Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբեր 31,2008 00:00

\"\"Ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ այլ բացատրություն չգտնելով այս փուլում հանրահավաքների կասեցման համար:

«Ղարաբաղի շուրջ կատարվող զարգացումն այսօր կրիտիկական է եւ զգալիորեն տարբերվում է մինչ օրս եղած գործընթացից»,- պատասխանելով «Առավոտի»՝ իսկապե՞ս ԼՂ հարցում այդքան օրհասական վիճակ է հարցին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Տիկին Խառատյանը կարծում է, որ այսօր ՌԴ կողմից ակտիվ նախաձեռնություն կա՝ հարցի լուծումն ամբողջությամբ իր ձեռքը վերցնելու. «Ռուսաստանն աշխարհին ուզում է համոզել, որ ինքը միայնակ խաղացող է եւ որեւէ երկրի հետ չի քննարկելու իր անելիքները: Սա ամբողջ օգոստոսին ՌԴ-ի քաղաքական հռետորության բառամթերքն էր Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի իրադարձությունների ժամանակ: Այսօր ինքը գործողություններով ցանկանում է եւս մեկ ակորդ անել: Բայց քանի որ հայ ժողովուրդն ունի Ռուսաստանի միջամտության ոչ միայն պատմական, այլեւ ներկայիս ակտիվ փորձը, այդ թվում նաեւ՝ Ղարաբաղի հետ կապված, մասնավորաբար «Կոլցո» օպերացիան եւ պատերազմական գործողությունների ընթացքում ՌԴ այլ դերակատարումները, ինչպես նաեւ ԵԽ-ում Հայաստանի հարցերի քննարկման ժամանակ Ռուսաստանի դիվանագիտական պահվածքը, շատերի համար ակնհայտ է, որ այս պահին Ռուսաստանը ԼՂ հարցն ինքնուրույն որոշելու եւ աշխարհին իր քաղաքական դերակատարությունը սեփական նկատառումներով եւ պատկերացումներով փաստելու ճանապարհին ակնհայտ անում է այն, ինչը Զատուլինը հայտարարել է իբրեւ պատրաստի փաթեթ: Խոսքը ազատագրված յոթ շրջանների վերադարձի մասին է եւ Արցախի վերաբերյալ շատ անորոշ ու մշուշոտ ձեւակերպման»:

Այս ամենից ելնելով՝ մեր զրուցակիցը գտնում է, որ մոտ ժամանակներս Ռուսաստանը կհայտարարի իր կողմից Արցախի ճանաչման մասին: Ավելին, տիկին Խառատյանը չի բացառում, որ Ռուսաստանն ինքը ԼՂԻՄ նախկին տարածքը կդարձնի ռազմական գործողությունների բեմ, եւ կանխատեսում է քիչ ավելի վտանգավոր զարգացումներ, քան հիմա հնարավոր է պատկերացնել: Նա ԼՂ հարցի ներկայիս վիճակը կրիտիկական է համարում նաեւ այն իմաստով, որ մեր երկրի ներքաղաքական զարգացումները բերեցին մի իրավիճակի, երբ իշխանությունը բնակչության հետ չի կարող խնդիր քննարկել, իսկ բնակչության պաշտպանությունն ունենալու մասին խոսելն անգամ ծիծաղելի է: «Ճնշումները հիմա շատ ակտիվ են եւ ելնելով նրանից, որ մեր իշխանության պահվածքը ոչ թե Հայաստան պետության ու քաղաքական դիվանագիտական ներկայություն է, այլեւ անընդհատ մի փոքր խմբի շահերի բախում հասարակության մի մեծ մասի հետ, ապա ես հիրավի կրիտիկական եմ համարում ԼՂ հարցի շուրջ ներկայումս ընթացող զարգացումները: Սա մեր 20 տարիների դիվանագիտության խայտառակ պասիվության արդյունքն է: Մեր դիվանագիտությունն ուղղված էր միայն ցեղասպանության խնդրի ճանաչմանը, բայց այդ հարցում էլ շատ ավելի մեծ դեր են խաղացել տարբեր երկրներում հայկական համայնքների լոբբինգային գործողությունները, քան մեր դիվանագիտական քայլերը: Եթե մեր ներքին քաղաքական իրավիճակում իշխանությունները գոնե 50%-ով պահեին իրենց իսկ հայտարարած կուրսը՝ ժողովրդավարություն, ազատություն եւ այլն, այսօր Հայաստանն այսպիսի ծանր ճնշումների տակ չէր լինի»,- ասում է Հ. Խառատյանը:

Ի պատասխան «Առավոտի» դիտարկման, որ մեղադրել միայն իշխանություններին ռուսամետության կամ ռուսատյացության մեջ՝ արդարացի չէ, քանի որ վրացական իրադարձություններից հետո, երբ իշխանությունը դեռ հապաղում էր, ընդդիմությունն առաջինը գովեստի խոսքեր հնչեցրեց ՌԴ քաղաքական վերակենդանացման մասին, Հրանուշ Խառատյանն ասաց. «Ես ոչ ընդդիմություն եմ, ոչ՝ իշխանություն, ես խոսում եմ իմ անունից: Նույնիսկ եթե ակտիվ կամ կոշտ ընդդիմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն է, ապա այս պահին Տեր-Պետրոսյանի կողմից հանրահավաքային ակտիվությունը կասեցնելը, իմ կարծիքով, նույնքան դավաճանական է, որովհետեւ հենց այդ հանրահավաքում հավաքվող մարդկանց զգալի մասսան գիտակցված կողմ է ԼՂ խնդրում վճռական պահվածքի: Այս պահին այդ մարդկանց պասիվ իրավիճակի մղելով, կարծում եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանը զգալի չափով կամ նպաստում է իշխանությանը՝ Ղարաբաղի խնդրի բացասական ճանապարհով լուծմանը, կամ համագործակցում է իշխանության հետ: Մասամբ՝ գուցե այն պատճառով, որ դա հենց իր ծրագիրն է, մասամբ էլ՝ գուցե այլ նկատառումներով»: Ուրեմն ի՞նչ է սպասվում Հայաստանին այս իրավիճակում, երբ ակնհայտ է ռեալ վտանգը, եւ դա «կանխարգելելու» հարցում իշխանության ու ընդդիմության տեսակետները համընկնում են, այսինքն՝ երկուսն էլ կողմ են տարածքների վերադարձին. «Հասարակությունում՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից, զգալի վճռականություն կա ԼՂՀ հարցում միասնական լինելու: Մեր կյանքի ամենօրյա զոհողությունները վերջապես հանուն Ղարաբաղի են: Հայաստանի սովորական քաղաքացիների ամենօրյա գիտակցված զրկանքները հանուն Ղարաբաղի են: Այդ վճռականությունը կա եւ կարտահայտվի»: Հնարավո՞ր է, որ այս փուլում էլ ԼՂՀ հարցը դառնա Հայաստանում իշխանափոխության հիմք. «ԼՂՀ հարցը Հայաստանում միշտ իշխանափոխության կամ իշխանաանցնելու հիմք է եղել. այն կամ շահարկվել է, կամ սատարվել՝ այս կամ այն կերպ եւ անձերի իշխանության գալու հարցում դեր է խաղացել: Չեմ բացառում, որ առաջիկայում էլ նման ընթացք կունենանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել