Լրահոս
Օրվա լրահոսը

Տապան կառուցողները շատացել են

Սեպտեմբեր 29,2007 00:00

Նոյ Նահապետի փրկության խորհրդանիշը շահավետ բիզնես է խոստանում

«Մերօրյա տապան Արարատ լեռան դիմաց» հոդվածում («Առավոտ», 09.04.2007) տեղեկացրել էինք, որ մասնագիտությամբ երաժիշտ Գեւորգ Ներսիսյանի մտահղացմամբ, Արարատի մարզի տարածքում՝ Արարատ լեռան դիմաց, համապատասխան գումարների հայթայթման դեպքում «Նոյյան տապան» հուշահամալիր կկառուցվի: Գ. Ներսիսյանն ասել էր, որ 1990-ից աշխատել է այդ ծրագրի վրա, որը «տարիներ շարունակ հետաձգվել ու անուշադրության է մատնվել՝ պայմանավորված ներքաղաքական իրավիճակներով»: Նաեւ նշել էր, որ վերջին շրջանում գաղափարը նորից է ներկայացրել տարբեր ատյանների ու ստեղծագործական միությունների ուշադրությանը: «Նոյյան տապանի» մասին նամակով հայտնել եմ ՀՀ եւ ԱԺ նախագահներին, վարչապետին, Ամենայն հայոց կաթողիկոսին: Այժմ ծրագիրն ուսումնասիրության փուլում է: Նրանով հետաքրքրված են մշակույթի նախարարությունում, սակայն այստեղ էլ դեռ քննարկվում է այն հարցը, թե որտեղից պետք է գոյանան անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,- «Առավոտին» ասել էր Գ. Ներսիսյանը:

Ինչպես հայտնի պատմության մեջ, երբ յուրաքանչյուր ոք իրեն հայտարարում է լեյտենանտ Շմիդտի որդի, «Նոյյան տապանի» պարագայում էլ նույնը եղավ: «Առավոտի» խմբագրություն է դիմել արդեն նախկին՝ «Հասմիկ-Լիլիթ բարեգործ հաշմանդամներ» ՓԲԸ-ի նախագահ Վանյա Հակոբյանը: Նա պնդում է, որ ինքը բոլորից շուտ է հղացել Հայաստանում «Նոյյան տապան» ստեղծելու գաղափարը, ժամանակին այդ մասին տեղեկացրել է Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին, հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, Հուշարձանների պահպանության գործակալությանը, հայտարարություն տպագրել «Ավանգարդում», հանդիպումներ ունեցել սփյուռքահայ եւ հայաստանցի գիտնականների հետ:

Վ. Հակոբյանը հայտարարեց, որ իր մտահղացումը յուրացրել է «Հին Էրիվան» ռեստորանի տերը՝ Մանվել Առաքելյանը եւ այն փորձում է կյանքի կոչել Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանի հետ: Պարզապես, ըստ Վ. Հակոբյանի, այդ երկուսը չեն ուզում երեւալ, ուստի իրենց դրածոյին՝ Գ. Ներսիսյանին են «շրջանառության մեջ» դրել:

Մ. Առաքելյանը հեռախոսով «Առավոտին» հայտնեց, որ ինքը թե՛ Գ. Ներսիսյանի, թե՛ Վ. Հակոբյանի հետ որեւէ առնչություն չունի: Տ. Մարգարյանն էլ իր նախագծի հետ որեւէ կապ չունի: «Ես «Նոյյանն տապան» ստեղծելու մասին տեսիլք եմ ունեցել, ինչի մասին այս տարվա ապրիլի 12-ին հայտարարել եմ «Արմենիա» եւ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություններով»,- ասաց նա՝ հավելելով, որ իր «Նոյյան տապանը» «մարմին կառնի» Խոր Վիրապի եկեղեցու մոտակայքում: «Ուզում եմ լուրջ գիտխորհուրդ հավաքել, բոլորը իրենց եզրակացությունները տան, հետո միայն գործի անցնենք: Մյուսների նման չեմ պատրաստվում 300-ական դրամ հանգանակել ուսանողներից: Այդ ծրագրի համար անհրաժեշտ են լուրջ ներդրողներ, իսկ այդպիսիք կան, մեկը կանադացի է, մյուսը՝ իրանցի: Արդեն համապատասխան հողհատկացում է արված, որտեղ ոչ թե պետք է ընդամենը նավ, հյուրանոց կամ չգիտեմ ինչ կառուցվի, այլ Մեծ Հայքը՝ իր բոլոր նահանգներով: Ի դեպ, ներդրողների համար դա բիզնես է, ինձ համար՝ պատմական հայրենիքը վերագտնելու իղձ: Որպեսզի ոչ մեկին չնեղացնենք, ստեղծել ենք ԲԲԸ, եւ ցանկացողները կկարողանան համապատասխան միջոցներ ներդնելով՝ մասնակից լինել ծրագրին: Իսկ եթե ինձ մեղադրում են ուրիշի մտահղացումը յուրացնելու մեջ, դա անիմաստ է, որովհետեւ կա համապատասխան ատյան ու հաստատություն, որտեղ մտահղացումս գրանցված է: Օրենքի սահմաններում պատրաստ եմ պատասխան տալ նման մեղադրանքներին»,- հայտնեց Մ. Առաքելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել