Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Մայր աթոռի միաբանի փաստարկները ոչ մի քննություն չեն բռնում»

Օգոստոս 18,2014 19:11

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված 2013 թվականի ընթացքում հավատքի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցին տարակուսանք էր հայտնել: Հոգեւորականը մի շարք փաստարկներ բերելով, նշել էր, որ իր դոմինանտ դիրքը Հայ առաքելական եկեղեցին այն վաստակել է պատմության ընթացքում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան  Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մայր աթոռի պատասխանին, սպասելի համարեց այն, քանի որ պարոն Իշխանյանի ձեւակերպմամբ, Հայ առաքելական եկեղեցին պետության հովանավորությամբ ունի մի շարք մենաշնորհներ եւ տվյալ պարագայում համաձայնեցված էր նաեւ այն, որ իշխանության փոխարեն պետդեպի զեկույցին պատասխանի Հայ առաքելական եկեղեցին: «Իրականում Մայր աթոռի միաբանի փաստարկները ոչ մի քննություն չեն բռնում այն իմաստով, որ դարերով մեր մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է: Նույն ձեւով էլ Խորհրդային տարիներին կարելի էր արդարացնել, որ որեւէ եկեղեցի չի կարելի կառուցել, որովհետեւ բնակչության մեծ մասը աթեիստ է: Ավելին ասեմ, այն անհանդուրժողական վերաբերմունքը, որ կա եւ առաքելական եկեղեցու, եւ իշխանությունների կողմից՝ այլ եկեղեցիների նկատմամբ, ազգի պառակտման է տանում: Հակազգային գործունեություն է այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը: Ինչ վերաբերում է զեկույցին, այն  բավականին օբյեկտիվ էր: Միակ բանը, որ ինձ ծանոթ չէր, այն էր, որ 1000 օրինակից ավելի տպաքանակով այլ կրոնական կազմակերպությունները իրենց կրոնական գրականությունը տարածելու իրավունք չունեն»:

Իրավապաշտպանի խոսքով,  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ,  փաստորեն կառավարությունն ընդունել է, որ կան ճնշումներ այլ կրոնական համոզմունքներ ունեցող ուսուցիչների հանդեպ, որոնք պետք է դադարեցնել, ընդունել է, որ դպրոցներում պետք է տարածել Տոլեդոյի սկզբունքներին համաձայն հանդուրժողական վերաբերմունք այլ կրոնական ուղղությունների նկատմամբ: «Ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին այդ ռազմավարության դեմ որեւէ ծպտուն չի հանել»,-տարակուսանք է հայտնում Ավետիք Իշխանյանը:

Անդրադառնալով Մայր աթոռի ներկայացուցչի այն մտքին, թե դժվար է պատկերացնել, որ Հունաստանում, ուր բնակչության մեծամասնությունը Հույն ուղղափառ եկեղեցու հետևորդ է, արտոնություններ տրվեն մեկ այլ եկեղեցու, մեր զրուցակիցը նշեց. «Հունաստանը չի կարող հաջող օրինակ լինել: Հունաստանը Եվրոպայի հազվագյուտ երկրներից է, որտեղ եկեղեցին անջատված չէ պետությունից: Ես հույն ծանոթներ ունեմ, որոնցից մեկը հիմա ապրում է Կիեւում: Նա է ինձ ասել, որ Հունաստանում հնարավոր չէր ապրել, որովհետեւ  եթե երեխաները նույնիսկ հիվանդ էին ու չպետք է դպրոց հաճախեին, ապա պարտադիր էր  առավոտյան դպրոց հաճախելը եւ աղոթքին մասնակցելը: Եթե որեւէ երեխա չէր մասնակցել աղոթքի հիվանդության պատճառով, քահանաները նրա տան մոտ էին գալիս ու նախատում, պարտադրում, որ ամեն կիրարկի պետք է գնալ աղոթատուն: Մեծ հարգանք ունենալով հույների հանդեպ, ես կարծում եմ, որ եկեղեցու «մասով» Եվրոպական ընտանիքի անդամ  Հունաստանը դեռեւս  միջնադարյան հետամնաց վիճակում է, ինչն էլ նրա տնտեսական ձախողումների պատճառներից մեկը կարող է լինել»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031