Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչն ազատվել պաշտոնից

Հոկտեմբեր 31,2014 20:16

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտորատի նիստի ժամանակ որոշվել է բուհի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին ազատել ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից:

Եվ այսօր առավոտյան լրատվամիջոցներին հաղորդագրություն էր ուղարկվել այն մասին, որ ֆիզիկայի ամբիոնի աշխատակիցները դժգոհ են այդ որոշումից և իրենց վրդովմունքն արտահայտելու համար մամուլի ասուլիս են հրավիրում: Սակայն երբ լրագրողները ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասան, այստեղ պարզվեց, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ֆիզիկայի ամբիոնի դասախոսներին նիստի է հրավիրել:

Որոշեցինք զրուցել ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանի հետ, որը, ի դեպ, Ա. Խաչատրյանի քրոջ որդին է, և որի բնակարանն օրերս խուզարկվել էր Հ. Թոքմաջյանի անվանն առնչվող վիրտուալ սկանդալի գործի շրջանակներում:

Սակայն մինչ մենք պատրաստվում էինք զրուցել Խոեցյանի հետ, եկավ ՀՊՃՀ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանը և նախ փորձեց ճշտել՝ ով է լրատվամիջոցներին հրավիրել, ապա, դառնալով Խոեցյանին, նկատեց, որ նա հիմա պիտի ոչ թե միջանցքում, այլ լսարանում լիներ, քանի որ դասի է (ի դեպ, Խոեցյանն առաջին անգամը չէ նկատողություն ստանում դասերին չներկայանալու համար): Բայց երբ Խոեցյանը որոշեց մտնել լսարան, պարզվեց, որ այնտեղ ոչ մի ուսանող չկա: Նա լրագրողներին բացատրեց, որ վերջին ժամերին, երբեմն, այդպես լինում է:

Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանի՝ ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից ազատմանը, Վ. Խոեցյանն այստեղ հստակ միտում է նկատում. «Նա ազատվեց պաշտոնից, որովհետև չասաց՝ տղա´ս, մի կռվիր նրանց դեմ և մի պաշտպանիր քո շահերը: Ես հենց սկզբում ասացի՝ քեռի´, եթե իմ՝ նրանց հետ կոնֆլիկտի մեջ մտնելը քեզ խանգարելու է, ավելի լավ է՝ ես դիմում գրեմ ու դուրս գամ, բայց նա չհամաձայնեց»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Վ. Խոեցյանը:

Ամբիոնի նիստից հետո կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Վանիկ Զաքարյանը լրագրողներին վստահեցրեց, որ ամբիոնի նիստը բոլորովին կապ չի ունեցել վերջին իրադարձությունների հետ: Նա նաև ասաց, որ այնքան էլ վստահ չէ, թե մամուլի ասուլիս հրավիրողներն ամբիոնի աշխատակիցներն են եղել. «Կարծում եմ՝ Խոեցյանն է կազմակերպել. Խաչատրյանը նրա քեռին է, դրա համար էլ իրար է խառնվել»,- ասաց դեկանը՝ հավելելով, որ Ա. Խաչատրյանը շարունակում է մնալ պրոռեկտորի պաշտոնում, իսկ ամբիոնի վարիչի պաշտոնից, ըստ էության, վաղուց էր ազատվել, քանի որ հասարակական կարգով էր ամբիոնի վարիչ. «Ամբիոնում երեսունից ավելի դասախոսներ կան, այդպես չէր կարող լինել. ամբիոնի վարիչի ու պրոռեկտորի պաշտոններն իրար հետ համատեղելի չեն»,- ասաց Վ. Զաքարյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031