Տարոն Մարգարյանի պատասխանը` Նաիրա Զոհրաբյանին. «Ինձ թվում է ես այստեղ պարզ ճակատով եմ»

Տարոն Մարգարյանի պատասխանը` Նաիրա Զոհրաբյանին. «Ինձ թվում է ես այստեղ պարզ ճակատով եմ»

Երեկ Երեւանի ավագանու քարոզարշավի մեկնարկին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած միջոցառման ժամանակ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատի ունենալով գործող իշխանություններին, ասաց. «Աշխատեիք այնպես, որ չվախենայիք գնալ ժողովրդի հետ հանդիպման: Իսկ մենք բաց ճակատով ենք գնալու հանդիպման յուրաքանչյուր երևանցու հետ»: Տիկին Զոհրաբյանը նաեւ հավելոց. «Մենք մունետիկներ չենք ուղարկելու Երևանի բակերը, որպեսզի երևանցուն պատրաստեն ինչ-որ մի անձի գալուն»:

Այսօր Aravot.am-ի հարցին` դուք բաց ճակատով եք եկել հանդիպման, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց. «Ես կցանկանայի քարոզարշավի ժամանակ ոչ մեկի չվիրավորել եւ մեր թիմը հակված է պարզ, նորմալ քարոզարշավ իրականացնելու: Մենք ոչ թե քաղաքական քարոզարշավ ենք իրականացնում կամ քաղաքական խնդիր ենք լուծում, այլ Երեւան քաղաքի համար կառավարիչ ենք ընտրում եւ այն թիմն ենք ընտրում, որը կկառավարի հաջորդ չորս տարիներին Երեւան քաղաքը, կկարողանա երեւանցու դարդ ու ցավով ապրել եւ Երեւանն ավելի զարգացնել, երեւանցու պահանջն ավելի իրական դարձնել, որ բոլորիս երազած Երեւանը մենք ունենանք: Իսկ ինչ մնում է պարզ ճակատին…ինձ թվում է ես այստեղ պարզ ճակատով եմ` ողջ Երեւանում եւ ոչ միայն այսօր, այլ իմ ամբողջ գործընթացի ժամանակ` թե թաղապետ լինելու, թե քաղաքապետ լինելու: Ինձ համար հոգեհարազատ է մեր քաղաքացիների հետ անմիջական շփումը, մեր քաղաքացիների դարդուցավը լսել անմիջական շփումից, այլ ոչ թե միայն նամակագրությամբ»:

Ի դեպ, հանդիպմանը ներկա էին բացառապես ՀՀԿ-ականներ: Այդ դիտարկմանը Մարգարյանը պատասխանեց, որ կարող են նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ էլ լինեն, բայց ինքը եկել է հանդիպելու ոչ թե որեւէ կուսակցության անդամների, այլ Երեւանի բնակիչների հետ ու նաեւ ՀՀԿ անդամներն են Երեւանի բնակիչներ, հետեւաբար, դրանում տարօրինակ ոչինչ չկա:

Նախորդ օրը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի հիմնական մրցակիցն ՕԵԿ-ն է լինելու` քաղաքապետի իր թեկնածու Արմեն Երիցյանով: Aravot.am-ը հետաքրքրվեց` Տարոն Մարգարյանն ՕԵԿ-ին ու Արմեն Երիցյանին մրցակից համարո՞ւմ է: «Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին: Սա մրցակցություն է եւ մայիսի 5-ից հետո արդյունքները պարզ կլինեն: Սա պատերազմ չի, որ հաղթենք կամ չհաղթենք: Ընդամենը մրցակցություն է եւ քաղաքացին է իր վստահությունը տալիս: Ինձ թվում է, մենք փաստացի աշխատանքով ենք այս տարիների ընթացքում Երեւան քաղաքում ասել, ոչ թե խոսքով: Երեւանցիները տեսել են մեր աշխատանքը ու կարծում եմ, որ մայիսի 5-ին… »:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ani says:

    Ես չգիտեի, որ Երևանցու երազած Երևանը քանդած փակ շուկայով, աղավաղված ճարտարապետական դեմքով, զարհուրելի քաղաքային տրանսպորտով քաղաք ունենալն էր: Պարոն Մարգարյան, ցավոք, Դուք Ավան համայնքից բացի էլ ոչ մի տեղ չկարողացաք աշխատել: Երևանի մասշտաբները Ձեր ուժերից վեր էին:

    • Artak says:

      Ani Տարոն Մարգարյանը դեռ շատ ավելին էլ կարող է անել, նրա ուժերը շաաատ ավելլին կհերիքնե, որը կլինի ոչ միայն ի նպաստ երևանցու, այլ ամբողջ հայ ազգի…հուսով եմ այդ օրը շուտ կգա,,,

  2. Տիգրան says:

    Եթե իսկապես ուզում եք ճանաչել ինքներդ ձեզ, եթե իսկապես ուզում եք իմանալ ժողովուրդի մեծամասնության կարծիքը ձեր և ՀՀԿ-ի մասին, ապա պարզապես կարելի է գոնե այս անգամ չկեղծել ընտրությունները…

  3. Լիլիթ says:

    Զարմանում եմ,գիտեք? Մեր ժողովուրդը երբեմն արդեն չի նկատում լավը,խճճվել է կենցաղային տարաբնույթ հարցերում ու…կորցրել լավատեսությունը…Տարոն Մարգարյանը,թերևս ,այն եզակի քաղաքական գործիչներից է ,ով ականջալուր է ժողովրդի կողմից բարձրացված հարցերին,որոնք ,կարող եմ հավաստել,որ հնարավորության սահմաններում հանգուցալուծում են ստանում…Երանի ,որ բոլոր գործիչները Տարոն Մարգարյանի քաղաքականությունը որդեգրեին:

  4. Նառա says:

    Սիրում եմ մեր քաղաքապետին…շատ հստակ ու բովանդակային պատասխաններ է տվել..դե աշխատանքի մասին չեմ էլ ուզւոմ խոսել…բոլորս ենք տեսնում ինչքան է գեղեցկացել Երևանը…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք