Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Արժանապատիվ կյանք՝ մինչեւ վերջին պահը

Մարտ 01,2014 14:55

Պալիատիվ բուժմանը Հայաստանում առայժմ տրվում են պալիատիվ լուծումներ
Կյանքում լինում են իրավիճակներ, որոնք ընդունված է «անհույս» համարել: Այդպիսի իրավիճակներ են առաջանում նախեւառաջ բժիշկների հետ շփումներում: Շատերն են, ցավոք սրտի, լսել հետեւյալ դատավճիռը. «Վերջ, մենք էլ ոչնչով չենք կարող օգնել, էլ մի տանջեք ձեր հիվանդին, տարեք տուն, թող մեռնի»: Գործնականում դա նշանակում է, որ բժշկությունն այլեւս անզոր է, հիվանդանոցը ոչ մի շահ չունի նման հիվանդին պահելու, եւ բժշկական հաստատությունները, այսպես ասած, «ձեռքերը լվանում» են նրանից:
Նման մոտեցումը, որքան հասկանում եմ, միանգամայն համապատասխանում է բժշկության անտիկ տեսություններին եւ, մասնավորապես, Հիպոկրատի ուսմունքին, որի համաձայն՝ մահկանացուն չպիտի կասկածի այն դատավճռի վերաբերյալ, որը հաստատել են աստվածները: Պարզ է, որ քրիստոնեական ուսմունքը նման դաժան մոտեցում չի կարող ցուցաբերել, եւ մեր թվարկության առաջին իսկ դարերից սկսած՝ նպաստում էր նրան, որ բժիշկները եւ հիվանդի հարազատները շարունակեն հոգ տանել մահացող մարդու մասին՝ հնարավորինս մեղմացնելով նրա հոգեբանական եւ ֆիզիկական ցավերը: Խոսքն, իհարկե, նախեւառաջ օնկոլոգիական հիվանդների մասին է:

Այսօր աշխարհում լայն տարածում է գտել, այսպես կոչված, «պալիատիվ բուժումը», որը դարձել է բժշկության մի առանձին ճյուղ՝ իր առանձնահատուկ մասնագետներով՝ թե՛ բուն բժշկության եւ թե՛ հոգեբանության բնագավառներում: «Pallium» լատիներենից թարգմանած նշանակում է «ծածկոց», «թիկնոց»: Ընդհանրապես, երբ մենք ասում ենք «պալիատիվ լուծում», նկատի ունենք կիսատ-պռատ, ոչ արմատական, ժամանակավոր միջոցառումների շարք, որոնք ծածկում են, սվաղում են խնդիրը: Քաղաքականության, տնտեսության մեջ դա այնքան էլ լավ բան չէ, բայց ահա բժշկության բնագավառում միանգամայն դրական երեւույթ է: Ըստ այդմ, անհույս հիվանդի հարազատները չեն հրաժարվում մահացող մարդուց, նրանք այլեւս չեն փորձում փրկել, երկարացնել նրա կյանքը, ոչ արագացնում են, ոչ էլ դանդաղեցնում են անխուսափելի վախճանը: Նրանք բժիշկների հետ միասին ջանում են անել այնպես, որ կյանքը, ինչքան որ հատկացված է հիվանդին, լինի տանելի, արժանապատիվ, ցանկալի է՝ հետաքրքիր:

Դրա գործիքները բազմաթիվ են: Արեւմուտքում եւ Ռուսաստանում ընդունված է, այսպես կոչված, պալիատիվ (կամ ախտանիշային) վիրահատություն, երբ վերացվում է ոչ թե հիվանդություն ծնած պատճառը, այլ դրա ամենասուր ախտանիշները (ենթադրենք, չարորակ ուռուցքի մետաստազները), ինչը թեթեւացնում է հիվանդի տառապանքները: Բայց հիմնական ուղղությունը, իհարկե, ցավազրկումն է, քանի որ տանելի եւ արժանապատիվ կյանքի համար հիվանդն ամեն վայրկյան չպիտի տառապի ցավից: Այստեղ շատ սուր է կանգնած հոգեմետ դեղերի խնդիրը՝ սովորական ցավազրկողները նման հիվանդներին, բնականաբար, չեն օգնում: Հայաստանում անցած տարի որոշակի քայլեր արվել են այս ոլորտում օրենսդրական բազան շտկելու համար՝ առաջ բժիշկները պարզապես վախենում էին հիվանդներին այդպիսի դեղամիջոցներ տալ, քանի որ դրանք այլ պարագայում կարող են հանդես գալ պարզապես որպես թմրամիջոցներ: Սակայն օրենսդրությունը, որը կպաշտպանի թե բժիշկների եւ թե հիվանդների իրավունքները, մշտապես կատարելագործման կարիք ունի:

Պալիատիվ բուժման անբաժանելի մասն են «հոսփիսները»՝ մասնագիտացված բժշկական կենտրոնները, որոնք հոգ են տանում նման հիվանդների համար: Այստեղ աշխատում են տարբեր մասնագիտությունների մարդկանցից բաղկացած թիմեր՝ բժիշկներ, հոգեբաններ, հոգեորականներ: Իր կյանքի վերջին ամիսները ապրող մարդու հանդեպ անհրաժեշտ է հատուկ վերաբերմունք, հատուկ հոգատարություն, հաճախ նաեւ՝ հանդուրժողականություն՝ նրա միանգամայն բացատրելի ագրեսիվ բռնկումների հանդեպ: Այդ վերաբերմունքը եւ ընդհանրապես այդ հիվանդների նկատմամբ խնամքը չի կարող «բնատուր շնորհք» լինել՝ անհրաժեշտ են ուսումնական ծրագրեր, որոնք ուղղված են թե բժշկական անձնակազմին եւ թե հիվանդի հարազատներին: Արեւմուտքում հոսպիսներում հաճախ աշխատում են նաեւ կամավորներ:

Հայաստանում իրականացվում են պալիատիվ օգնության փորձնական ծրագրեր՝ գործում են 4 կենտրոններ, երկուսը՝ Երեւանում, մեկը՝ Արարատի, մյուսը՝ Լոռու մարզերում: Դրանք կարող են օգնություն ցուցաբերել մի քանի տասնյակ մարդու: Մինչդեռ մասնագետները հաշվարկել են, որ նման ամենօրյա օգնության կարիք ունի Հայաստանում մոտավորապես 3000 հիվանդ: Բացի այդ, ստացիոնար պալիատիվ բուժումը մեր երկրում արժե օրական 20.000 դրամ: Հայաստանի քաղաքացիների ո՞ր տոկոսն է ի վիճակի նման գումար ծախսել: Այնպես որ՝ պալիատիվ բուժմանը Հայաստանում առայժմ տրվում են պալիատիվ լուծումներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31