Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ» ՎՏԱՆԳԱՇԱՏ ԿՅԱՆՔԸ

Հունվար 31,2009 00:00

\"\"Ոսկեհատում ապրում են միայն սուր զգացողությունների սիրահարները

Ձմեռ թե ամառ՝ ոսկեհատցի 17 ընտանիք տուն է մտնում միայն գիշերը՝ քնելու: Թերեւս, քնելը մեղմ է ասված, որովհետեւ հանգստի այս պարտադիր եւ կենսականորեն անհրաժեշտ ձեւից օգտվում են հիմնականում փոքրերը, իսկ մեծերը պահակություն են անում, որ երեխաները հանկարծ սողունների, կրծողների կամ, պարզապես՝ դժբախտ պատահարի զոհ չդառնան:

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի երկհարկանի այդ տանն ապրելն ուղղակի հերոսություն է: Սա մի շենք է, որն ամեն պահի ենթակա է փլուզման: Դրա վտանգը զգում են հատկապես ինքնաթիռների թռիչքի ժամանակ, երբ «վիբրացիայից» շենքի խարխուլ պատերը շարժվում են: Այդպիսի մի թռիչքի ժամանակ էլ պատերից հեռացավ 2-րդ հարկի բնակիչ Նարինե Խաչատրյանի տան առաստաղը: «Միշտ լարված վիճակում ենք, պատրաստ՝ ամեն րոպե դուրս թռչելու: Այսպես՝ պրկված նյարդերով ինչքա՞ն կարելի է ապրել: Էլ դիմադրողականություն էլ չունենք, տարվա կեսը հիվանդ ենք»,- ասում է Նարինե Խաչատրյանը, ում ընտանիքն այս շենքում է արդեն 30 տարի:

Միայն Նարինեի տան պատերը չեն, որ բաժանված են իրարից. դա համընդհանուր ցավ է: Ճեղքերն այնքան լայն են, որ դրանցով անարգել ելումուտ են անում մկներն ու առնետները: Մի անգամ նույնիսկ առաստաղի բացվածքից օձ է կախվել 2-րդ հարկի մեկ այլ բնակչի՝ Հակոբ Հակոբյանի 10-ամյա որդու վրա: «Բազմոցին նստած հեռուստացույց էինք նայում, երբ անկոչ հյուրի պես վերեւից իրեն ցած գցեց: Մտածելու ժամանակ չունեի՝ սողունի գլխից բռնեցի ու դուրս թռա»,- հիշում է նախկին ազատամարտիկը:

Իսկ Ռազմիկ Եղիազարյանը հացն այլեւս սեղանին չի թողնում. աչքը վախեցել է: Պատմում է, թե ինչպես է առնետը սեղանին դրած հացն ու երշիկը՝ այդ օրվա իր ուտելիքը, թռցրել այն պահին, երբ ինքը շրջվել է ջուր խմելու:

Տրագիկոմիկ իրավիճակում հայտնված բնակիչների պատմությունները հաջորդում էին իրար: Հատկապես վերջին պատմությունից փոքր-ինչ բարձրացած տրամադրությունս նկատելով, բնակիչներից մեկն առաջարկեց մեկ օր ապրել իրենց հետ. «Դրանից հետո կտեսնենք՝ կլացե՞ս, թե՝ կծիծաղես»:

Ոսկեհատի երկհարկանին 1932թ. կառույց է, կիսով չափ՝ փայտաշեն: «Հայսեյսմշին»-ը երկու անգամ՝ 1997 եւ 2002 թվականներին տեղազննել է այն եւ, ի տարբերություն 1997-ի, 2002-ին ի հայտ բերել նոր արատներ, որի հիման վրա շենքի վնասվածության աստիճանը գնահատվել է 4-րդ կարգի վթարային: Դրան հաջորդել է բնակիչներին անհապաղ տարհանելու որոշումը:

Նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը բնակիչներին նոր բնակարաններով ապահովելն ու նրանց տարհանելը վստահել է Ոսկեհատի գյուղապետ Գեւորգ Ներսիսյանին՝ Գարեգին Բ կաթողիկոսի եղբորը: Ի դեպ, Ոսկեհատը նաեւ կաթողիկոսի հարազատ գյուղն է: Այստեղ է գտնվում նրա հայրական տունն ու առանձնատունը, որտեղ շատ հաճախ է հանգստանում Վեհափառ հայրապետը: Գյուղապետն էլ գյուղացիներին իր իմացած տեղն է առաջարկում՝ Ոսկեհատի ճանապարհին գտնվող Գյուղակադեմիայի նախկին հանրակացարանի վթարային շենքը:

«Ցեխից դուրս գալու՝ ցեխաջուրն ընկնելու» մտավախությունը 17 ընտանիքի ետ է պահում իրենց բնակարանները լքելու եւ հանրակացարան տեղափոխվելու մտքից: «Մեզ տեղափոխելով հարցը կհամարեն լուծված ու ձեռքները կլվանան»,- իրենց քայլն այսպես բացատրեցին բնակիչները, որոնց խնդրանքով եղանք նաեւ իրենց առաջարկվող հանրակացարանի շենքում:

1988-2001թթ. փախստականներով բնակեցված, ուսանողական նախկին հանրակացարանի շենքի մասին կարծիք կազմելու համար ներս մտնելը բոլորովին պարտադիր չէր: Քարե ավերակների մի կույտ էլ սա էր՝ ոչ դուռ ու լուսամուտ կար, ոչ ջուր ու կոյուղագիծ, ոչ էլ նորմալ տանիք… Եթե սրանց էլ հավելենք քայքայված ու խոնավությամբ ներծծված պատերը՝ պատկերն ավելի ամբողջական կդառնա:

Ոսկեհատցի 17 ընտանիքները իրենց խնդրով մի քանի անգամ անհանգստացրել են նաեւ հայրենի իշխանություններին: Լսել են, նամակներն ընդունել ու… թողել՝ պատասխանին սպասող: «Կարծես սպասում են մի բան լինի, որ գան՝ զոհերի թիվը հաշվեն»,- եզրակացրին հուսահատ բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել