Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընդդիմության հրաժարականով կփրկվի երկիրը, եւ իրենք ռադ կլինեն, մենք կգնանք այդ քայլին»․ Արծվիկ Մինասյան

Ապրիլ 12,2024 13:26

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին։ Ալեն Սիմոնյանը հարցադրում էր արել՝ ո՞րն է ընդդիմության օրակարգը, եւ եթե օրակարգ չունեն, ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում։

«Ալեն Սիմոնյանի ելույթը երեկ ամբողջությամբ տեղավորվում էր Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու անհագ ցանկության մեջ։ Եվ ինչ ապաքաղաքական, ապազգային, հակապետական հայտարարություններ կան, լսեցինք նրա ելույթներում։

Ընդդիմության օրակարգը ձեւակերպված է իր նախընտրական ծրագրում, ուժեղ Հայաստանն է եղել ու կա մեր օրակարգը։ Ուժեղ Հայաստանին խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն է, ինչպես նաեւ ադրբեջանա-թուրքական ուժերն են եւ նրանց ուղղորդմամբ գործող արտաքին գործակալական ցանցը։ Սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք։

Այն, ինչ ինքը որպես լուծում է առաջարկում, իրենց երազանքն է՝ չունենալ այստեղ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա եթերներով կեղծ եվրոպիզմ քարոզող եւ Հայաստանը հերթական անգամ կառափնարան տանող ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն են։ Սա իրենց երազած ընդդիմությունն է։

Ակնհայտ է, չէ՞, որ այս կառավարությունը տապալել է ոչ միայն իրենց նախընտրական խոստումները, ոչ միայն կառավարության ծրագրային դրույթները, այլ նաեւ ամեն օր ու ամեն պահ մի նոր փորձություն են բերում մեր պետականության գլխին։ Եվ, հետեւաբար, հեռանալու մեր պահանջը, պնդումը, հորդորը, եթե կուզեք՝ թեկուզ խնդրանքն ուղղված է նախ եւ առաջ իրենց։ Եթե իրենք այդքան կամք ունեն, նվազագույնը կառավարության այս ծրագիրը փոխելու համար պետք է գոնե հրաժարական տան, նոր կառավարություն ձեւավորեն, բերեն ասեն՝ այս իրողությունների պայմաններում նոր ծրագիր ենք հորինել։

Ընդդիմությունը չէ կառավարություն ձեւավորողը, մեծամասնությունն է կառավարությունը ձեւավորում։ Հիմա իրենց՝ այս վիճակից պատկերացրած ելքն ընդդիմության հրաժարականն է, եթե այդ հրաժարականով կփրկվի երկիրը, իրենք ռադ կլինեն, ամբողջությամբ կմաքրվի հանրային դաշտը, մենք կգնանք այդ քայլին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մինասյանն ասաց, որ ընդդիմության օրակարգի կյանքի կոչումը մեծամասամբ կախված է այն հանգամանքից, թե հասարակական աջակցություն ի՞նչ ծավալի կլինի։ «Մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որեւէ բան չի խանգարում, բայց եթե չկա հասարակական այն ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի նաեւ կառավարությանն անվստահության հայտնումը եւ հանրային այնպիսի ընդվզումը, որը թույլ չի տա այս կառավարությանը նորից վերարտադրվել, մենք այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք։ Եթե պետք եղավ անվստահության որոշման նախագիծն ենք առաջ տանելու, եթե դա էլ չստացվի, մանդատները վայր դնելու հարցը։ Միայն անհրաժեշտ է հանրային լայն ընդվզում, եթե չկա այդ ընդվզումը, եթե հանրային մեծ աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ հարցին, արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետեւանքով նորից ուժեղացնում ես այս ազգադավ, ազգակործան իշխանության գործողությունները։

Պատկերացրեք մի իրավիճակ՝ եթե ընդդիմությանն անգամ հաջողվի 36 ստորագրություն հավաքել եւ ներկայացնել անվստահության նախագիծ, եւ այսօրվա իրենց ալենսիմոնյանական ոճի մեջ եղած պատգամավորներով այդ անվստահությունը չպաշտպանեն։ Հետեւանքը՝ Նիկոլ Փաշինյանի հերթական անամոթ շոու-բեմադրությունը լինելու է այն, որ՝ տեսեք, ԱԺ-ն եւս մեկ անգամ վստահություն տվեց մեր վարվող քաղաքականությանը։ Բա երկրորդ անգամ եթե այդպիսի բան նախաձեռնես, հանրությունը էլ քեզ կհավատա՞»,- հավելեց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի թաքցնում, որ իր «կարմիր գիծը» ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունն է, ոչ թե Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունն է, իր համար «կարմիր գիծը» իր աթոռն է, պաշտոնն է, իր բարեկեցությունն է։ Եվ մեր հասարակությունը, ըստ Մինասյանի, այսպիսի քննարկումների արդյունքում պետք է լիարժեք գա այդ համոզման, տեսնի, որ այսօրվա իշխանությունը չունի ոչ պետականակերտ «կարմիր գիծ», բացի սեփական իշխանությունն ամեն գնով պահելուց։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ խորհրդարանական ընդդիմությունը պրոռուսական է, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Եթե որեւէ մեկը կասկածում է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է, ուրեմն այդ մարդը բացարձակ հայոց պատմության հետ կապ չունի, գործ չունի կամ դասեր չի քաղում։ Այն, ինչ անում է այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կտրել մեզ հնարավոր բոլոր դաշնակիցներից ու թողնել միայնակ։ Ինչպես ինքն էր այն ժամանակ ձեւակերպում՝ իր պատկերացումներում Թուրքիան ու Ադրբեջանը ցուլ էին, իսկ իրականում նրանք գայլեր են, այն էլ՝ գորշ գայլեր։ Եվ ուզում է մեզ այդ գորշ գայլերի դեմ թողնել մեն-մենակ»։

Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանը հայոց պետականությունը բերել է միայնակ մի դաշտ, որտեղ իր վարած քաղաքականության հետեւանքով մենք կորցրել ենք բոլոր հնարավոր անվտանգային համակարգերը։

Նա նշեց, որ Արեւմուտքը, օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է ռուսական ազդեցությունն այս տարածաշրջանում նվազեցնելու միջոցով առաջ մղել Հայաստանի հակառուսականացման հարցը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930