Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Լսումներ անենք Ղարաբաղի հիմնահարցով, ոչ թե այս»

Սեպտեմբեր 02,2014 13:39

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Այն դրական եզրակացության արժանացավ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, որոնք միաձայն կողմ քվեարկեցին:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որ լսումներ անցկացվեն, օրենքի հետ կապված բոլոր հնարավոր խնդիրները բացառելու համար: Սակայն դրան դեմ էր Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքերով՝ «Շուտ ընդունենք, մարդիկ գործ անեն, իսկ լսումներ անենք Ղարաբաղի հիմնահարցով, ոչ թե այս»: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ իր ասածը որեւէ կերպ չի կաշկանդում գործ անելուն եւ օրենքն ընդունելուն:

Ալեքսանդր Արզումանյանն էլ առաջարկեց, որ օրենքն ընդունելուց հետո լսումներ անեն, պարզեն, թե ինչպես է այն աշխատում, ինչ խնդիրներ կան:

Էլինար Վարդանյանի խոսքերով՝ միջազգային նորմերին հակասություն կար, օրենքի նախագիծը խիստ կարեւոր է եւ թերեւս մի քիչ էլ ուշացումով է ներկայացվում:

Հանձնաժողովի նիստում քննարկվեց նաեւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Արծվիկ Մինասյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ընդունել, որ վարկերի, փոխանցումների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որտեղ կա տոկոսի, վճարման մասին խոսք, անպայման լինի հստակ այն տոկոսադրույքը, որը վարկառուն վճարում է. «Մեր նպատակն է, որպեսզի քաղաքացիները եւ իրավաբանական անձինք ստանան պատշաճ, ամբողջական տեղեկատվություն: Սա պետք է վերաբերի բացառապես այն վարկերին, որոնք սպառողական նպատակ են հետապնդում, ոչ թե բիզնես նպատակ»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագծով ուզում են երկրի տնտեսությունը զարգացնեն. «Այսօր հեռուստատեսությամբ տեսնում ենք՝ 24 տոկոս վարկ տանք՝ առանց պայմանների: Մարդիկ կան, որ վարկավորում են իրականացնում՝ առանց որեւէ լիցենզիայի: Այս ամենի դեմն առնելու համար պետք է լուրջ քննարկում ծավալենք: ԿԲ-ի դերը պետք է լինի այդտեղ: Միգուցե պետք է ասել՝ եղբայր, որ դու վարկ ես տալիս, գովազդ ես անում, ուրեմն պետք է նշես, թե դու ով ես, որ մարդը չմտածի դու բանկ ես, դու գրավատուն ես»:
ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը բացասական գնահատական տվեց: Այս նախագիծը քննարկվում է հանձնաժողովում արդեն մոտ մեկ տարի: Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ նախորդ քննարկումից հետո խնդրել էին ԿԲ-ի հետ համաձայնության գալ, եթե ոչ, իրենք թեկուզ բացասական գնահատական տան, ուղարկեն ԱԺ, թող այնտեղ քննարկվի նախագիծը. «Երկուսիդ ասածները հասկանալի են, բայց կա շահերի բախում»,- Ներսես Երիցյանին եւ Արծվիկ Մինասյանին ասաց պարոն Արզումանյանը,- «Ներկայացրեք երկուսդ մի տեքստ, կոմպրոմիսի եկեք, որ մենք իմանանք ինչպես գնահատենք»:
Արծվիկ Մինասյանը, որը հիմնական զեկուցողն էր, կոմպրոմիսի հնարավորությունը չբացառեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930