Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պատմության ամենաաղետալի իրադարձություններից է, ամենավատ դեպքերից է մեր տարածաշրջանում»

Հոկտեմբեր 27,2014 15:00

Թուրք լրագրողները՝ Հայոց ցեղասպանության մասին

«Հարգելով Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կարեւորությունը՝ ես պետք է ասեմ, որ այնտեղ ես նոր բան չտեսա»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ Թուրքիայից ժամանած ազատ լրագրող Հուսեյն Հայաթսեւերը: Նրա հետ խոսեցինք Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան եւ Ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո, որը նախատեսված էր «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրով հայ եւ թուրք լրագրողների եւ բլոգերների ավտոբուսային շրջագայության շրջանակներում:
Նշենք, որ այդ ճանապարհորդության ընթացքում հայ եւ թուրք լրագրողները եւ բլոգերները եղել են Թուրքիայի մի շարք քաղաքներում, եւ հիմա շրջագայությունը շարունակվում է Հայաստանում:

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան այցելությունից ունեցած տպավորությունների մասին մեր զրուցակից Հուսեյն Հայաթսեւերն ասաց, որ քանի որ նա մշտապես՝ դեռ ուսանողական տարիներին հետաքրքրված է եղել հայ-թուրքական հարաբերություններով, երկու երկրների պատմական անցյալով, իր համար թանգարանում շատ նոր բան չհայտնաբերեց, որոշ ցուցանմուշներ նա տեսել էր համացանցում: Նա հաշվի առավ այն հանգամանքը, որ թանգարանի մեծ մասը փակ էր, ամբողջ հավաքածուին չկարողացավ ծանոթանալ (ինստիտուտ-թանգարանում այժմ վերանորոգման եւ վերազինման աշխատանքներ են ընթանում-հեղինակ:)

«Ես տխրեցի, երբ եղա Ցեղասպանության հուշարձանի մոտ: Ես տխրեցի այդ մարդկանց ապրած ցավի համար»,- ասաց նա:

Պետք է ասել, որ այցի ընթացքում հայ եւ թուրք լրագրողները եւ բլոգերները հանդիպեցին նաեւ կառույցի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, ով զրույցի ընթացքում ներկայացրեց Ցեղասպանության խնդրի բարձրաձայնման կարեւորությունն ու նշանակությունը: «Մեր ընկերներից շատերը հիասթափվեցին, որ թանգարանի տնօրենն ասաց, որ դուք կամ պետք է անպայման ընդունեք Հայոց ցեղասպանությունը, կամ լռեք: Ես չհիասթափվեցի դրանից, որովհետեւ ես սպասում էի նման վերաբերմունքի, որովհետեւ մեր այս ճանապարհորդության ընթացքում նկատեցի, որ երբ թուրքերն ասում են, թե պետք է այդ հարցը պատմաբաններն ուսումնասիրեն, հայերը մտածում են, որ մենք պարզապես փորձում ենք ժխտել ճշմարտությունը, ժխտել, որ մարդկանց են սպանել: Բայց իրականում շատ թուրքեր չեն ժխտում, որ մարդիկ են սպանվել, նրանք միայն փոխում են եղածի սահմանումը»,- ասաց նա: Մեր զրուցակիցը խուսափեց 1915 թվականի դեպքերը բնութագրող որեւէ բառ օգտագործելուց, միայն ասաց. «Սա պատմության ամենաաղետալի իրադարձություններից է, ամենավատ դեպքերից է մեր տարածաշրջանում»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս էլ մեր թուրք գործընկերը նշեց, որ, իհարկե, վերջին շրջանում կազմակերպվող միջոցառումներն իսկապես դրական տեղաշարժ կարող են առաջացնել, բայց միեւնույն ժամանակ ասաց. «Մենք՝ լրագրողներս, ունենք ուժ ինչ-որ բաներ փոխելու համար, բայց մեր կարողությունները սահմանափակ են, մենք չենք կարող փոխել ամեն ինչ: Մենք չենք կարող փոխել բոլոր մարդկանց վերաբերմունքը այս հարցի նկատմամբ: Մինչեւ քաղաքական գործիչները քայլեր չձեռնարկեն, հարաբերությունները հարյուր տոկոսով չեն լավանա: Եթե քաղաքական գործիչները չորոշեն ստեղծել նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ, մեր ջանքերը վերջնականապես դրական արդյունք չեն տա: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ոչինչ անենք: Մենք էլ մեր կողմից պիտի անենք ամենը՝ այս հարցի կարգավորման համար»:

«Թըդեյզ զաման» (Today’s Zaman) թերթի լրագրող Օսման Ունալանը եւս մեզ հետ զրույցում նշեց, որ Հայոց ցեղասպանության թեման իրեն միշտ է հետաքրքրել, եւ նա մշտապես ուսումնասիրել է այդ թեման: Նա ավելացեց, որ թուրք հասարակությանը պետք չէ ներկայացնել եղածը որպես ցեղասպանություն, դա գուցե նրանց վանի հարցը հասկանալիս: Կարծիք հայտնեց, որ հարցի վերջնական լուծումը կախված է քաղաքական գործիչների մարտավարությունից. եթե նրանք մի օր որոշեն, որ պետք է լավացնեն երկու երկրների հարաբերությունները, ապա հարցը միանգամից իր լուծումը կգտնի:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

լուսանկարը՝ Սոնա Ադամյանի

«Առավոտ» օրաթերթ
25.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031