Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Մենք ապրում ենք չավարտված պատերազմի պայմաններում»

Օգոստոս 02,2014 20:33

Հերմինե Նաղդալյանը համարում է, որ Ադրբեջանը, պատերազմ սկսելու համար, չունի բարոյահոգեբանական պատրաստվածություն

«Մենք պետք է մեզ համար հասկանանք, որ մենք ինչքան էլ խաղաղությունը գնահատում ենք, այնուամենայնիվ, մենք պատերազմի ժամանակ ենք ապրում»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին, հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նա համարում է, որ մինչեւ հայկական կողմը  չկարողանա խաղաղ բանակցությունների ճանապարհով հարցին վերջնական լուծում տալ, երբեք պետք չէ մտածել, որ պատերազմը ավարտված է: Տիկին Նաղդալյանը հայտարարեց, որ չի տեսնում պատերազմի վերսկսման հնարավորություն, քանի որ ըստ նրա՝  Ադրբեջանը չունի բարոյահոգեբանական պատրաստվածություն.

«Նա կարող է թիկունքից, դարանից իրեն ցույց տա, բայց չի կարող հասակով մեկ մարտի մեջ մտնել, որովհետեւ նա գիտի, որ սա անարդար պատերազմ է, որ ինքը ուրիշի հողն է ուզում վերցնել, որ ինքը ուրիշի հայրենիքն է ուզում խլել: Իսկ այդպիսի անարդար պատերազմում, անարդար իրավիճակներում մարդիկ միայն այդպես դարանից են կարողանում: Ես չեմ տեսնում լուրջ պատերազմի հավանականություն, բայց ես համարում եմ, որ մեր բոլոր հաջողությունների գրավականը առաջին հերթին ազգային բանակի մարտունակությունն է, նաեւ մեր հասարակության կողմից մեր բանակի նկատմամբ առավել հոգատար, առավել ուշադիր վերաբերմունքի ճանապարհն է, մեր պետական մնացած բոլոր մարմինների բարձր պատրաստակամությունն է, որովհետեւ մենք ապրում ենք չավարտված պատերազմի պայմաններում»:

Հերմինե Նաղդալյանը ցավակցեց Հայաստանի սահմաններում զոհված երիտասարդների ընտանիքներին եւ բարեկամներին: Նա ցանկություն հայտնեց, որ հայկական բանակը մի բռունցք դարձած գիշեր եւ ցերեկ հայկական սահմանը պահի.

«Իսկ մենք էլ մեր ժողովրդով հասկանանք, որ պատերազմի տարբեր ձեւեր ու փուլեր են լինում: Լինում է նաեւ դիվանագիտական պատերազմ, տեղեկատվական պատերազմ, լինում է բացարձակ պատերազմ, բայց այս ճանապարհը մենք պետք է հաղթահարենք մինչեւ հասնենք մեր հարցի լուծմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Տիկին Նաղդալյանի մոտ առաջին հերթին խոսում է հայ Կինն ու Մայրը, ինչը միանշանակ հարգանքի է արժանի: Անհրաժեշտ է նշել, որ ներկայիս իրականության վրա ազդում են մի շարք գործոններ, որոնց լուծումներին ցավոք ոչ ոք մինչ օրս չի անդրադարձել: Մասնավորապես՝ – սահմանամերձ բնակավայրերին օրենսդրորեն կարգավիճակ տալն ու դրանից բխող հետևանքները, – սահմանամերձ բնակավայրերում համակարգված տնտեսական քաղաքականության բացակայությունը, – իշխանությունների նկատմամբ ժողովրդի կորսված վստահության վերականգնմանն ուղղված քայլերի բացակայությունը, – սահմանամերձ մարզերում վարվող անլուրջ կադրային քաղաքանությունը, մասնավորապես բոլորովին վերջերս լրատվամիջոցներից իմացա, որ Տավուշում ինչ-որ 28 տարեկան երիտասարդի փոխմարզպետ են նշանակել, ինչ բնավ չի բխում այսօրվա իրավիճակից, – հասարակության բարոյալքվածությունը և նմանատիպ մի շարք այլ հարցեր: Այնպես որ հակառակորդի թույլ կողմերը նշելուն զուգահեռ հարկավոր է նաև սեփական բացթողումները հիշել ու միջոցներ ձեռնարկել դրանց շտկման համար, ինչը սակայն այսօր չի արվում:

  2. Gayane says:

    Սիրելի լրագրողներ պատերազմի ժամանակ ապրող կանանց տեսնելու համար գնացեք Տավուշ ու սահմանամերձ գյուղերում ապրող կանանց հարցրեք թշնամին կուզեկուզ է հարձակվում թե դարանից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031