Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա հարթակը զոմբիացնում է»

Հոկտեմբեր 16,2014 16:30

Ինչո՞ւ էին մարդիկ լքում Ազատության հրապարակը

«Որպես նորությունների աղբյուր ես հանրահավաքները չեմ դիտում: Հանրահավաքներին հետեւում եմ իրենց նպատակի տեսակետից: Բայց ամենանոր բանն ինձ համար ժողովրդի միջոցով անկախության կորուստը ողջունելն էր»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` Ձեր կարծիքով, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հնչած ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում նորություններ կայի՞ն, թե՞ նախորդ ելույթների կրկնությունն էր, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը:

Այն, որ հասարակությունը դժգոհ է իշխանություններից եւ օր առաջ ցանկանում է ազատվել բոլորից՝ մեր զրուցակցի համար փաստ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավորություն ունի Գագիկ Ծառուկյանի եւ մնացյալի միջոցով ու նրանց հետ միասին հավաքել դժգոհ ժողովրդին՝ կրկին փաստ է: Բայց հարցն այն է, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում կոնկրետ այդ հանրահավաքը: Ալբերտ Բաղդասարյանն էլ թերահավատություն ունի հանրահավաքի օրվա ընտրության հետ կապված: Եթե հանրահավաքը ԵՏՄ-ին անդամակցության հետ կապված նպատակ չուներ, ապա նա բացարձակապես անիմաստ է համարում այն, որ Տեր-Պետրոսյանն իր ելույթից մի հատված նվիրեց այդ «անշրջելի գործընթացին» ու ասաց, որ դրա դեմ խոսողները «20-30 ջղաձիգներ են: Նա գտնում է, որ ճիշտ կլիներ, եթե հնչեր նաեւ «մի նորմալ» վերլուծական ելույթ` Եվրասիական տնտեսական միության բացասական կողմերն ի ցույց դնող, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի «ծրագրից դուրս», անհասկանալի ու այդպես էլ չավարտված ելույթը: Ուստի Ալբերտ Բաղդասարյանը վստահ է, որ Տեր-Պետրոսյանի այդ հարցադրումն ինքնաբուխ չէր, ու հիշեցնում է, որ աշխարհում անշրջելի ոչինչ չկա. «Եթե Սովետական Միությունն անշրջելի չէր, առավել եւս՝ ԵՏՄ-ն չի կարող անշրջելի լինել»:

Դիտարկումը` ընդդիմության նպատակներից մեկն էլ իշխանությանը զորակցելն էր այդ հարցում, Ալբերտ Բաղդասարյանը երկրորդային է համարում: Առաջնայինն, ըստ նրա, մի փոքր այլ էր. «Ցույց տալ հիմնական տիրոջը, որ ժողովուրդը, որը ամենուրեք խնդիրներ է առաջացնում արաբական գարունների տեսքով, իմ վերահսկողության տակ է, եւ եթե ես հայտարարում եմ, որ գործընթացն անշրջելի է, դրան դեմ եղողները մոլագարներ են, ինչպես կցանկանամ՝ կկառավարեմ այդ ժողովրդին: Հրապարակն արդեն դադարել է 1988-ի վիճակը լինելուց, հրապարակը չի թելադրում հարթակին, դա հեքիաթ եւ աբսուրդ է: 88-ի հարթակը եւ հրապարակը միասին սովորում էին, հարթակը չէր զոմբիացնում: Այսօրվա հարթակը զոմբիացնում է` կիրառելով ընդունված մեթոդներ` խմբեր, վանկարկումներ: 88-ին եղել է նպատակ, ժողովուրդը հավաքվել է հանուն դրա, իշխանությունը դրան խանգարել է, իշխանությանը հեռացրել են»:

Այն, որ Տեր-Պետրոսյանը հարթակից ասաց, որ իրենք են որոշելու եւ ասելու, թե ինչ պետք է անել, ոչ ոք չթելադրի, մեր զրուցակիցը որակում է «բոլշեւիկների շատ ծանոթ ձեռագիր»: Մինչդեռ, հիշեցնենք, 12 հայտնի պահանջների հրապարակումից հետո քառյակը հավաստիացնում էր, որ հրապարակն է որոշելու` ինչ անել: «Ես ուզում եմ հարց տալ ազատամարտիկներին ու իմ այն ընկերներին, ովքեր Ֆեյսբուքով ասում էին` արի հանրահավաք, մենք կթելադրենք. բա ինչո՞ւ չթելադրեցիք, գլուխներդ կախ ասեցիք` դե, մի բան գիտի, որ ասում է… Մինչ այդ կտրիճ կտրած ասում էիք՝ գնանք, հարթակին թելադրենք: Դուք հարթակին թելադրեցիք, որ սպասենք հաջորդ հանրահավաքի՞ն: 24-ի հանրահավաքն իշխանությունների համար է ժամկետ նշանակված` եթե չգաք բանակցությունների, փոխզիջումների, 24-ի հանրահավաքում էս կանենք: Մինչեւ 24-ին ցույց տան՝ էս կանենքն ու սկսեն անել, հավատացեք՝ իշխանությունը բանի տեղ չի դնելու: Լեւոն Տեր-Պետրոսյանի հաշվարկները նույնիսկ այդ ուղղությամբ սխալ են»,- կարծում է Ալբերտ Բաղդասարյանը: Իսկ այն, որ հարթակում ելույթ ունեցողները սպառնում էին, որ հաջորդ հանրահավաքում առավել շատ ժողովուրդ կբերեն, զուտ իշխանությունների վրա ճնշում գործադրելու ու սակարկություններում առավելագույնի հասնելու միջոց էր՝ Ալբերտ Բաղդասարյանը միանշանակ է համարում. «Երբ իշխանությունները հաշվեն ու տեսնեն ուժերի հարաբերակցությունը, նոր կգնան բանակցությունների»: Առայժմ մեր զրուցակիցը կարծում է, որ իրավացի են ՀՀԿ-ի այն ներկայացուցիչները, ովքեր ասում են, որ սովորական հանրահավաք էր, ոչ մի նոր բան չասացին, հավաքվեցին ու գնացին:

Եռյակ-քառյակը հանրահավաքի նպատակ էր հռչակել` «ո՛չ» ասել իշխանություններին: Բայց հոկտեմբերի 10-ին այն չասվեց: Անգամ առաջնորդների ելույթների ընթացքում մարդիկ սկսեցին լքել Ազատության հրապարակը: Արդյոք դա ուղղակի ապացույցը չէ՞ր նրա, որ հրապարակ եկածների մեծ մասի ակնկալիքները` արագ փոփոխությունների մասով, չեն իրականանալու, եւ մարդիկ ուղղակի հերթական հիասթափությունն ապրեցին: Ալբերտ Բաղդասարյանը համամիտ չէ, որ հանրահավաքի լեյտմոտիվը «Սերժիկ, հեռացիր»-ն էր: Նա կարծում է, որ իրավացի են այն ՀՀԿ-ականները, ովքեր կարեւորում են միայն կուսակցությունների առաջնորդների հայտարարությունները. «Դուք լսե՞լ եք Գագիկ Ծառուկյանից, ով հանրահավաքի դոմինանտ ուժի ղեկավարն էր, իշխանությունների հրաժարականի պահանջի մասին հայտարարություն: Ոչ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարե՞ց, որ իշխանություններից հրաժարականի պահանջ ունի: Ոչ: Ավելին՝ ասաց, որ մենք այլեւս պահանջ չունենք, նրանք են պարտավոր ներկայացնել: Այսինքն՝ սկսել բազարը, որի միջոցը հավաքված ժողովուրդն էր»: Ըստ մեր զրուցակցի՝ իշխանությունների հրաժարականը պահանջելը հիմա Տեր-Պետրոսյանին էլ ձեռնտու չէ, քանզի 2008-ի հիշողությունները դեռ շատ վառ են. «Ուստի ժողովուրդը, հանրահավաքը դառնում են միջոց` իշխանությունների հետ երկխոսության, բազարի համար: Այն, ինչը որ Տեր-Պետրոսյանն ուղիղ հայտարարեց»:

Ամեն դեպքում՝ մեր զրուցակիցը վստահ է, որ հասարակությունը շուտով կհասկանա՝ հարթակին թելադրելու միակ ձեւը հանրահավաքների չգնալն է ու հստակ ծրագիր պահանջելը, որը իշխանություն փոխելու նպատակ ունի, եւ որ ոչ պակաս կարեւոր է` ինչի՞ համար փոխել իշխանությունը:

Դիտարկմանը` գործընթացները ցույց են տալիս, որ ընդդիմությունը հերթական ընտրությունների է պատրաստվում, Ալբերտ Բաղդասարյանն արձագանքեց, որ մի նրբություն կա` եթե սահմանադրական բարեփոխումներն ընդունվեցին, նախագահական ընտրությունները վերանում են, եւ աբսուրդ է դառնում նախագահական ընտրություններին պատրաստվելը: Պետք է խորհրդարանական ընտրությունների պատրաստվել: Առայժմ, սակայն, ըստ նրա՝ հայրենի ընդդիմության խնդիրը ժողովրդին վերահսկողության տակ պահելն է, դա Կրեմլին, ապա իշխանություններին ցույց տալը եւ բանակցությունների մեջ մտնելը: Դրանով գուցե ստիպել նաեւ Սերժ Սարգսյանին հարգել իշխանափոխության ժամանակ Ռոբերտ Քոչարյանին տված խոստումը եւ իշխանությունը նրան վերադարձնել:
Իսկ ովքեր ասում են, որ հանրահավաքի չգնալով մարդիկ նպաստում են ռեժիմի վերարտադրությանը՝ Ալբերտ Բաղդասարյանը մաղթում է. «Աստված օգնի իրենց»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031