Վազգեն Սաֆարյան. «Մենք պետք է մեծացնենք մեր առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ»

Վազգեն Սաֆարյան. «Մենք պետք է մեծացնենք մեր առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ»

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությունը ճիշտ տնտեսական ուղղվածություն ունի, քանի որ մենք մեր արտաքին առևտրի 23%-ն իրականացնում ենք Ռուսաստանի հետ. «Մենք պետք է մեծացնենք մեր առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ այս պարագայում, երբ մեզ տրվում է չորս ազատությունների սկզբունքը, այսինքն` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման, սա հնարավորություն է տալիս, որ մենք ավելի շատ ապրանքներ իրացնենք ռուսական շուկայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

ԵՏՄ-ի հետ հարաբերություններում Վ. Սաֆարյանն առաջին հերթին կարևորեց արդյունաբերական ինտեգրումը: Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանն ինքն էլ այսօր ունի իր արդյունաբերությունը վերակազմավորելու խնդիր, և, ըստ բանախոսի, Հայաստանն այդ գործընթացներին ինտեգրվելու լուրջ ներուժ ունի:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը կարևորում է նաև գյուղատնտեսական ապրանքների իրացման հարցը. «Ռուսաստանն այսօր ինքն է սահմանափակել Եվրոպայից գյուղմթերքի ներմուծումը, և սա մեր ապրանքները ռուսական շուկա հանելու հնարավորություն է տալիս մեզ»,- ասաց նա:

Վ. Սաֆարյանի խոսքով՝ ԵՏՄ արդյունաբերական հարցերը կարգավորող նախարարին կից գործում է մեքենաշինարարների կոորդինացիոն խորհուրդ, իսկ Հայրենական ապրանք արտադրողների միությունը դրան ասոցացված անդամի կարգավիճակ ունի: Փետրվարին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ միությունը կվերաճի լիիրավ անդամի:

«Այն հոռետեսները, որոնք, Ռուսաստանի այսօրվա ծանր վիճակով պայմանավորված, գտնում են, որ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին սխալ է և արդարացված չէ, պիտի իմանան, որ այս դժվարություններն ու փորձությունները ժամանակավոր են, իսկ ԵՏՄ-ին անդամակցելու մեր առաջին ստրատեգիական խնդիրը ազգային անվտանգության հարցն է, և երկրորդը՝ մեր տնտեսության զարգացման համար ամենահուսալի և ամենաբարենպաստ միջավայրին ինտեգրումը»,- եզրափակեց Վ. Սաֆարյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք