո: Պարոն Ծառուկյանը նրան բնակարան էլ տվեց, մեքենա էլ, բարձր թոշակ
էլ: Էլ չեմ խոսում ամեն մի հերթական նվաճման, եւ տարեվերջյան դրամական խոշոր խրախուսանքների
մասին, որ տալիս էր պետությունը: Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի ղեկավարությունը Մարտինի
համար անում էին ամեն բան, որ նա եւ լավ ապրի, եւ լավ սնվի, որպեսզի մարզվելուն ոչինչ
չխանգարի: – Ուրեմն Մարտին Բերբերյանի անունն ընդմիշտ ջնջվա՞ծ է հավաքականի
ցուցակից: – Համենայնդեպս, նա հաստատ այս տարի չի մասնակցի ոչ Եվրոպայի, ոչ
աշխարհի առաջնություններին: – Կարելի՞ է ենթադրել, որ Մոսկվայում Հայաստանը
դուրս է մնալու մեդալների համար մղվող պայքարից: – Ես այդքան
խիստ չէի արտահայտվի: Բայց խոստումներ էլ չեմ ուզում տալ: Սպորտում ամեն բան էլ լինում
է: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մշտապես մեդալներ են լինելու: Մեր հավաքականում
այս անգամ երիտասարդներ են լինելու: Նրանք իրենց լավագույն կողմերով են դրսեւորել
Եվրոպայի, աշխարհի երիտասարդական առաջնություններում, որտեղ հաղթել կամ մրցանակային
տեղեր են գրավել: Այսինքն, ըմբշամարտում իրենցից ինչ-որ բան ներկայացնում են: Բայց
մեծահասակների պայքարն ուրիշ է, անհամեմատ ավելի դժվար: Չի բացառվում, որ այս անգամ
ձեռնունայն վերադառնանք: Բայց ես դրանից ողբերգություն չեմ սարքի: Տղաներին առնվազն
մեկ-երկու տարի դեռ պետք է լինելու: Նրանց հետ հարկավոր է այդ ընթացքում աշխատել:
Եթե մեդալ չլինի, չի կարելի ասել, թե դու վատն ես: Ընդհակառակը, այ հենց այժմվանից
պիտի նրանց հույս ներշնչել, խրախուսել, ինչպես ժամանակին վարվել ենք նույն Մարտին
Բերբերյանի հետ, որը նոր-նոր գալիս էր փոխարինելու, ասենք, աշխարհի եռակի չեմպիոն
Արայիկ Գեւորգյանին: Մարզասերները չգիտեն, որ սպորտում չգրված մի դաժան օրենք կա.
խոստումնալից, հեռանկարային մարզիկները ամբողջ տարվա ընթացքում ավելի շատ ծառայում
են հավաքականների առաջին համարներին կարեւոր ստուգատեսներին նախապատրաստելուն: Եվ
վերջինների մեդալների մոտ հիսուն տոկոսը նաեւ նրանց շնորհիվ է նվաճվում: Այդ երիտասարդներն
էլ ընտանիք ու հոգսեր ունեն: Ու, իմ համոզմամբ, իրենք էլ արժանի են դրամական, թեկուզ
խորհրդանշական վարձատրության, որպեսզի ստիպված չլինեն մտածել սպորտը թողնելու եւ
ապրուստի այլ միջոց գտնելու մասին: Նրանք են, որ վաղը խոշոր մրցումներում բարձրացնելու
են երկրի դրոշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել