Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավորը կարեւոր է համարում Ռուբիկ Հակոբյանի կարծիքը, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի

Նոյեմբեր 21,2014 14:56

Այսօր «Ուրբաթ» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, որ իրենք դեկտեմբերի 5-ին սկսում են քաղաքացիական ժողովներ՝ հանրահավաքներ, Եռյակի պառակտո՞ւմ է նշանակում՝ պատասխանեց. «Ես դա պառակտում չէի համարի: Բացառիկ բան չեմ տեսնում այդտեղ: Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ առ ժամանակ ինչ-որ նորարարություններ են մտցնում գործընթացի մեջ: Տվյալ դեպքում Րաֆֆի Հովհանիսյանը հավանաբար բաց դռների օր է հայտարարում քաղաքացիների հետ հանդիպման համար: Փորձում են ինչ-որ կերպ նպաստել շարժման ակտիվությանն ու ընթացքին: Ես դա դիտարկում եմ այդ շրջանակներում»:

Հարցին՝ այն, որ ԲՀԿ-ն չի ուզում հանրահավաքներ, չի՞ նշանակում, որ եռյակում խնդիր կա, պառակտվում է՝ Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց. «ԲՀԿ-ն այնպես չի, որ չի ուզում հանրահավաքներ անցկացնել: Բանակցություններ են գնում Եռյակի միջեւ: Ամեն մի քաղաքական ուժ իր մարտավարությունն ունի եւ փորձում են համատեղել այդ ամեն ինչը: Դա ողջունելի է եւ դրական արդյունք է տալու: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի մոտեցմանը, դրանք իրար բացառող չեն, այլ դրանք իրար լրացնող են»:

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ եռյակը միասնական չէ, միասնական օրակարգ չունի, հարթակը միացյալ չէ: Այս առնչությամբ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Ժառանգության» մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, որովհետեւ ամեն մեկը մի բան է ասում: Տվյալ դեպքում չեմ կարծում, որ այդ կարծիքը կիսում է Ռուբիկ Հակոբյանը՝ խմբակցության ղեկավարը, որովհետեւ գիտեմ նրա տրամադրությունները: Դա մի վատ բանի մասին է խոսում՝ «Ժառանգություն» կուսակցության ներսում ամեն ինչ նորմալ չի, չի քննարկվում ներսում հետո ներկայացվում: Բայց դա եւս հաղթահարելի է, որովհետեւ եւ «Ժառանգությունը», եւ ՀԱԿ-ը, եւ ԲՀԿ-ն այլ ճանապարհ չեն տեսնում, քան համախմբումը: Իշխանափոխության հասնելու միայն մի ճանապարհ կա՝ համախմբում եւ համատեղում մեր բոլորի մարտավարական գործիքները»:

Aravot.am-ի հարցին՝ Ձեզ համար ավելի ընդունելի է Ռուբիկ Հակոբյանի՞ տեսակետը, թե՞ «Ժառանգության» ղեկավարի, որովհետեւ մեջբերում եք Ռուբիկ Հակոբյանի տեսակետը, Դուք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ստորադասում եք Ռուբիկ Հակոբյանի տեսակետի՞ն՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ժառանգության մեջ» ամեն ինչ այնպես չի, ինչպես մենք ենթադրում ենք: Խմբակցությունը կուսակցությանն է ներկայացնում այնտեղ: Ես հակված եմ կարեւոր համարելու խմբակցության ղեկավարի տեսակետը, որը վարում է հիմնական բանակցությունները, իսկ թե գիշերը ինչ է մտածել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ես չեմ կարող ոչինչ ասել: Լավ կլիներ, որ համատեղեին իրենց տեսակետները, կարողանային ընդհանուր եզրակացության գալ եւ կուսակցության միասնական տեսակետը ներկայացնել: Զարուհի Փոստանջյանը լրիվ այլ բան է ասում: Խնդրում եմ իրենց հետ ճշտեք, մենք «Ժառանգության» հետ ոչ մի խնդիր չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930