Լրահոս
Օրվա լրահոսը

Հ1-ը զբաղված է «գռդոնով»

Ապրիլ 19,2013 10:28

«Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին». սա ամրագրված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի 28-րդ հոդվածում: Նույն օրենքում կարդում ենք նաեւ, որ Հանրային հեռուստառադիոընկերությունն ստեղծում է պետությունը՝ ապահովելու համար քաղաքացիների սահմանադրական իրավունքը, այսինքն՝ ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, զվարճալի եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվություն: Թե որքանով են ՀՀ քաղաքացիները Հ1-ի եթերից կարողանում իրացնել իրենց սահմանադրական իրավունքը` ստանալ կարեւոր եւ նշանակալից ինֆորմացիա բոլոր վերոնշյալ ոլորտներից, պարզորոշ երեւում է հենց Հ1-ի օրվա ծրագրերում (տես լուսանկարում), որտեղ, կրկնություններից բացի, ուրիշ ոչինչ չկա.  24 ժամ անընդմեջ կրկնվող սերիալներ ու մի քանի հաղորդում: Այսպես, օրինակ. «Կյանքի կարուսել» եւ «Տիգրանի մոլորակը» սերիալներն օրվա մեջ կրկնվում են 3 անգամ, նախկինում «Գեներալի աղջիկը», իսկ հիմա արդեն «Քույրը» սերիալը՝ 4 անգամ (հավանաբար, Հ1-ի կողմից այս սերիալները բլոկբաստերի համարում ունեն):

«Ազատ գոտի» եւ «Գտնված երազ» հաղորդումները նույնպես հեռարձակվում են օրը 3 անգամ, կրկնվում են անգամ գեղարվեստական, վավերագրական մի շարք ֆիլմեր, էլ չասենք Առաջին  լրատվականի հիմնական թողարկման մասին, որը հաջորդ օրը առավոտյան նույնությամբ կրկնվում է՝ չլսված մի բան ամեն րոպե թարմացվող լրահոսի պայմաններում: Այսինքն, ամենապարզ հաշվարկի դեպքում տեսնում ես, որ Հ1-ի հայրենական արտադրության հաղորդումների ծավալն օրվա կտրվածքով կազմում է 7-10 ժամ, իսկ դա՝ լավագույն դեպքում, որովհետեւ, կրկնություններից բացի, մի շարք հաղորդումներ` «02», «Զինուժ», «Զորամասային առօրյա», «Պարոնայք սպաներ» հաղորդաշարերը տվյալ կառույցների` ՊՆ-ի, ոստիկանության լրատվական ծառայությունների կողմից պատրաստված հաղորդումներ են, ովքեր ուզած ժամաքանակով Հ1-ից եթեր են գնում: Դժվար է նաեւ համարել, որ, ասենք, Իսպանիա-Իտալիա խաղի ցուցադրումը տեղավորվում է սեփական արտադրության մարզական հաղորդումների 6 տոկոս ծավալի մեջ: Եվ այդպես շարունակ:

Ըստ Հանրային հեռուստաընկերության 2012 թ. գործունեության վերաբերյալ հաղորդման, Հ1-ի կողմից 2012-ին պատրաստված հաղորդումների ընդհանուր ծավալը կազմել է 8761.3 ժամ, որից միայն 2980-ը` մոտ 34 տոկոս, կազմել է մշակութային հաղորդումների, այդ թվում ֆիլմերի ծավալը: Ինչ խոսք, դժվար է ամեն օր Հանրայինի եթերով հեռարձակվող սերիալները համարել մշակույթ, բայց քանի որ հեռուստաընկերությունն ինքն է նախընտրել մշակութային այդ քաղաքականությունը` կրկնելով դրանք օրը մի քանի անգամ, պարզ է, թե ինչ որակի մշակույթ է քարոզում Հ1-ը: Երբ 2012-ին Հ1-ի կողմից պատրաստված հաղորդումների ընդհանուր ծավալը` 8761.3 ժամը, բաժանում ես տարվա 365 օրերին, յուրաքանչյուր օրվա դիմաց ստանում ես 24 ժամ սեփական արտադրության հաղորդումների ծավալ, ինչը ոչ միայն չի երեւում Հ1-ի եթերում, այլեւ անգամ ամենապարզ հաշվարկի դեպքում առավելագույնը կազմում է  7-10 ժամ, մնացած 14 ժամը Հ1-ի եթերում կրկնություններ են, գովազդ եւ ոչ սեփական արտադրության արտադրանք: Իսկ դա չի համապատասխանում նաեւ օրենքի այն կետին, ըստ որի՝ Հանրայինը պարտավոր է օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին:

 Սոնա Ադամյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930