Լրահոս
Օրվա լրահոսը

Շագանակով, չրեղենով եւ գառան մսով տոնական փլավ

Դեկտեմբեր 28,2014 12:30

Այս տոնական եւ շքեղ փլավը կարելի է առանց մսի պատրաստել, եւ նրանք, ովքեր նախընտրում են Ամանորին սեղանը զարդարել ոչ թե մսեղենով, այլ պահք պահել՝ մինչեւ Սուրբ ծնունդը՝ հունվարի 6-ը, ինչպես դարեր շարունակ արել են մեր նախնիները, եւ Ամանորի սեղանին դնել միայն պահքի ուտելիքներ, շատ կգոհանան այս բաղադրատոմսով: Սակայն պետք է խոստովանել, որ գառան մսով այն նույնպես շատ ու շատ համեղ է:

Անհրաժեշտ մթերքները

shaganakov plav 1

 

Գառան միս- 1 կգ
Շագանակ- 1 կգ
Մանր սոխ- 8-9 հատիկ, կամ խոշոր սոխ՝ 2-3 գլուխ՝ չորս մասի բաժանած
սխտոր- 1 պճեղ
չրեղեն- 1 բաժակ
գազար- 2-3 հատ
չոր լավաշ- 1 հատ
բրինձ- 1 կգ
բուսական յուղ- 4-5 ճաշի գդալ
կարագ-100 գրամ

Պատրաստման եղանակը

Գառան միսը նախօրոք՝ ցանկալի է մի քանի ժամ, նույնիսկ՝ մեկ օր առաջ, կտրատեք մանր կտորների, համեմեք աղով, կարմիր եւ սեւ պղպեղներով, չորացրած կանաչիներով՝ ծիթրոն, ուրց, դաղձ եւ այլն, եւ ձիթապտղի յուղով: Եթե մեկ օր եք պահելու՝ դրեք սառնարան, եթե մեկ-երկու ժամ, կարող եք չդնել սառնարան:

Շագանակների վրա խաչաձեւ կտրվածք արեք եւ դրեք ջեռոց՝ 20-30 րոպեով: Երբ խորովվեն, մաքրեք: Չթողնեք շատ սառչի, այլապես մաքրելը կդժվարանա:

plav-2
Մանր սոխը մաքրեք, եթե խոշոր է՝ կտրատեք չորս մասի:
Գազարը նույնպես խոշոր կտրատեք:
Սխտորը թողեք ամբողջական գլխով:

plav-3
Թավայի մեջ դրեք կարագը, որի մեջ արագ տապակեք չրեղենը: Չրերը (ծիրան, թուզ, դեղձ, խնձոր) ցանկալի չէ կտրատել՝ փլավի գեղեցիկ տեսքի համար նախընտրելի է, որ բոլոր բաղադրամասերը նույն չափի լինեն՝ շագանակի չափի:

 

Չրերը թավայից հանեք՝ առանց յուղը դատարկելու, լցրեք ամանի մեջ, իսկ նույն թավայի մեջ՝ չրերի համը ստացած կարագի մեջ շատ արագ տապակեք կտրատած լավաշը:

plav-4 plav-5

Առանձին թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, մեջը լցրեք սոխը, գազարը, շագանակը: Թողեք մի քիչ կարմրի, հանեք թավայից: Նույն թավայի եւ նույն ձեթի մեջ բոլոր կողմերից տապակեք մանր կտրատած միսը, որից հետո ավելացրեք բրինձը: Երբ բրինձն էլ 2-3 րոպե կտապակվի, թավայի մեջ ավելացրեք մնացած բոլոր մթերքները՝ տապակած սոխը, գազարը, շագանակը, չրերը, գլուխ սխտորը: Վրան լցրեք եռացրած ջուր, այնքան, որ ծածկի թավայի ամբողջ պարունակությունը, աղ արեք՝ ըստ ճաշակի, կափարիչով փակեք, եւ թողեք եփվի ամենամարմանդ կրակի վրա:
Վերջին պահին, երբ տեսնեք, որ արդեն ջուրը գրեթե քաշվում է, փլավի վրա ավելացրեք նաեւ տապակած լավաշը: Կրակն անջատեք եւ կափարիչը փակ թողեք եւս 10-15 րոպե, նոր մատուցեք:

plav-6Բնականաբար, եթե պատրաստելու եք պասային տարբերակը՝ բաց եք թողնում մսին առնչվող բոլոր պահերը, իսկ չրեղենը տապակում եք ոչ թե կարագով, այլ նորից՝ բուսական յուղով:

Բարի ախորժակ: Եվ շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

27.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031