Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. «Ռուսական շուկան միշտ բաց դռներ է ունեցել Հայաստանի համար»

Օգոստոս 27,2014 14:38

«Սանկցիաները հնարավորություն են տալիս շուկա մտնելու»,- այսօր՝ օգոստոսի 27-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը:

Նա համարում է, որ այս հնարավորությունը պետք չէ կորցնել եւ գյուղատնտեսական շատ մթերքներ արտահանել: Լյովա Խաչատրյանը նշեց, որ այս տարի գրեթե կրկնապատկվելու է արտահանումը Ռուսաստան: Ըստ նրա՝ շուկա մտնելուց հետո հնարավորություն կընձեռվի մեր տեղն այնտեղ ամրապնդելու, որը հետագայում հնարավորություն կտա զարգացնել գյուղատնտեսությունը.

«Պետք է արագացնել, քանի սանկցիաները իրոք դեռ գործում են, եւ իրոք շուկան դեռ ազատ է: Եթե այս ընթացքում չհասցնենք ռուսական շուկայում մեր տեղը գրավել, հետագայում նորից մեր համար դժվարություններ կլինեն»:

Սակայն նա համարում է, որ Հայաստանը պատրաստ չէ մեծ քանակությամբ արտահանում կատարել: Նրա կարծիքով` առաջին հերթին պետք էր գյուղատնտեսությունը զարգացնել, դա էլ հնարավոր կլիներ, եթե ավելցուկ ունենայինք.

«Մենք այսօր գյուղատնտեսությամբ ինչպես հարկն է չենք զբաղվում, մենք այսօր ունենք ջրի խնդիր: Առվույտները չորանում են, որովհետեւ ջուր, պարզապես, արգելել ենք տալ, որովհետեւ չի բավականացնում: Այգիները` ի՞նչ վիճակում կլինեն, կարծում եմ` Գյուղատնտեսության նախարարությունը տարվա վերջում կամփոփի`մենք իրոք չորացրեցի՞նք ինչ-որ բան, թե՞ ոչ: Հիմա աշնանը ի՞նչ պատկեր կունենանք, կհասցնե՞նք ձմեռոցի, թե՞ ինչ-որ բան կկորցնենք, կչորանան, կարծում եմ` նման դեպքեր կունենանք այս տարի: Ռազմավարական ծրագիր նորմալ չունենք ոռոգման ջրի հետ կապված, թե ի՞նչ ենք անելու վերջին տարիներին: Մենք Արարատյան դաշտավայրի ջուրը հանում ենք, ասում ենք 20-30 տոկոս ավելի է պետք ոռոգման համար: Բնօգտագործման վճարներ ենք հավաքում, տվե’ք գյուղացուն, գյուղացին ի՞նչ մեղք ունի այդ ավազանը ցամաքեցրել եք մի ջուր ավել է ինքը գնում, փոխհատուցեք գյուղացուն այդ մի ջրի փոխարեն, որովհետեւ պատճառն, օրինակ` ձկնարդյունաբերությունն է»:

ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը համարում է, որ ոչ միայն սանկցիաները, այլ նաեւ Եվրասիական միության անդամակցությունը շատ մեծ ազդեցություն կունենա գյուղատնտեսության վրա, որովհետեւ ռուսական շուկան միշտ բաց դռներ է ունեցել Հայաստանի համար: Նրա կարծիքով` սա միայն գործարարների խնդիր չէ, այլ նաեւ միջպետական հարաբերությունների.

«Եթե պետությունն է շահագրգռված, վերանում են մյուս քաշքշուքները՝ մաքսային, հարկային: Մենք քաջ տեղյակ ենք, որ այն ժամանակ, երբ չկան միջպետական հարաբերություններում իրական պայմանագրեր, նույնիսկ մեր մաքսային կազմակերպությունները, հարկային կազմակերպությունները, միջին օղակները խոչընդոտում են: Իսկ երբ պետությունը պետական քաղաքականությունն է վարում, այդ օղակները շատ ավելի զուսպ են լինում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031