Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային հարստությունը պետք է կենտրոնանա հայրենիքում». Ավո Հովհաննիսյան

Հուլիս 24,2014 18:12

Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդը համալրվեց 230 միավոր գրականությամբ:

Թեհրանաբնակ Անահիտ Ազարյանն այսօր գրադարանին նվիրեց իր պապի՝ Լևոն Բաղդասարյանի անձնական գրադարանից 230 միավոր գրականություն:

Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի տեղեկացմամբ՝ այդ գրքերից 24-ը մինչև այսօր չուներ գրադարանը, իսկ 18 գրքերից ուներ միայն մեկ օրինակ:

Պարոն Զարգարյանը գրադարանի անունից իր երախտագիտությունը հայտնեց Անահիտ Ազարյանին՝ ընդգծելով, որ սա մեծ նվեր է գրադարանին, և որ գիրք նվիրելու այս երևույթը շատ գեղեցիկ է ու ոգևորիչ:

Ա. Ազարյանն ասում է, որ իր պապը՝ Լևոն Բաղդասարյանը, շատ ընթերցասեր մարդ է եղել և Երևանից ու Մոսկվայից մշտապես գրքեր ու ամսագրեր է ստացել՝ ստեղծելով իր մեծ գրադարանը (մոտ 600 միավոր գիրք): Ունեցել է նաև ռուսերեն գրականություն, որը տարիներ առաջ նվիրաբերել է Թեհրանի գրադարանին:

«Տարիներ շարունակ միակ երազանքս է եղել պապիս գրադարանը տեղափոխել այնպիսի մի տեղ, որտեղ միշտ կպահպանվի նրա հիշատակը,- ասում է Ա. Ազարյանը:- Այդ տեսակետից վճռորոշ եղավ Ավո Հովհաննիսյանի հետ իմ հանդիպումը, որից հետո որոշեցի գրքերի մի մասը նվիրաբերել Հայաստանի ազգային գրադարանին»:

«Անահիտը մտահոգված էր պապենական գրադարանի հավաքածուի ճակատագրով,- պատմեց իրանահայ բարերար Ավո Հովհաննիսյանը,- և ես նուրբ մոտեցա խնդրին՝ ընդամենը ուղղություն տալով նրան: Խորհուրդ տվեցի գրքերը նվիրաբերել Հայաստանի ազգային գրադարանին և շատ ուրախացա, միևնույն ժամանակ զարմացա, որ Անահիտը միանգամից համաձայնեց, որովհետև մեր սփյուռքահայերի մեծ մասը չի մտածում, որ ազգային հարստությունը պետք է կենտրոնանա միայն հայրենիքում, հակառակ դեպքում՝ որևէ այլ երկրում այն ժամանակի ընթացքում կկորցնի իր արժեքն ու կդառնա օտարի սեփականություն»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031