Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիա կենտրոն». Երեխաների պաշտպանության ոլորտի խնդիրները (Տեսանյութ)

Հունիս 30,2014 17:45

«Մեդիա կենտրոն», հունիսի 30, 2014 թ.: Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, ըստ ոլորտի մասնագետների՝ դրանց արդյունքում երեխաները հատուկ խնամքի հաստատություններում մեծանալու փոխարեն ընտանեկան կամ դրան հնարավորինս մոտ միջավայրում ապրելու հնարավորություն կունենան:

Երեխաների պաշտպանության ոլորտի հիմնախնդիրներին, Կառավարության՝ դրանց լուծմանն ուղղված քայլերին, ինչպես նաև համապատասխան առաջարկություններին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Միասին՝ հանուն երեխաների» խորագրով մամլո ասուլիսին անդրադարձան ՀՀ-ում Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը, ցանցի անդամներ Ռոման Հարությունյանը, Գայանե Ասատրյանը, Քնարիկ Գարանֆիլյանը, Մարիամ Մարտիրոսյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը այսօր:

«Մենք ձգտելու ենք հասնել նրան, որ Հայաստանում չլինեն գիշերօթիկ դպրոցներ: Հատուկ դպրոցները, որոնք կմնան, կընդգրկեն այն երեխաներին, որոնք դեռ չեն կարող ներառվել հանրակրթական դպրոցներում»,- նշեց Աննա Հարությունյանը:

Ըստ բանախոսի` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մի շարք կազմակերպությունների հետ համատեղ իրագործելու է 5-ամյա ծրագիր՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ (3.5 միլիոն դոլար և 1.5 միլիոն դոլար ուղիղ աջակցություն պետական բյուջեին):

Բարձր գնահատելով պետության որդեգրած նոր մոտեցումը` ուղղված երեխաներին ընտանիքներում տեղավորելուն` Միրա Անտոնյանն ընդգծեց. «Երեխաներին խնամքի հաստատություններից դուրս բերելը կարող է հանգեցնել խնդրի` եկեղեցիներն ու սփյուռքը կարող են դուրս մնալ երեխաների դաստիարակության գործընթացից: Երեխաներին պետք է դաստիարակել ընտանեկան կամ ընտանեկանին մոտ միջավայրում առանց հատուկ հաստատություններից ու կազմակերպություններից կտրելու»:

ՀՀ-ում Երեխաների պաշտպանության ցանցի անդամ, Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Հարությունյանը փաստեց, որ Ազգային վիճակագրական ծառայության և ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանում առկա է երեխաների աղքատության լուրջ խնդիր, որը վերջին տարիներին ավելի է սրացել. «Միջազգային փաստաթղթերով ընդունած պարտավորությունները պահանջում են վարել երեխայակենտրոն քաղաքականություն, սակայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 300 հազար երեխա ապրում է աղքատության մեջ, որոնցից 27 հազարը գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ»:

Երեխաների պաշտպանության ցանցի անդամ Քնարիկ Գարանֆիլյանը կոչ արեց աջակցել կարիքավոր ընտանիքներին. «Երեխային խնամատար, խնամակալ կամ որդեգիր ընտանիք տեղավորելուց հետո ընտանիքն ու երեխան մնում են միայնակ, մինչդեռ անհրաժեշտ է շարունակել աջակցության գործընթացը»:

Բանախոսն անդրադարձավ որդեգրման գաղտնիությանը` նշելով, որ գաղտնիությունը թույլ չի տալիս կատարել հետագա վերահսկում`պարզելու, թե արդյոք երեխան երջանիկ է զգում իրեն այդ ընտանիքում, կամ ինչպես կարելի է օգնել որդեգրող ընտանիքին երեխայի ինտեգրման գործընթացը դյուրացնելու համար:

Գայանե Ասատրյանը վստահեցրեց, որ համայնքներում սոցիալական ծառայողի ինստիտուտի ներդրումը կունենա կանխարգելիչ գործառույթ. «Վերջին տարվա ընթացքում 2600 երեխա օգտվել են մեր կազմակերպությունների սոցիալական ծառայություններից, ինչը կանխարգելում է հետագա խնդիրների զարգացումը»:

Միրա Անտոնյանը մատնանշեց լուծման կարիք ունեցող ևս մեկ խնդիր: Բանախոսի դիտարկմամբ` ամեն տարի 0-3 տարեկան 64-65 երեխա տեղավորվում են մանկատներում, ինչը լուրջ բացասական ազդեցություն է ունենում նրանց վրա՝ բարդացնելով նրանց վերականգման հետագա հնարավորությունը:

Ներկայացնելով անչափահասների արդարադատության ոլորտի խնդիրները` Մարիամ Մարտիրոսյանն ասաց. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անչափահաս իրավախախտին ոչ թե պետք է պատժել ու մեկուսացնել, ինչպես հիմնականում արվում է մեզ մոտ, այլ ներգրավել սոցիալական գործընթացներում»:

Բանախոսը խնդրով զբաղվող բոլոր անձանց հրավիրեց հուլիսի 1-ին՝ ժամը 10:00-ին, Էրեբունի պլազայում կայանալիք «Միասին երեխաների համար» խորագրով հանրային լսմանը, որին կմասնակցեն հասարակական, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչները վստահ են, որ երեխաների պաշտպանության ոլորտում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է համատեղել բոլորի ջանքերը՝ հասարակական և միջազգային կազմակերպություններ, պետական կառույցներ, եկեղեցի և սփյուռք, ու ընթանալ մեկ ուղղությամբ՝ միասին հանուն երեխաների:

Երեխաների պաշտպանության ցանցը հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկել պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նոր մեխանիզմներ՝ այդպիսով նպաստելով համակարգի բարեփոխմանը: Այժմ ցանցը, որին անդամակցում են 22 կազմակերպություններ, համագործակցում է ChildPact սևծովյան տարածաշրջանի Երեխաների իրավունքների պաշտպանության կոալիցիայի հետ:

«Մեդիա կենտրոնի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30