Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքը շատ խնդիրներ ունի

Հուլիս 31,2009 00:00

\"\"Կառավարության տրամադրած 72 միլիարդ դրամը լուծելու է դրանց մի մասը միայն

Հունիսի 26-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում անցկացվեց ՀՀ կառավարության արտագնա նիստ, որի ժամանակ հաստատվեց մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը եւ մարզին հատկացվեց մոտ 72 միլիարդ դրամ: Երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարեց, որ մարզում շատ խնդիրներ կան, բայց դրանք կլուծվեն կառավարության տրամադրած նշված 72 միլիարդ գումարով եւ կառավարության հաստատած ծրագրով: «Առավոտը» քանիցս անդրադարձել է Սյունիքում գարնանը արձանագրված ցրտահարություններին: Ըստ մարզպետի, դրանց պատճառած վնասների ակտերը կազմված են, գյուղացիների կրած վնասը չափվում է միլիարդներով, սակայն նշված 72 միլիարդից տուժածները չեն օգտվի, թեեւ մարզպետը հայտարարեց, որ մարզում այս տարի գյուղատնտեսության վիճակը վատ է հենց ցրտահարությունների հետեւանքով:

Մենք բազմիցս անդրադարձել ենք նաեւ Սյունիքի հանքարդյունաբերական ձեռնարկությունների վիճակին: Հենվելով ձեռնարկությունների օտարերկրյա ղեկավարների խոսքերի վրա, տեղեկացրել ենք, որ նրանք ճգնաժամի արդյունքում կրճատել են եւ աշխատատեղերը եւ աշխատավարձերը: Վիճակը այնքան լուրջ է, որ Սյունիք այցելեց Սերժ Սարգսյանը, ձեռնարկությունների աշխատողները պարբերաբար գործադուլներ կազմակերպեցին, ձեռնարկությունների ղեկավարներին հանդիպեցին եւ մարզպետը եւ Կապանի քաղաքապետը: Իսկ երեկ Սուրեն Խաչատրյանը հայտարարեց, որ աշխատավարձերի եւ աշխատատեղերի կրճատումներ չկան՝ հանքափորների բողոքները արդյունավետ են եղել, կրճատված աշխատավարձերը բարձրացվել են: «Կարծում եմ բողոքներ էլ չեն առաջանա», հայտարարեց Սուրեն Խաչատրյանը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Սուրեն Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2004 թվականին եւ այս ընթացքում բազմաթիվ անգամ հայտարարել է, թե մտադիր չէ եւ ցանկություն չունի թողնել պաշտոնը: «Ինչո՞ւ եք պարբերաբար նման հայտարարություններ անում», հարցրեցինք Սյունիքի մարզպետին: «Դե որ խոսակցություններ են տարածում, թե ինձ հանելու են, տեղափոխում են, ուրիշ պաշտոն են տալիս, ես ասում եմ, որ Երեւան գնալու խնդիր չունեմ», պարզաբանեց Սյունիքի մարզպետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել