Դուք գիտե՞ք, թե ով է Էդվարդ Ջերեջյանը: Նա հայտնի ամերիկացի դիվանագետ է, Միջին Արեւելքի խոշոր մասնագետ, Քլինթոնի վարչակազմում պետքարտուղարի խորհրդական: Ահա այդ դիվանագետը ձեւակերպել է փայլուն, իմ կարծիքով, բանաձեւ, թե ինչպես են իսլամիստները վերացնում ժողովրդավարությունը. «Մեկ մարդ՝ մեկ ձայն: Մեկ անգամ»: Խոսքն այն մասին է, որ իսլամական շարժումներն իշխանության են գալիս ընտրությունների միջոցով, որից հետո ամեն ինչ անում են, որ այդ ընտրությունները վերջինը լինեն, որովհետեւ երկիրն, ըստ նրանց, պետք է ապրի շարիաթի օրենքներով, իսկ վերջինիս տեսանկյունից կուսակցությունները, ընտրությունները, խորհրդարանը եւ «սատանայական Արեւմուտքի» այլ հնարքները եթե ոչ ամբողջությամբ են ավելորդ, ապա երկրորդական են եւ անկարեւոր:
Եգիպտոսի խորհրդարանի՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած առաջին նիստը ցույց է տալիս, որ այդ երկիրը շատ մոտ է Ջերեջյանի բանաձեւի իրագործմանը: Սա առաջին խորհրդարանն է, որն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով՝ Մուբարաքի բռնապետական, բայց միանգամայն աշխարհիկ ռեժիմի տապալումից հետո: Ավելի ճիշտ կլինի ասել՝ «կիսատապալումից», որովհետեւ իրական իշխանությունը Եգիպտոսում առայսօր էլ պատկանում է զինվորականներին: Ո՞ւմ են ընտրել եգիպտացիները, այսպես ասած, «սրտի կանչով»: