Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Վովան էլ համազգեստը փոխի, գուցե իր ներքինը դրսեւորվի». արձագանքում են ոստիկանապետին

Սեպտեմբեր 18,2014 22:03

Քաղաքացիական ակտիվիստները կասկածով են վերաբերվում «նոր ոստիկանը նոր համազգեստով պետք է լինի: Նոր ոստիկանի համազգեստի մեջ նոր ոստիկանին համապատասխանող անձնավորություն պետք է լինի» ոստիկանապետ Վովա Գասպարյանի պնդումներին:

«Կոստյո՞ւմն է, որ քեզ պետք է գեղեցկացնի: Նույն ոստիկաններն են, նույն տգետները, ամեն ինչ նույնն է, ինչ ուզում եք հագցրեք, ինչ է փոխվելու դրանից: Վլադիմիր Գասպարյանը դեմագոգիայով է զբաղվում: Նույնը տեղի ունեցավ հրեշտակների հարցում, երբ նրանց հրեշտակների թեւերով համազգեստ հագցրին, բայց տեսանք, որ հենց հրեշտակները սկսեցին քաղաքացիներին մեքենաներում ծեծել: Ինչ տարբերություն՝ համազգեստն ինչ տեսք ունի»,- Aravot.am-ին ասաց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը:

Անդրադառնալով ոստիկանապետի հայտարարությանը, թե ոստիկանները սպառնում են իրենց գիտելիքներով և օրենքի գերիշխանությամբ, Գեւորգ Սաֆարյանը շարունակեց. «Մենք, ոստիկանների հետ շփվելով, շատ լավ գիտենք, որ ոստիկանությունում իրավագիտակից ոստիկաններին կարելի է մատների վրա հաշվել, նույնիսկ ոստիկանության իրավաբանական վարչությունում են իրավագիտակիցները քիչ: Ուզում են ժողովրդին խաբեն, բայց բոլորս էլ գիտենք, թե ոստիկաններն ինչով են սպառնում: Սպառնացել են, թե առօրյայում, թե ոստիկանության բաժանմունքներում: Խորհուրդ կտամ, որ Վլադիմիր Գասպարյանը մի քանի youtube-յան տեսագրություն նայի ու տեսնի, ոստիկանների եւ ակտիվիստների բանավեճերը, նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան սպաները ոչ օրենքից ոչ իրավունքից առհասարակ գաղափար չունեն: Մինչեւ հիմա Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքների ժամանակ մեզ մոտենում ու ասում է, թե ձեր հավաքն արտոնված չէ, նման բան վաղուց մեր օրենքում չկա: Վովան պետք է նման բաները նայի ու անպատասխանատու հայտարարություններ չանի»:

Նա չի հավատում Գասպարյանի ասածներին, թե ոստիկանությունը ճիշտ ուղու վրա է. «Կախված է նրանից, թե Վովան ինչ նկատի ունի ճիշտ ուղի ասելով, եթե ճիշտ ուղին տանում է օրենքի ու իրավունքի գերակայություն, ապա, իհարկե, ոստիկանությունն այդ ուղով չի գնում»:

Քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանն էլ այն կարծիքին է, որ համազգեստը չի կարող որեւէ կերպ արտահայտել ոստիկանի ներքինը կամ որակները. «Իմիջ ստեղծելու քայլեր են, որ իրենց դրամաշնորհներ տվողներին ցույց տալու բան ունենան»:
Ոստիկանության բարեփոխման ճիշտ ուղու վրա՞ են հարցին էլ պատասխանեց. «Եթե իրենց պատկերացմամբ, ավելի լավը դառնալը հանցավոր վարչախմբին ատամներով ավելի պինդ պահելն է, ուրեմն՝ տեսնում եմ»:

Վերջում էլ հավելեց. «Թող Վովան էլ համազգեստը փոխի, գուցե իր ներքինը դրսեւորվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իմիջափոխությունն ավելի շատ հետևանք է ոստիկանության համակարգի, այսպես կոչված բարեփոխումների ձախողման, կամ ավելի ճիշտ այդ բարեփոխման գաղափարը փրկելու անիմաստ ճիգեր են: Համազգեստի նմանատիպ փոփոխություն արդեն իսկ ՌՈ-ում Վ.Գասպարյանի կողմից իրականացվել է և ասեմ, որ աշխատանքի որոկի վրա որևէ դրական ազդեցություն չի ունեցել, ավելին, զինծառայողների շրջանում լրացուցիչ հակակրանք է առաջացրել: Համազգեստի փոփոխության համար առավել անհիմն փաստարկ, քան նոր ոստիկանը նոր համազգեստով, չի կարելի պատկերացներ: Նախ ինչ է ասել նոր ոստիկան, ինչ է այդ ոստիկանին համակարգ ընդունելու մեխանիզմն է փոխվել, գործառույթները, թե կրթական մակարդակը, և ի վերջո մեր երկրում, հասարակության մեջ, այդ թվում նաև կրիմինագեն իրավիճակում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որ նոր որակների կարիք կա, ինչպիսին է լինելու այն նորը, որը չի հիմնվելու անցյալի դրականի վրա: Նոր ոստիկանի նոր՝ օրենքի շրջանակներում գործելու գնահատականը պետք է որ հասարակությունը տա, իսկ պետությունը ոստիկանի բարեխիղջ աշխատանքի համար համարժեք վճարի: Փոխարենը ինչ ունենք այսօրՀերթական անգամ ոստիկանապետը բովանդակությունը թողած, ձևի հետևից է ընկել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930