Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնին հայ ազգի անձնագիրն է

Փետրվար 28,2014 14:31

Արդեն որքան ժամանակ է՝ Գառնու տաճարի շրջակայքում նախագծվում է կառուցել սրճարան: Այս առիթով փետրվարի 28-ին «Տեսակետ» մամուլի ակումբում իրենց բողոքի ձայնը բարձրացրին պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Աթանեսյանը, Արորդաց ուխտի քուրմ Վարուժ Աղաջանյանը և «Նախնյաց հետքերով» մշակութային հասարակական կազմակերպության անդամ Արման Մխիթարյանը: Հյուրերի խոսքերով` Գառնու տաճարի շրջակայքում սրճարան կառուցելը սրբապղծություն է: Տաճարը հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին, անգամ Մովսես Խորենացու աշխատություններում հաճախ նշվել է տաճարը որպես սրբավայր, և այն սրճարանի մակարդակին հասցնելը պղծություն է: 

«Սրճարանի կառուցումը հասարակ ընչաքաղցություն չէ, այսինքն՝ կառուցել սրճարան գումար վաստակելու համար: Սա համատարած երևույթ է, այստեղ դրված է պատմության ոչնչացման խնդիրը: Սրճարանի կառուցումը անհնար կդարձնի մշակութային նոր շերտերի ուսումնասիրությունը»,- ասաց Արման Մխիթարյանը:
Պատմաբան Վահե Աթանեսյանը մեղադրեց մշակույթի նախարարությանը սրբավայրը պղծելու մեջ՝ ասելով, որ այնտեղ սրճարանի կառուցումը ոչ մի կերպ արդարացված չէ. «Ես այս ամենի մեջ տեսնում եմ հայոց մշակույթը պղծելու և ոչնչացնելու միտում, և այդպիսիք առկա են արդեն քանի տարի»:

Գառնու տաճարը հայ ազգի անձնագիրն է, որն այսօր վտանգված է: Քուրմ Վարուժն իր կարծիքը հայտնեց այս ամենի շուրջ. « Գառնին ցանկանում են դարձնել «օբյեկտ», իսկ այդ սրբավայրը օբյեկտ դարձնելը նույնն է, ինչ սեփական ծնողի անկողինը պղծելը: Գառնին չի կարելի պղծել, ինչպես չի կարելի պղծել Էջմիածինը, չի կարելի քանդել, չի կարելի ավերել: Ես հույս ունեմ, որ մեր կառավարությունը չի պղծի, չի ավերի այս տաճարը»:

Ասուլիսի ընթացքում քուրմ Վարուժն ընթերցեց մշակույթի նախարարությանն ուղղված նամակից մի հատված, որտեղ մասնավորապես ասվում էր. «Արորդիների ուխտի քրմական դասը, մտահոգված լինելով Գառնու տաճարի տարածքում սրճարանի հիմնադրման նախաձեռնության փաստով, որը չի ընկալվում ոչ միայն ցեղակրոն համայնքի, այլև՝ հայ հասարակության կողմից, հանդես է գալիս առաջարկով: Սա անկասկած կհանգուցալուծի առաջացած լարվածությունն այս խնդրի շուրջ: Մենք առաջարկում են սրճարանի կառուցման փոխարեն հիմնել տարածքում հայտնաբերված հնագիտական նմուշների թանգարան»:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միանգամայն ճիշտ են բանախոսները. նրանց գնահատականներում ոչ մի չափազանցություն չկա:Այնպիսի տպավորություն է, որ, ասես, ինչ որ ուժերի կողմից հատուկ ծրագիր է իրականացվում մեր բազմադարյա մշակութային ժառանգության դեմ, որը քողարկված է տխրահռչակ ձևակերպման տակ: Մինչդեռ շատ եվրոպական երկրներում պատմական հուշարձանների մոտակայքում անգամ արգելվում է , որ այցելուն իր հետ վերցրած որևէ բան ուտի կամ խմի՝ տարածքը չաղտոտելու և ոգեղեն մթնոլորտը պահպանելու համար: Դրա համար նրան կարող են տուգանել: Կուզեի ,որ ոլորտի պատասխանատուները մեկընդմիշտ հիշեն մի պարզ ճշմարտություն. Հայաստանը միայն զբոսաշրջիկների երկիրը չէ, որ ամեն տեղ ու ամեն բան նրանց նյութական քմահաճույքներին հարմարեցվի: Սա ամենից առաջ իր գոյությունը արժանապատվորեն պահած Հայ մարդու երկիրն է, մեր ապագա սերունդների երկիրն է, հեթանոս աստվածների ու հնավանդ վանքերի պատերի ներսում ճգնած քրիստոնյա Նարեկացու , Գոշի և մնացած հսկաների երկիրն է: Զբոսաշրջիկները թո՛ղ գան ՝ միայն այս ամենին հաղորդակից դառնալու համար. հյուրասիրության հաճելի պարտականությունը կարող են ստանձնել պատմական հուշարձանների շրջակայքի բնակիչները՝ հագնելով տվյալ գավառի տարազները, պատրաստելով իրենց շրջանին բնորոշ ուտեստները… ներդրումներն ա՛յս ուղղությամբ կատարեք , որը մարզերում ապրող մեր հայրենակիցներին որոշակի օգուտ կբերի… Իսկ այս բարբարոսությունը պետք է կանխել միասնական ուժերով, քանի դեռ հերթը չի հասել մեր մյուս պատմական եզակի կոթողներին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728