Լրահոս
Օրվա լրահոսը

Աբխազական երկաթուղու հարցում գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն է

Փետրվար 13,2013 14:03

Ըստ Վրաստանի խորհրդարանի մեծամասնության՝ «Վրացական երազանք-Հանրապետականներ» ֆրակցիայի ղեկավար Դավիթ Բերձենիշվիլիի՝ Սաակաշվիլիի «մասնավոր կարծիքը» այնքան էլ կարեւոր չէ:

– Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մի քանի անգամ արդեն դեմ է արտահայտվել աբխազական երկաթուղու վերագործարկմանը, օրերս էլ նա կրկին նշեց, թե երկաթուղու վերագործարկումը հնարավոր է դրա ազատագրմանը զուգահեռ։ Մինչդեռ Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին կարծում է, որ եթե խոսքը գնա երկաթուղու վերագործարկմանը, այլ ոչ թե այլ թեմայի, ապա այդ գործընթացը կարող է «ազատագրմանը» մաս կազմել, այլ ոչ թե զուգահեռաբար ընթանալ: Պարոն Բերձենիշվիլի, Դուք ի՞նչ եք մտածում այս խնդրի շուրջ:

– Նախեւառաջ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության օրակարգը ձեւավորում է Վրաստանի ներկայիս իշխանությունը, այնպես որ՝ թե ինչ է հայտարարում պարոն Սաակաշվիլին, այդքան էլ կարեւոր չէ: Ավարտին է մոտենում նրա նախագահության շրջանը, կառավարությունը՝ ի դեմս նոր կոալիցիայի՝ «Վրացական երազանքի», վարչապետի, վերաինտեգրման հարցերով պետնախարարի եւ խորհրդարանի դիրքորոշումները ավելի կարեւոր են, քան պարոն Սաակաշվիլիի համարյա մասնավոր կարծիքը: Մյուս կողմից՝ մենք չենք ակնկալում, որ աբխազական երկաթուղու վերագործարկումը կարճաժամկետ հնարավորություն է, մենք պարզապես հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք համագործակցել այս ուղղությամբ, մենք բավական նախաձեռնություններ ունենք Աբխազիայի ուղղությամբ: Կարծում եմ՝ գլխավոր խոչընդոտը աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ ոչ թե պարոն Սաակաշվիլիի հայտարարություններն են, այլ Ռուսաստանի դիրքորոշումն է, որը, կարծում եմ, այնքան էլ հետաքրքրված չէ այդ երկաթուղու վերագործարկմամբ:

Աբխազական երկաթուղու բացումը ձեռնտու է Հայաստանին՝ սա հասկանալի է, ձեռնտու է Վրաստանին, քանի որ այդտեղ վրաց-աբխազական հարաբերություններն են, դա ճանապարհ է, որը կապում է Սուխումն ու Թբիլիսին, եւ դա ձեռնտու չէ Ռուսաստանին։ Այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք լինելու աշխատել նաեւ այս ուղղությամբ՝ մեծացնել աբխազական հետաքրքրությունը աբխազական երկաթուղու վերագործարկման եւ ընդհանրապես՝ Աբխազիայի բացման համար: Աբխազիան մի կողմից՝ հանդիսանում է այն տարածքի մասը, որտեղ գերիշխում է Ռուսաստանը, մյուս կողմից՝ աբխազները չեն պատրաստվում Ռուսաստանի Կրասնոդարի մարզ դառնալ: Աբխազիայում կարիք կա գտնելու ներքին եւ արտաքին հենքերի՝ Ռուսաստանից նվազ կախվածությունը ուժեղացնելու նպատակով: Դրա համար էլ նրանք (Ռուսաստանի իշխանությունները) հասկանում են, որ աբխազական երկաթուղին մեծացնում է Աբխազիայի հնարավորությունները՝ իր տեղը գտնելու ոչ միան հետխորհրդային տարածքում, այլեւ մեծ տարածաշրջանում։ Աբխազիայի բացման ուղղությամբ Եվրամիության, Վրաստանի շահագրգռվածությունը, Հայաստանի հետաքրքրվածությունը աբխազական երկաթուղու վերագործակման ուղղությամբ նույն կարգի գործոններ են։ Մյուս կողմից՝ կարծում եմ, Հայաստանը պետք է աշխատանք տանի Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանն է այս պահին գլխավոր խոչընդոտը աբխազական երկաթուղու վերագործարկման հեռանկարների հարցում:

