Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի համար ապագան պայծառ է, իսկ մյուսների՞ համար

Հուլիս 25,2014 17:37

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը այս վերջին 100 օրերի ընթացքում դրական տեղաշարժեր է տեսնում: Նրա խոսքերով՝ «Կոնկրետ հարցին տալիս ենք լուծում: Որ մենք տեսնում ենք մեր ապագան պայծառ՝ դա փաստ է»:

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց՝ Դուք վերջին 100 օրերի ընթացքում երկրում դրական տեղաշարժ տեսնո՞ւմ եք: Նա պատասխանեց. «Գիտեք, ինչ-որ բաներ փորձում է նախաձեռնել, բայց դրական տեղաշարժեր կարելի էր գնահատել 100 օրվա ընթացքը, եթե ժողովուրդը որոշակի դրական բան տեսներ իր կյանքում: Հարցախույզն եմ դիտել, լսել եմ մարդկանց կարծիքը: Նրանք հստակ ասում են, որ որեւէ փոփոխություն իրենք չեն տեսնում: Ճիշտն ասած, չեմ էլ ակնկալում որոշակի լուրջ փոփոխություններ, որովհետեւ մեկ մարդով երկրում բարեփոխումներ հնարավոր չէ իրականացնել՝ որքան էլ այդ մարդը հզոր լինի եւ որքան էլ ազնիվ նպատակներով փորձի ինչ-որ բան անել: Որովհետեւ ամեն ինչ ուղղորդվում է Սերժ Սարգսյանի կողմից: Եթե ուզում են բարեփոխումներն ավելի տեսանելի լինեն, ապա սկզբից պետք է սկսեն հենց «մեծ ձկներից»: Այսօր այդ փոփոխությունն ինձ համար համենայնդեպս տեսանելի չի: Այո, հարկային գանձումների հետ կապված ինչ-որ տվյալներ են ներկայացվել, որոշ մեծահարուստներից գանձված գումարները հիմա շատ ավելի շոշափելի են, քան նախկինում, բայց դա չեմ կարծում, որ այնքան շոշափելի փոփոխություն է, որը կանդրադառնա կյանքի բարեկեցության բարձրացման վրա»:

Մեր հարցին՝ ըստ Ձեզ, իսկապե՞ս այդքան պայծառ է մեր ապագան, ինչպես վստահեցնում է Հովիկ Աբրահամյանը՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը երեւի հավատում է, որ երկրի ապագան պայծառ է լինելու: Ես միտված չեմ այդպես մտածելու, որովհետեւ առայժմ ոչ մի պայծառություն տեսանելի չի: Ավելին, ինձ տեսանելի է, թե արտաքին քաղաքականության մեջ մենք ինչ գահավիժում ենք ապրում, իսկ ներքին կյանքն էլ ինչպես կա, այնպես էլ մնացել է՝ տաղտուկ եւ անհուսալի»:

Մեր դիտարկմանը, որ եթե այսպես գրենք, նախագահ Սերժ Սարգսյանն էլի կասի՝ լրագրողները գաղջ մթնոլորտ են տարածում՝ Լյուդմիլա Սարգսյանը արձագանքեց. «Է թող ասի: Այդ գաղջ մթնոլորտի հիմնական պատճառն ինքն է: Երբ խոսվում է գաղջ մթնոլորտի մասին, այդ հարցը պետք է ուղղել հենց Սերժ Սարգսյանին՝ իսկ ո՞վ է այդ գաղջ մթնոլորտը ստեղծել երկրում, ումո՞վ է պայմանավորված այդ հույսի բացակայությունը: Եթե բարի լինի եւ ցանկանա, որ այդ գաղջ մթնոլորտից մեր ժողովուրդն ազատվի, լավ կլիներ, որ շատ արագ կերպով հրաժարականի իր դիմումը ներկայացներ: Այդ ժամանակ այդ գաղջ մթնոլորտը շատ արագ կավարտվեր, լույս կբացվեր ժողովրդի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031