Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանը «տեղը դրեց» Սամվել Ֆարմանյանին`պաշտպանելով Լեւոն Զուրաբյանին

Հոկտեմբեր 31,2013 19:42

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իշխանական եւ այլընտրանք ուժերը ներկայացնող պատգամավորները լեզվակռիվ տվեցին` ընդդիմադիր պատգամավորի թասիբը պահելով:

«Իշխանության խնդիրը չէ, որ որոշ քաղաքական ուժեր իրենց քաղաքական պայքարի ընթացքում հաջողություններ չեն արձանագրել կամ գտնվում են ամուսնուլուծության շեմին։ Այն քաղաքական ուժը, որի իշխանության օրոք ժողովուրդը սրընթաց լքում է իր հայրենիքը, պետք է այդ հարցերի մասին մտածի, այլ ոչ ներքաղաքական ախոյանների հաջողությունների կամ ձախողումների»,- ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն՝ արձագանքելով ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի այն դիտարկմանը, որ ամուսնալուծության շեմին կանգնած քաղաքական ուժի ներկայացուցիչը նման է ադրբեջանական լոբբիստի, ով գալիս է, հնչեցնում է հարցը և հեռանում։

ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի խոսքն ուղղված էր ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով առաջինը հնչեցրեց իր հարցերը և հեռացավ՝ չմասնակցելով հետագա քննարկումներին։

Ապա, Արսենյանն անցավ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին ուղղված հարցադրումներին. «ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում տեղի է ունեցել կտրուկ շրջադարձ։ Չորս տարի մեր արտաքին քաղաքականության թիրախը հանդիսանում էր եվրաինտեգրումը, սեպտեմբերի 3-ին եվրոչինովնիկները և ՀՀ մի խումբ պաշտոնյաներ հայտնվեցին խորը և համապարփակ մանթրաժի մեջ: ՀՀ կենսաապահովման կարևորագույն գործիքներից մեկը մեր հայրենակիցներն են, ովքեր աշխատում են ՌԴ-ում, և մոտ մեկուկես-երկու միլիարդի չափ տրանսֆերտ է գալիս միայն այդ երկրից։ Այսինքն՝ Հայաստանի տնտեսական գործունեության, առողջության կարևորագույն խնդիրը Հայաստանից դուրս է։ Հիմա մենք կտրուկ փոխեցինք մեր աշխարհաքաղաքական վեկտորը, և այս դեպքում ԱԳՆ-ն իր հայտը ներկայացնելիս, որի մասին ես հարցրեցի փոխնախարարին, չի՞ պլանավորել, որ պետք է ակտիվացնի մեր դիվանագիտական ծառայությունը ՌԴ-ում, որտեղ այն մարդիկ են, ովքեր իրականում պահում են Հայաստանը, չե՞ք մտածել, որ արտաքին քաղաքականության դաշտում ունեք լրջագույն խնդիրներ և ձեր գործունեության ուժեղացման համար անհրաժեշտ է ֆինանսավորման ավելացում, թե՞ գտնում եք, որ ինչ ունեք բավարար է»։

Արսենյանը գտնում է, որ ինչ ունենք, բավարար չէ ու հաջորդ հարցն ուղղեց Քոչարյանի` ինչո՞ւ հայտ չեք տալիս, որ ֆինանսավորումն ավելանա. «Ես շատ մտահոգ եմ այն մարդկանց ճակատագրերով, ովքեր հեռացել են Հայաստանից ինչ-ինչ պատճառներով։ Իմ շրջապատում էլ շատ մարդիկ կան, ովքեր հեռացել են, ձեր շրջապատում էլ կան, և նրանց գնալու հիմնական ուղղությունը ՌԴ-ն է»։

Արսենյանի խոսքին «արժանի հակահարված» հասցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը. «Դասագրքային ճշմարտություն է, որ և ընդդիմությունը, և իշխանությունը միշտ էլ պատասխանատու են քաղաքական որոշումների, զարգացումների, նաև արտագաղթի համար։ Եվ ամեն ինչ խնամքով տեղափոխել միայն իշխանության պատասխանատվության դաշտ, ճիշտ չէ։ Արտագաղթը շատ դեպքերում կապ ունի նաև ընդդիմության շատ անհասկանալի դիրքորոշումների հետ։ Իշխանությունն, այո, պատասխանատու է, բայց նրա հետ պատասխանատու են նաև նրանք, ովքեր տարբեր ժամանակ եղել են իշխանության հետ, իսկ հիմա գտնվում են ընդդիմության մեջ»։ «Վերջ»,- ռեպլիկ նետեց Արսենյանը։

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավորի հարցադրումներին, նշեց, որ գնահատականը, որ սեպտեմբերի 3-ին կտրուկ փոխվեց ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը, ճիշտ չէ. «Հայաստանը Եվրոպայի հետ համագործակցության շրջանակներում Եվրամիության անդամ դառնալու նպատակ չի ունեցել, մենք ցանկացել ենք և պատրաստ ենք գնալ Եվրամիության հետ խորը համագործակցության։ Երբ եղավ պատասխան, որ ընդհանուր սահմանի բացակայությունը չի խոչընդոտում Հայաստանի Մաքսային միությանն անդամակցությանը, դա կտրուկ փոխեց իրավիճակը։ Մաքսային միության անդամ դառնալով՝ դու չես կարող ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Եթե չլիներ այդ եզրակացությունը, մենք որևէ խնդիր չէին ունենա Եվրամիության հետ»:

ԱԳ նախարարի տեղակալը հայտարարեց, որ տեխնիկապես անհնար է, որ Թուրքիան դառնա Մաքսային միության անդամ, որովհետև Թուրքիան Եվրոպայի մաքսային գոտու անդամ է։ Քոչարյանը նկատեց, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, բայց երբեք խնդիր չի դրել, որ ուզում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. «Ռազմական առումով մենք մեր բաղադրիչը մշտապես կապել ենք ՀԱՊԿ-ի հետ»: Քոչարյանը նշեց, որ ամենամեծ հայկական դեսպանատունը Մոսկվայինն է։ Հայաստանն ունի նաև գլխավոր հյուպատոսություններ Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում. «Բայց, այո, մենք ունենք խնդիր։ Օրինակ, մարդը Վլադիվոստոկում խնդիր ունի, և մինչև մոտակա տեղը հասնի, ուշ կլինի։ Կառավարությունը փորձում է էլեկտրոնային եղանակով աշխատել, բայց ամենուր դա հնարավոր չէ։ Մյուս տարբերակն այն է, որ մեր պատվո հյուպատոսներ անձամբ այցելում են այդ տարածաշրջաններ և փորձում են հարցերը տեղում կարգավորել»։ Նրա հավաստմամբ՝ Մաքսային միությանն անդամակցության բանակցությունները ենթադրում են ՌԴ-ի հետ համագործակցության ակտիվացում ոչ միայն ԱԳՆ խողովակով, այլև այլ գերատեսչությունների ու ֆինանսներն, իհարկե, բավարար չեն։

«Ես իմ տեսակետ շարադրում էին այն տեսակետից, որ ժամանակն է վերացնելու չարախնդալն, ինչն անընդհատ ես տեսնում եմ։ Եթե մարդիկ ընտրությունում այսքան ձայն են հավաքել, դա չարախնդալու բա՞ն է։ Ինչ վերաբերում է հասկանալի կամ անհասկանալի դիրքորոշում ունեցող քաղաքական կառույցներին, ես ձեզ հետ լիովին համաձայն եմ»,- Արտակ Զաքարյանին արձագանքեց Գուրգեն Արսենյանը։

Իսկ Քոչարյանին, ԲՀԿ-ական պատգամավորը շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ վերջինս իր խոսքում  ի վերջո, ապացուցեց, որ շրջադարձը եղել է կտրուկ. «Ռուսաստանը, այո, մեծ երկիր է, մեր հայրենիքի մի մասը։ Կարծում եմ, որ մեկ միլիոնից ավելի մարդ է ապրում։ ՌԴ-ն հայերով բնակեցված երկրորդ խոշոր պետությունն է։ ՌԴ-ում դուք ամենուր պետք է ունենաք հյուպատոսություններ, որովհետև այդ մարդիկ փող են ուղարկում մեզ, և դրանց մի մասից մենք աշխատավարձ ենք ստանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    «Ռուսաստանը, այո, մեծ երկիր է, մեր հայրենիքի մի մասը…»: Բանը նրան է հասել, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորն արդեն առանց երկմտելու օտար երկիրը համարում է իր հայրենիքը: Մեկը չգտնվե՞ց տեղը դներ հենց Արսենյանին՝ ասելով. «Իսկ դուք ռուսներին հարցրե՞լ եք՝ նրանք համաձա՞յն են,որ իրենց սրբազան հողը ձերը համարեք»:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/10/31/401350/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից”:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031