Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Հայաստանի բոլոր կուսակցությունները Կրեմլի կուսակցության մասնաճյուղեր են»

Հունիս 14,2014 21:46

Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ ԱԻՄ-ը հայկական իրականությունում մնում է միակ կազմակերպությունը, որն ունի անցյալ, ժողովրդի համար ներդրումներ եւ այսօր էլ հետեւականորեն եւ նպատակասլաց աշխատում է ազգի համար միակ եւ այլընտրանք չունեցող ուղղությամբ:

«Սա լիարժեք համահավաք էր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր՝ հունիսի 14-ին, Թեքեյան կենտրոնում տեղի ունեցած Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության ներկայացուցիչների համահավաքին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա հայտարարեց, որ այսօրվա համահավաքում արձանագրվել է, որ ԱԻՄ-ը հայկական իրականությունում մնում է միակ կազմակերպությունը, որն ունի անցյալ, ժողովրդի համար ներդրումներ եւ այսօր էլ հետեւականորեն եւ նպատակասլաց աշխատում է ազգի համար միակ եւ այլընտրանք չունեցող ուղղությամբ՝ Եվրոպական արժեքային համակարգի:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ համագումարի ընթացքում ընդունվել են մի շարք բանաձեւեր՝ Հայաստանի՝ եվրոպական կողմնորոշում ունենալու անհրաժեշտությանը, Հայոց Ցեղասպանության համազգային հայեցակարգ եւ կարգախոս որդեգրելու անհրաժեշտության մասին, քննարկվել է սահմանադրական բարեփոխումների հարցը եւ հաստատվել է նախկին ղեկավարության ընդունված փաստաթուղթն՝ որոշ հավելումներով, սահմանվել է նաեւ ԱԻՄ-ի դրոշը դուրս բերելու կարգը.

«Տարվա մեջ միայն երեք անգամ կարող է դուրս բերվել այդ դրոշը՝ փետրվարի 18-ին, մայիսի 28-ին եւ սեպտեմբերի 21-ին, մյուս դեպքերում ներկայացուցչական խորհուրդը պետք է հաստատի, որովհետեւ դա առաջին հայկական դրոշն է, որը որ եղել է Արարատի գագաթին՝ 1991 թվականի հանրաքվեից առաջ»:

Համահավաքի ընթացքում, Պարույր Հայրիկյանի խոսքերով, քննարկվել  եւ դատապարտվել է քաղբանտարկյալների հարցը, եւ կուսակցության կողմից որոշում է ընդունվել, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը պուտինիզմին մերձենալու դրսեւորումներից է: Նա նշեց, որ նաեւ խոսվել է այլ կուսակցությունների մասին.

«Այս ութ ամիսների ընթացքում մենք ամփոփել ենք, բայց որեւէ որոշում չենք ընդունել, առարկություններ չի եղել: Հայաստանի բոլոր կուսակցությունները պարզվեց, որ Կրեմլի կուսակցության մասնաճյուղեր են՝ տարբեր մասնաճյուղեր»:

Այսօր նաեւ ընտրվել է ԱԻՄ կուսակցության ներկայացուցչական խորհուրդը, որի կազմում են Կարո Եղնուկյանը, Էմմա Շաշիկյանը, Սուսաննա Գրիգորյանը, Արկադի Վարդանյանը, Մանյա Այվազյանը եւ այլք: Պարույր Հայրիկյանի հայտարարեց, որ ընտրվել են փորձառու ԱԻՄ-ականները:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են լինելու ԱԻՄ-ի հարաբերությունները նախաձեռնությունների հետ, որոնք ունեն եվրոպական կողմնորոշում, Պարույր Հայրիկյանը նշեց, որ ԱԻՄ-ը ողջունում է նման նախաձեռնությունները եւ կաջակցի նրանց.

«Ոչ միայն ԱԻՄ-ը մասնակցեց Ռուսաստանի դեսպանատան դիմաց այն մեծ ցույցին՝ լինելով հիմնական դերակատարը, այլ միառժամանակ ԱԻՄ-ն ազդարարեց, որ այդ բնույթի բոլոր նախաձեռնություններին ինքը կաջակցի»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30