Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆՆ ՈՒՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԻՍԿ ԵՍ՝ Ո՞Չ»

Հուլիս 05,2008 00:00

\"\"Մարդու իրավունքների պաշտպանի որոշումներից տարակուսած են Պահպանողական կուսակցության անդամները

Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 28-ին հրապարակեց Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի գործով ծառայողական քննություն անցկացնելու մայիսի 22-ի իր առաջարկի արդյունքները: Կարեն Հեքիմյանի հետ պատահածին անդրադարձել էինք «Առավոտի» մայիսի 9-ի համարում՝ «Կարո՞ղ ա վսյո տկի էն «Նիվեն» դու ես վառե» հրապարակման մեջ: Նման հարցեր էին ուղղել նրան՝ մայիսի 5-ին բերման ենթարկելով Շենգավիթի ոստիկանություն եւ այնտեղ պահելով շուրջ 7 ժամ: Կատարվածի ու նաեւ մարտի 26-ին իրեն Հյուսիսային պողոտայից ոստիկանություն բերման ենթարկելու եւ այնտեղ 3,5 ժամ պահելու կապակցությամբ Կարեն Հեքիմյանը դիմել էր Պաշտպանին: Վերջինիս՝ ոստիկանության ուղարկած պատասխանից պարզվել էր, որ ի դեմս իրավապահների՝ լրագրողներս մրցակից ունենք: ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալը հունիսի 17-ին գրությամբ հայտնել էր, թե Կարեն Հեքիմյանը ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվել, քանի որ մարտի 1-ին գտնվել է իր ընկերոջ տանը՝ Մաշտոցի պողոտայում, «Ռոբերտո» խանութի շենքում. «Հեքիմյանն ինչպես վերջինիս բնակարանից, այնպես էլ փողոցում, դիտել է անկարգությունները: Կ. Հեքիմյանին ոստիկանության Շենգավիթի բաժին հրավիրելը նպատակ է ունեցել նրա հետ հարցազրույց անցկացնելու»: Արմեն Հարությունյանն էլ արձանագրել էր, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում «հրավիրվածի» կարգավիճակ կամ հարցազրույց, եւ ընդհանրապես՝ քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ուստի Պաշտպանը հունիսի 25-ին որոշում էր կայացրել՝ Կարեն Հեքիմյանի «իրավունքների խախտում տեսնել ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնի բաժնի եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների գործողություններում, եւ ՀՀ ոստիկանության պետ Ա. Սարգսյանին առաջարկել է նշված փաստերի առթիվ մեղավոր պետական պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված կարգով ենթարկել պատասխանատվության եւ 20-օրյա ժամկետում արդյունքների մասին տեղեկացնել իրեն»:

Թվում էր, թե Կարեն Հեքիմյանը, որ դեռ մայիսի 10-ին էր մեր թերթում դժգոհել Պաշտպանի անգործությունից եւ հայտնել, որ դատարանում վիճարկելու է այն՝ այժմ պիտի գոհ լինի: Սակայն նա հուլիսի 3-ին Արմեն Հարությունյանին գրավոր հայտնել է, որ որոշումը «չի բավարարում իմ ակնկալիքները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից»: Հիմնավորումը մասնավորապես հետեւյալն է. «Իմ՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման ընթացքում եւ հետեւանքով կրած բարոյական կորուստների համարժեք հատուցման մասին որեւէ առաջարկ չկա»: Կարեն Հեքիմյանը նաեւ խնդրել է պարզաբանել. «Ո՞ր պաշտոնատար անձը կամ պետական մարմինը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ կոնկրետ միջոցառումների արդյունքում կարող է վերականգնել իմ՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման ընթացքում ու հետեւանքով կրած կորուստները»: Ու նաեւ՝ «Կարո՞ղ է արդյոք Ձեր որոշումը որպես նախադեպ կիրառվել հարյուրավոր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք նույնպես բազմաթիվ համանման օրինախախտումներով ենթարկվել են հետապնդումների»:

Այդ քաղաքացիներից մեկը, որ Կարեն Հեքիմյանի կուսակիցն է՝ Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ Մկրտչյանը, հուլիսի 3-ին նույնպես դիմել է Արմեն Հարությունյանին: Թաթուլ Մկրտչյանն էլ էր մարտի 26-ին Հյուսիսային պողոտայից բերման ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն, այնտեղ պահվել 3 ժամից ավելի: Հետո նրան տեղափոխել էին Նոր Նորքի ոստիկանություն եւ ազատ արձակել միայն մարտի 27-ին՝ ժ 1:50-ին: Նույն օրն իսկ Թաթուլ Մկրտչյանը Կարեն Հեքիմյանի հետ միասին դիմել էր Պաշտպանին՝ հայտնելով, որ խախտվել են իր իրավունքները: Սակայն մայիսի 26-ին պատասխան էր ստացել, թե որոշվել է դադարեցնել իր բողոքի քննարկումը։ Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարն այժմ իր դիմումում նշել է. «Հյուսիսային պողոտայից ինձ եւ Կարեն Հեքիմյանին ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել միաժամանակ ու նույն «Ուազ» մեքենայով: Ես եւ Կարեն Հեքիմյանը շահերի նույն պաշտպանին ենք հրավիրել, որի նկատմամբ խախտվել է ՀՀ օրենսդրությունը, ինչի հետեւանքով թե՛ ես, թե՛ Կարեն Հեքիմյանը զրկված ենք եղել պաշտպանության իրավունքից»: Եվ խնդրել է Արմեն Հարությունյանին պարզաբանել. «Արդյոք, ըստ Ձեզ, Կարեն Հեքիմյանը ՀՀ քաղաքացի է, իսկ ես՝ ո՞չ», «Արդյոք, ըստ Ձեզ, Կարեն Հեքիմյանը ունի մարդու իրավունքներ, իսկ ես՝ ո՞չ», «Արդյոք, ըստ Ձեզ, ՀՀ օրենքները տարածվում են միայն Կարեն Հեքիմյանի՞ վրա, եւ արդյոք ՄԻՊ-ը կոչված է պաշտպանելու միայն Կարեն Հեքիմյանի մարդու իրավունքները, իսկ իմը՝ ո՞չ», «Ինչո՞ւ Կարեն Հեքիմյանի բողոքի վերաբերյալ Ձեր 25.06.2008թ. որոշումը որպես նախադեպ չկիրառեք ինչպես իմ, այնպես էլ բազմաթիվ այն քաղաքացիների նկատմամբ, որոնց իրավունքները խախտվել են հետընտրական շրջանում»:

Մեր զրույցի ընթացքում Թաթուլ Մկրտչյանն իր բացատրությունը տվեց, թե ինչու է նման խտրական մոտեցում կիրառվել Պաշտպանի կողմից: Կարեն Հեքիմյանը մայիսի 27-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ հայտնելով, որ Պաշտպանից աջակցություն չի ստացել, նա ոչ մի որոշում չի կայացրել: Եվ պահանջել է, որ դատարանը պարտավորեցնի Պաշտպանին կատարել «իր պարտականություններից բխող գործողությունները»: Ըստ Թաթուլ Մկրտչյանի, այս հայցը «մի փոքր սթափեցրել է Պաշտպանին, ու նա մտել է իր բուն պարտականությունների մեջ ու տեսել մարդու իրավունքների խախտում»: Նաեւ պնդեց, որ Հեքիմյանի հետ զրույցի ընթացքում Արմեն Հարությունյանն ասել է, թե ինքը պաշտպանում է այն քաղաքացու իրավունքները, որը կարողանում է ինքն իրեն պաշտպանել: «Սա թույլ է տալիս ասել, որ կամայական մոտեցում է ցուցաբերվում,- գնահատեց Թաթուլ Մկրտչյանը:- Ավելին՝ մարդը սպասեց, որ իրեն ճնշեն մինչեւ դատարանի դուռը՝ նոր կարողացավ հստակ կատարել իր պարտականությունները»: Հայտնեց, թե Պաշտպանի գրասենյակում կարծում են, որ իշխանությունն իրենց դեմ է՝ դրա համար է Վարչական դատարանն այդ հայցն ընդունել վարույթ, թեեւ չուներ դրա իրավունքը. «Այսպիսով փորձում է ստվերել, որ քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում ինքն ուներ պարտականություն, որը չէր կատարել: Ու մենք ամեն կերպ փորձելու ենք նրան բերել իր պարտականությունների ճիշտ դաշտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել