Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանն առաջարկեց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել

Հոկտեմբեր 30,2013 14:34

Հոկտեմբերի 26-ից բացվել է «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը, ինչի առիթով Հայաստան են այցելել նաեւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ արտերկրից:

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն,  «Անսի» անիմացիոն ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնի (Festival d’Annecy) տնօրեն Տիցիանա Լոշին, «Ռեանիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, ռեժիսորներ Մարկ Բորեալը եւ Բաստիան Դյուբուան խոսեցին անիրմացիայի ոլորտից եւ «Ռեանիմանիայի» հաջողություններից:

Դեսպան Անրի Ռենոն նախ հայերենով շնորհակալություն հայտնեց «Ռեանիմանիա» փառատոնի առիթով կազմակերպված ասուլիսը լուսաբանելու համար, ապա հավելեց, որ ֆրանսիական կողմի կարկառուն ներկայացուցիչներն են այսօր ներկայացված:

«Անիմացիան Ֆրանսիայում առաջատար դիրքեր է գրավում, այն վերելք է ապրում: Թողարկված արտադրանքի հինգ տոկոսը արտահանվում է: Կինեմատոգրաֆի այդ ճյուղը ավելի հետաքրքիր է դառնում՝ տարեցտարի ընդարձակելով իր  աշխարհագրությունը: Սա կինոարվեստի այն տեսակն է, որը հիմնականում ուղղված է երիտասարդներին: Իրերի բերումով Ֆրանսիայն հայտնվել է այնպիսի հարաբերությունների կիզակետում, որտեղ կան եւ համագործակցություն եւ ստեղծագործական մտքի դրսեւորումներ»,-ասաց պարոն Ռենոն:

Ապա դեսպանը ներկայացրեց Տիցիանա Լոշիին, նրան անվանելով ակնառու դեմք, որը 17 տարի անընդմեջ ղեկավարում է Անսի անիմացիոն ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնը: «Դա այն փառատոնն է, որը նաեւ կոմերցիոն տեսանկյունից  է կարեւորվում: Տիկին Լոշին երկրորդ անգամ է մասնակցում «Ռեանիմանիային»,-հայտնեց դեսպանը:

Ինչ վերաբերում է ռեժիսոր Մարկ Բորեալին, նրա  «Մայրս մեկնել է Ամերիկա…» ֆիլմով է բացվել երեւանյան անիմիացիոն փառատոնը:

Բաստիան Դյուբուան եւս մասնակցել է «Ռեանիմանիայի» բացմանը, պարոն Ռենոյի խոսքով, Բաստիան Դյուբուան իր էությամբ ճանապարհորդ է, «հետախուզել» է Թուրքիան, Մադագասկարը, ինչը արտացոլվել է նրա ֆիլմում:

Տիկին Լոշին կարեւորեց «Ռեանիմանիայի» անցկացումը, ասաց, որ այն  իր համար այն մեծ հետաքրքրություն է առաջացրել:

«Անիմացիան այն ոլորտն է, որը շատ ներդրումներ է պահանջում, որ ի զորու լինի դիմանալ ապագայի ակնկալիքներին, մանավանդ երիտասարդները հակված են պատկերային ֆիլմեր տեսնելու, քան գիրք կարդալու: Պետք է այնպես անել, որ ստեղծված կինոարտադրանքը համապատասխանի երիտասարդների ակնկալիքներին»,- ասաց ֆրանսիական փառատոնի տնօրենը:

Մարկ Բորեալը խորհրդավորություն վերագրեց իր ֆիլմին՝ հավելելով, որ ստեղծման հիմքում հետաքրքիր պատմություն կա.  «Դա  նաեւ ինքնակենսագրական ֆիլմ է: Դեռահաս դերակատարը, սակայն, արդեն հասցրել է չափահաս դառնալ, անգամ այսօր սցենարներ է գրում:  Սա, որպես ռեժիսոր, իմ առաջին լիամետրաժ ֆիլմ է»: Մարկ Բորեալը հիմնականում զբաղված է հեռուստաֆիլմերի նկարահանմամբ: Վերջին ութ տարիներին նկարել է ութ հեռուստաֆիլմ: «Ֆրանս Տելեվիզիոն» հեռուստաալիքը նրան առաջարկել է մանկական հաղորդում պատրաստել՝ 57 սերիաներից բացկացած 7 րոպեանոց ֆիլմերի տեսքով:

Բաստիան Դյուբուան էլ ասաց, որ  երկորդ անագամ է մասնակցում «Ռեանիմանիային», ընդ որում, առաջին անգամ եղել է ժյուրիի անդամ: Իսկ այս տարի նա կարճամետրաժ  ֆիլմ է ներկայացնում:

«Ռեանիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին փաստեց, որ երեւանյան փառատոնի հանդեպ հետաքրքրությունը աճել է: «Հայաստանում եւ տարածաշրջանում կարծրատիպ կար, թե անիմացիոն ֆիլմերը միայն երեխաների համար են նախատեսված: Մենք վերջին հինգ տարիներին աշխատել ենք այդ ուղղությամբ եւ կոտրել այդ կարծրատիպը»,-ասաց նա: Նաեւ ուրախությամբ նշեց, որ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը փառատոնային օրերին լեփլեցուն է ուրույն հանդիսատեսով, որը հստակ գիտի, թե ինչ ֆիլմ է դիտում:

Վրեժ Քասունին հավելեց, որ Ֆրանսիայի դեսպանատունը փառատոնի ստեղծման առաջին օրվանից կանգնած է եղել «Ռեանիմանիայի» կողքին. «2009 փետրվարին Տիցիանա Լոշին դեռ փառատոնը չսկսած նամակ գրելուց տասներկու ժամ անց դրական է արձագանքել ու պատրաստակամություն հայտնել, որ կմասնակցի մեր փառատոնին»:

Նա ասաց, որ Մարկ Բորեալի տիկինը  հայուհի է, որը երազանք ունի, որ հայ-ֆրանսիական թեմայով ֆիլմ նկարահանվի, ինչի առիթով ինքը առաջարկել է իր աջակցությունը:

Aravot.am-ի հարցին՝ Ֆրանիայում երիտասարդ հայ անիմատորներին վերապատրաստելու որեւէ ծրագիր կա՞ , տիկին Լոշին պատասխանեց, որ նման մասնագետների վերապատրաստման լավագույն դպրոցները գտնվում են Ֆրանսիայում, նաեւ առաջարկեց այդ դպրոցներից մեկի հետ կապվել, մանավանդ Վրեժ Քասունու հետ իրենք քանիցս խոսել են այդ թեմայով: Վրեժ Քասունին էլ փաստեց, որ 2010-ին «Ռեանիմանիային» մասնակցել է ֆրանսիական  հայտնի դպրոցներից մեկի  ներկայացուցիչը:

Ասուլիսի ավարտին, Անրի Ռենոն առաջարկեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով  անիմացիոն ֆիլմ ստեղծվի, ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների պատմություն ներկայացնի, ինչը կարող է հուզել եւ հետաքրքրել հատկապես երիտասարդներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031