Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՆ ԷՐԻՎԱՆԸ» ԿՀԱՍՆԻ՞ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ

Օգոստոս 31,2011 00:00

\"\"Հոլդինգի սեփականատերը դիմել է դատարան գործարար համբավը վերականգնելու եւ այն արատավորողներին էլ պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Մոտ մեկ ամիս է՝ հանրության ուշադրության կենտրոնում է «Յունիբանկի» եւ «Հին Էրիվան հոլդինգի» սկանդալային պատմությունը: Բանկի տնօրինությունը պնդում է, որ «Հին Էրիվանը», որպես վարկառու, ժամանակին եւ պարտաճանաչ չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետեւանքով հայտնվել է բանկի անպարտաճանաչ հաճախորդների «սեւ ցուցակում», ռեստորանի սեփականատերն էլ վստահեցնում է, որ այս ամենը պարզապես վերեւներում պետական պաշտոն զբաղեցնող մեկ մարդու ձեռքի գործ է, որն օգտագործելով պետական լծակները՝ փորձ է անում իր «20 տարվա չարչարանքով ստեղծած եւ այսօր բարի համբավ ունեցող ռեստորանը ձեռքից խլել»: «Հին Էրիվան հոլդինգի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը վստահեցնում է, որ իրենք երբեւիցե բանկի վարկի մարումը ոչ միայն մեկ օր, այլեւ 1 ժամ չեն ուշացրել, ուստի «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանի արած հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հոլդինգի գործարար համբավը վնասելուն միտված քայլեր: Բանը հասել էր նրան, որ «Յունիբանկի» եւ «Հին Էրիվանի» միջեւ ծագած վեճը քաղաքացիաիրավական դաշտից տեղափոխվել էր քրեական ոլորտ: 8 ժամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) մնալուց եւ չորս թերթանոց բացատրություն գրելուց հետո օրերս Մանվել Տեր-Առաքելյանն ինքն է դիմել դատախազություն եւ դատարան՝ «Հին Էրիվան հոլդինգին» պարտաճանաչ վարկառու ճանաչելու, իսկ «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանին պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ հոլդինգի բիզնես-հեղինակությանը վնասելու համար: Մանվել Տեր-Առաքելյանը բանկի տնօրենին հորդորել էր զերծ մնալ «զավթողական գործելաոճից եւ ուժի լեզվով» իր հետ խոսելուց, հակառակ դեպքում ինքը ստիպված կլինի հրապարակել այն մարդու անունը, որն իրականում կանգնած է այս ամենի հետեւում, բացի այդ՝ հանրությանը կներկայացնի այնպիսի փաստեր, որոնք վկայում են, թե ինչպես են բանկի այլ հաճախորդներ եւս տուժել Վ. Աթայանի գործելաոճից:
Նկատենք, սակայն, որ ըստ որոշ լուրերի՝ այս ողջ պատմությունն իրականում քաղաքական ենթատեքստ ունի, եւ այդ ամենը Մ. Տեր-Առաքելյանից բիզնեսը խլելու դասական եղանակ է: Մեր տեղեկություններով, այս օրերին պարոն Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությունում արդեն հարկային մարմինները ստուգումներ են սկսել:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մեր երկիր ժամանած բարձրաստիճան հյուրերն այլեւս չեն հյուրընկալվում «Հին Էրիվանում», եւ նրանց այսօր տանում են անգամ «Բելաջիո» ռեստորան, որը որեւէ ազգին հատուկ եւ ուղղվածությամբ ճաշացանկ չունի, միայն թե ոչ մի դեպքում «Հին Էրիվան», Մ. Տեր-Առաքելյանն ասաց. «Պատճառն այն է, որ այսօր բազում ռեստորաններ են բացվել, եւ այսօր մրցակցությունը ռեստորանների միջեւ շատ մեծ է: Զուտ դրանով է պայմանավորված, բացի այդ, կա բազմազանության խնդիր, օրինակ՝ ՌԴ նախագահն արդեն 2 անգամ եղել է «Հին Էրիվանում», հիմա 3-րդ անգամ գալը արդյոք հարմա՞ր է: Դուք ձեր հյուրին 3-րդ անգամ կտանեի՞ք նույն տեղը, չէ՞ որ տարատեսակ ճաշացանկեր կան, եւ կուզեիք, որ դրանք էլ փորձեին»:
«Առավոտը» Մանվել Տեր-Առաքելյանից հետաքրքրվեց նաեւ, թե ում նկատի ունի, երբ հայտարարում է, որ այս պատմության հետեւում պետական պաշտոնյա է կանգնած, ինչին ի պատասխան՝ Մ. Տեր-Առաքելյանը գերադասեց առայժմ անուններ չհրապարակել, միայն ասաց, որ այդ ամենն արվում է Վ. Աթայանի ձեռքով, որն էլ որպես գործիք օգտագործում է «Յունիբանկը». «Ես չէի ցանկանա, որպեսզի Վարդան Աթայանն իր այս գործելաոճով ստվեր գցեր մեր երկրում գործող այլ բանկերի վրա եւս, այսօր մենք ունենք իսկապես ցիվիլ եւ եվրոպական մտածելակերպով բանկեր, որոնք իսկապես օգնում են բիզնեսմենին: Չի կարելի սեփական ամբիցիաները բավարարելու համար այսպես վարվել: Հիմա ինքը երազանքով է նայում եւ պատկերացնում, թե ինչպես է նստելու իմ տեղը եւ այստեղից նայելու: Սակայն ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի վերականգնեմ մեր բարի համբավը, եւ հենց որ մեզ ճանաչեն բարեխիղճ վարկառու, բանկի մնացած գումարները կվճարենք, եւ այս պատմությունը կվերջանա: Ներկայիս մեր շուկայական մրցակցային պայմաններում շատ կարեւոր է գործարար համբավը: Վերջին 20-25 տարին ես նվիրել են «Հին Էրիվանի» կայացմանը: Սա իմ երեխան է, եւ ոչ ոք իրավունք չունի 25 տարվա կայացած կազմակերպությունը հեղինակազրկելու: Այս քաղաքում, հատկապես տղամարդկանց մասով, կա չգրված բարոյական կոդեքս: Ով լսում է այս պատմության մասին, առաջին հերթին հարց է տալիս՝ ո՞վ է սկսել, այսօր ես բոլորին ապացուցում եմ, որ առաջինը Վարդան Աթայանն է սկսել, հայտարարելով, որ «Հին Էրիվանի» Մանվելը սնանկացել է, որ «Յունիբանկն» արդեն բռնագանձել է մեր շենքը, եւ մոտակա ժամանակներս կհայտարարվի «Հին Էրիվանի» նոր սեփականատիրոջ անունը»:
Մեր այն հարցին՝ եթե այնուամենայնիվ հարցը դրական լուծում չստանա, ի՞նչ միջոցների է դիմելու, Մ. Տեր-Առաքելյանն ասաց, որ դիմելու է երկրում գործող դեսպանատներին, միջազգային այլ կառույցների եւ անգամ Եվրադատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել