Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշի մարզում մարդիկ դժվարին պայմաններում են ապրում». Ադրիանա Կարեմբո

Հոկտեմբեր 20,2014 19:21

Այս օրերին Հայաստանում է գտնվում հայտնի մոդել, հաղորդավարուհի, Կարմիր խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն: Նա Ֆրանսիայում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի՝ «Ֆոնեթոն»-ի այս տարվա կնքամայրն է:

«Ֆոնեթոն»-ի ընթացքում նա կոչով կդիմի ֆրանսահայ համայնքին՝ մասնակցելու Տավուշի մարզում տարաբնույթ ծրագրերի և Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանն ուղղված դրամահավաքին:

MHM91051-copy

Ա. Կարեմբոն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամեն ինչ կանի, որպեսզի «Ֆոնեթոն 2014»-ին հնարավորինս մեծ գումար հավաքվի։

Նա արդեն հասցրել է իր ամուսնու՝ ֆրանսահայ գործարար Արամ Օհանյանի հետ լինել Տավուշի մարզում և ասում է, որ սեփական աչքերով տեսածն իրեն ստիպում է առավել մեծ նվիրվածությամբ ձեռնամուխ լինել այս դրամահավաքին. «Տավուշ գնալուց առաջ ես չգիտեի, որ վտանգավոր գոտի եմ գնում,- ասում է նա,- մարդիկ այնտեղ շատ դժվարին պայմաններում են ապրում, և ես ուղղակի ջանք չեմ խնայի, որպեսզի ավելի շատ մարդկանց համոզեմ նվիրատվություն կատարել»:

Պատասխանելով հարցին, թե գեղեցկությունը որքանո՞վ է օգնում բարեգործական հարցերում, մոդելն ասաց. «Եթե գեղեցիկ չլինեի, այստեղ չէի լինի: Ես դա ցավով եմ ասում, բայց այդպես է։ Արդեն 15 տարի է՝ համագործակցում եմ Կարմիր խաչի հետ, և իմ ամենամեծ գործառույթը ուշադրություն գրավելն է. ես իմ գեղեցկությամբ եմ կարողանում հետաքրքրություն առաջացնել ինչ-որ բանի նկատմամբ։ Երբ համբավ ունես, գեղեցիկ ես, հայտնի, քեզ ավելի շատ են տեղ տալիս: Ես կարծում եմ, որ դա զենք է, որից պիտի կարողանաս օգտվել՝ լավ ու բարի գործեր կատարելու համար»…

Չեխոսլովակիայում ծնված Ա. Կարեմբոն խոստովանում է, որ մինչև հայի հետ ամուսնանալը գրեթե ոչինչ չի իմացել Հայաստանի մասին, իսկ հիմա հայերեն որոշ բառեր գիտի, անգամ ինքն իր համար փոքրիկ բառարան է կազմել, որը մեծ ոգևորությամբ ցույց տվեց այսօր՝ ասելով, որ հայերենն իր և ամուսնու համար գաղտնի լեզու է դարձել. «Բայց Հայաստանում չենք կարողանում խոսել. բոլորը մեզ հասկանում են»,- կատակեց մոդելը։

Արամ Օհանյանն էլ պատմեց, որ ապագա կնոջը Մարաքեշի ռեստորաններից մեկում է տարիներ առաջ հանդիպել. «Մի անգամ Ադրիանան Ալեն Դելոնի հետ ռեստորան էր եկել: Տեսա նրան ու միանգամից սիրահարվեցի, իսկ նա՝ ոչ: Ադրիանան ինձ սիրահարվեց միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ հայ եմ»,- կատակեց Ա. Օհանյանը։

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031