Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ լիճը մաքրվել է, սակայն ճանապարհն անբարեկարգ է մնում

Մարտ 03,2014 16:23

 «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը տեղեկացրեց, որ ազգային պարկի ռեկրացիոն գոտում էկոտուրիզմի եւ հանգստի սպասարկման նպատակով մինչ այժմ տրամադրվել է 45 հողակտոր: Նա ասաց, որ այդ հողամասերի տրամադրումը չի խախտում ազգային պարկի էկոհամակարգերը, կառուցապատման ծրագրերը բնապահպանական պետական փորձաքննություններ են անցնում, ինքը շատ հետեւողական է, որպեսզի կատարվող շինարարության ընթացքում բնապահպանական բոլոր պահանջները պահպանվեն:

Մինչեւ 2008 թվականը հողամասեր տրամադրել է «Դիլիջան» ազգային պարկի մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ բնապահպանության նախարարության, Դիլիջանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների եւ «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները:

2008թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության 1578-Ն որոշմամբ ստեղծվել է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրող միջգերատեսչական մրցութային հանձնաժողով եւ 2008 թվականից այդ հանձնաժողովն է ազգային պարկում հատկացնում հողամասեր:

Տրամադրված 45 հողակտորներից միայն 2-ում են ավարտին մոտենում շինարարական աշխատանքները: «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից տարածքում, շուրջ 1 հա տարածքում եւ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհի վերջնահատվածում, շուրջ 1.5 հա տարածքում, կառուցապատման աշխատանքներն ավարտվում են:

Ա. Դավթյանի վկայությամբ՝ տրամադրված որոշ հողակտորներում կատարվել են տարածքը քարերից, փայտից, ճյուղերից, տարբեր մնացորդներից մաքրելու աշխատանքներ, մի հողամասում էլ 7000 քառակուսի մետր ցանկապատվել է:

Պարզ լճի մոտ էկոտուրիզմի եւ հանգստի կազմակերպման նպատակով 2006թ. 1.2 հա տարածք է տրամադրվել «Օպելա» ՍՊԸ-ին, որը մաքրել է 25 տարի չմաքրվող, ճահճացող լիճը, էկոտուրիզմի եւ հանգստի կազմակերպման համար պայմաններ ստեղծել: Ա. Դավթյանն ասաց, որ այդ ընկերությունը նաեւ Պարզ լիճ տանող ճանապարհն է բարեկարգել, փոսային նորոգում կատարել: Նշենք, որ այդ ընկերությունը Երեւանում է գրանցված: Տավուշի մարզի բնակիչները մեզ հայտնել են, որ 2013թ. սեպտեմբերին այդ ընկերության ներկայացուցիչները իրենցից բավական գումար գանձելով՝ դրամարկղի կտրոն չեն տվել, վատ են սպասարկել: Տավուշցիները նաեւ դժգոհում են, որ Պարզ լիճ տանող ճանապարհը գտնվում է վատթար վիճակում, ավտոմեքենաները դժվարությամբ են այն հաղթահարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31