– Մեր քաղաքական դաշտում լայնորեն քննարկվում են հայ-վրացական հարաբերությունների խորացման հնարավորությունները, մասնավորապես՝ Իվանիշվիլիի այցի օրերին Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ պետք է լինեն ոչ միայն բարիդրացիական եւ գործընկերային, այլեւ պետք է կրեն ռազմավարական բնույթ, եւ որ ժամանակն է երկու երկրների միջեւ սկսել «ռազմավարական երկխոսություն»: Նա նշել էր, որ հայ-վրացական հարաբերությունների հետագա խորացման համար անհրաժեշտ է ավարտին հասցնել հայ-վրացական սահմանի սահմանազատման հարցը եւ ստորագրել այդ ուղղությամբ համաձայնագիր, ինչպես նաեւ հայ-վրացական օրակարգում պետք է լինի (հաշվի առնելով, որ արդեն ԵՄ երկրների համար Հայաստանը վերացրել է վիզային ռեժիմը) ընդհանրապես հայ-վրացական սահմանից բոլոր տեսակի անցակետերը վերացնելու հարցը։ Այս դրույթների իրագործումը ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է:

– Այո, ես համակարծիք եմ Դ. Շահնազարյանի հետ, սահմանի սահմանազատման հարցը բավական երկարաձգվեց, Վրաստանը Հայաստանի հետ, ինչպես եւ Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ չունի հստակ սահմաններ, սահմանազատումը չի ավարտվել, այդ իսկ պատճառով, այո, սա այն հարցերից մեկն է, որը կարող ենք եւ պարտավոր ենք լուծել: Ինչ վերաբերում է վիզային ռեժիմին, բնական է՝ Վրաստանը Հայաստանի հետ վիզային ռեժիմ չունի, բայց ինչքան ավելի հեշտացվի սահմանի անցման գործընթացը՝ այնքան ավելի լավ կլինի։ Այնպես որ, այս հարցում առանձնապես խնդիր չեմ տեսնում, առավել եւս, որ Հայաստանից Վրաստանի տարածքով է անցնում ապրանքների մի զգալի մասը, իսկ ամռանը մեծ թվով հայաստանցիներ իրենց հանգիստն են անցկացնում Բաթումում: Ուստի, այո, մեր փոխհարաբերությունները, իհարկե, նորմալ են, բայց կարող են դառնալ ավելի սերտ:

– Անցյալ շաբաթ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետք է հանդես գար ամենամյա հաշվետվությամբ Թբիլիսիի Ազգային գրադարանում, բայց այն այդ վայրում հետաձգվեց՝ բախումների պատճառով: Հայտնի է, որ դա տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների շուրջ հակասությունների ֆոնին, որոնք առաջարկել է «Վրացական երազանքը», եւ առնչվում են նախագահի լիազորությունների, իրավունքների սահմանափակմանը եւ Քութայիսից խորհրդարանի տեղափոխմանը Թբիլիսի: Ի՞նչ իրավիճակ է այսօր Վրաստանի քաղաքական դաշտում, պարոն Բերձենիշվիլի:

– Փետրվարի 8-ի երեկոյան Սաակաշվիլին հայտարարեց, որ պատրաստվում է խորհրդարանում հրաժարվել իր իրավունքից՝ արձակել կառավարությունը եւ նոր կառավարություն կազմել՝ առանց խորհրդարանի հավանության. Վրաստանի ներկայիս Սահմանադրության մեջ կա այդպիսի հոդված՝ առանց խորհրդարանի իմացության նա ոչ միայն կառավարության հրաժարական է ներկայացնում, այլեւ նշանակում է նոր կառավարություն, որը մի քանի ամիսների ընթացքում կարող է ղեկավարել երկիրը՝ չունենալով լեգիտիմություն։ Նա նշեց՝ կողմ է այդ լիազորությունների վերանայմանը։ Ցավոք, եթե նա լիներ այդ համոզմունքին փետրվարի 6-ին, երբ խորհրդարանում բանավեճ էր՝ փետրվարի 8-ին Ազգային գրադարանի շուրջ իրադարձությունները չէին լինի։

Խորհրդարանում երկու նախագիծ է շրջանառվում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ. մեկը նախագահի լիազորություններին է առնչվում, այս հարցում կարծես այլեւս խոչընդոտներ չկան, իսկ մյուսը վերաբերում է խորհրդարանի գործունեության վայրին։ Գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ խորհրդարանը գործում է Քութայիսում, մինչ այդ խորհրդարանի գործունեության վայրի ամրագրում չկար. որպես կանոն, խորհրդարաններն աշխատում են մայրաքաղաքներում, եւ կարծում եմ՝ պետք է շարունակի աշխատել մայրաքաղաքում։ Այս հարցով տարբեր դիրքորոշումներ կան «Վրացական երազանքի» եւ «Ազգային շարժման» միջեւ, այս թեման բաց կմնա մինչեւ փետրվարի վերջ-մարտ նախատեսված քվեարկությունը: Ամենայն հավանականությամբ մեկ հարցով փոխզիջում կլինի, իսկ խորհրդարանի գործունեության վայրի հարցով՝ ցույց կտան քվեարկության արդյունքները։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728