Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր զարգացումներ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում, որոնք քաղաքականացված չեն

Փետրվար 27,2015 15:30

Ստամբուլում անցկացվեց կլոր սեղան քննարկում՝ նվիրված Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների փոխճանաչմանն ու հնարավոր համագործակցությանը:

Եթե լավ հայկական թիմ տեսնեք՝ ներդրում կանե՞ք` հետաքրքրվեց կլոր սեղանի վարողը՝ Էմին Օկուտանը Թուրքիայի Monitise ընկերության ներկայացուցիչ Ֆիրաթ Իշբեչերից: Հետո հետաքրքրվեց հայկական Granatus Ventures ընկերության ներկայացուցիչ Աշոտ Արզումանյանից, թե այ, ասում եք, որ գրասենյակ ունեք Լոնդոնում՝ իսկ կբացեի՞ք արդյոք գրասենյակ Ստամբուլում:

Մինչ փոխանցելը, թե ինչ պատասխանեցին հարցերի հասցեատերերը՝ նշենք, որ այս հարցուպատասխանը փետրվարի 25-ին տեղի էր ունենում Ստամբուլի Ջեզայիր կենտրոնում՝ Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների փոխճանաչմանն ու հնարավոր համագործակցությանը նվիրված կլոր սեղան-քննարկման ընթացքում:

Այս քննարկմամբ մեկնարկեց  երկրորդ փուլը «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի, որը կազմակերպվել է «Հանրային լրագրության ակումբի» և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» (TEPAV) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի հայաստանյան փուլն անցկացվեց նոյեմբերի 6-9-ին (2014), որի շրջանակներում ընթացավ նաև «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը»:

TEPAV –ի ներկայացուցիչ Ուսալ Շահբազն ստամբուլյան կլոր սեղանի ընթացքում ասաց, թե անցած տարի Երեւանում եւ Գյումրիում անցկացրած այդ հինգ օրն առաջին հանդիպումն էր, երբ երկու երկրների ձեռնարկատերերը հանդիպում էին նման ձեւաչափով:

Stambul

Քննարկման ընթացքում ՏՀՏ ոլորտի հայ եւ թուրք ներկայացուցիչները միմյանց էին ներկայացնում իրենց երկրներում ինչպես այդ ոլորտի, այնպես էլ ներդրումային համակարգի ընդհանուր պատկերը:

Ասենք, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (UITE)   տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը որպես հայկական ՏՀՏ ոլորտի առավելություն նշեց, թե կարող ենք կամուրջ լինել Արեւմուտքի եւ ռուսական շուկաների միջեւ: Առանձնացրեց մեր երկրի «պայծառ ուղեղներին»՝ շախմատի հաղթական թիմի օրինակով ու հիշատակեց, թե Հայաստանը միակ երկիրն է, որտեղ անցկացվում են շախմատի դասեր: Ըստ Հայկ Չոբանյանի՝ նպատակադրվել են, որ Հայաստանը 2018-ին պետք է լինի քսան ամենաինովատիվ երկրների մեջ, իսկ այժմ դեռ 53-րդ տեղում ենք:

Stambul-3

Թուրքիայից Arkan & Ergin ընկերության ֆինանսական գործընկեր Դողան Թաշքենտը, որպես իրենց առավելություն, մասնավորապես հիշատակեց, թե գիտեն, ինչպես աշխատել սահմանափակ ռեսուրսներով. «Արեւմուտքը մոռացել է դա»:

Ֆիրաթ Իշբեչերն էլ նկատեց, որ եթե մեր երկու երկրների հարաբերությունները լավանան՝ հայկական կողմը կարող է ունենալ նաեւ թուրքական հաճախորդներ: Եվ նա վերեւում հիշատակված հարցին, թե արդյոք ներդրում կանի՞ հայկական թիմի համար՝ պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ, մենք տաղանդների կարիք ունենք, եւ ինձ համար նշանակություն չունի, թե որ երկրից կլինի նա: Մենք ներդրում ենք անում մարդկանց վրա»:

Իսկ Աշոտ Արզումանյանը Ստամբուլում գրասենյակ բացելու մասին հարցին պատասխանեց, թե «Վենչուրային ներդրումները ոչ միայն փողի, այլ հարաբերությունների հարց են՝ նման ամուսնությանը», հավելեց, թե գրասենյակի համար ցանց է պետք ունենալ, փորձառություն տվյալ երկրում աշխատանքի. «Գուցե մի օր Ստամբուլում ունենանք գրասենյակ, բայց դա մոտ ապագայում չի լինի»:

Stambul-4

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը եզրափակելով քննարկումը՝ կեսկատակ շարունակեց ամուսնության վերաբերյալ զուգահեռը՝ նկատելով, թե «հնարավոր բաշիքյարթմայի» նշաններ կան: Մասնավորապես տեղեկացրեց, թե 6 startup ընդգրկված են համատեղ ծրագրում, ու գարնանը Հայաստանում ներդրողների 6 թիմեր Թուրքիայից եւ Հայաստանից ներկայացնելու են ծրագրերը: Նաեւ այս քննարկումից հետո են հայ եւ թուրք ձեռնարկատերերը ցուցաբերել տվյալների փոխանակման երկկողմանի հետաքրքրություն:

Ի դեպ, կլոր սեղանին ներկա էր թուրք-հայկական բիզնես զարգացման խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյակը, որն «Առավոտի» հարցին, թե իր կարծիքով՝ արդյոք նման հանդիպումները որեւէ ազդեցություն ունենո՞ւմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա՝ պատասխանեց. «Վստահաբար, ունենում են: Մենք Թբիլիսիում սկսել էինք առաջին նման ծրագիրը դեռ 2000-ին: Այն ժամանակից ի վեր՝ շատ զարգացումներ եմ տեսնում: Շփման «խողովակների» թիվն է մեծացել: Ուստի նման ծրագրերն իրոք ունենում են դրական ազդեցություն»:

Մեր դիտարկմանը, թե այնուամենայնիվ՝ մարդկային այդ շփումների հետեւանքով չեն նկատվում փոփոխություններ դիվանագիտական, պետական մակարդակներում՝ Նոյան Սոյակն այսպես արձագանքեց. «Այս կարգի փոքր ծրագրերը սովորաբար հանրության մերձեցման համար են՝ տեսնելու եւ հասկանալու միմյանց, փորձելու ձեւավորել մտավոր կամ բիզնես հնարավորություններ կամ փոքր համատեղ նախաձեռնություններ:  Վստահ չեմ, թե դրանք ազդեցություն կունենան պետական մակարդակների վրա: Բայց այլ բան է տեղի ունենում՝ թեկուզ եւ ոչ շատ արագ, եւ ոչ շատ մեծաքանակ, բայց կան փոքր զարգացումներ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում, որոնք քաղաքականացված չեն»: Լրացուցիչ ճշտմանը, թե տեղեկատվությո՞ւն ունի նման զարգացումների մասին՝ պատասխանեց. «Միայն զգացողություն ունեմ, որ առաջընթաց կա»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ստամբուլ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728