Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Հակոբյանը վիճեցին. «Ձեր չափով ուրիշներին մի չափեք, չի՛ կարելի»

Մարտ 03,2015 17:27

ԱԺ-ում «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի  քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ՀՀԿ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը վիճեցին:

Արծվիկ Մինասյանը նախ դժգոհեց, որ Հակոբ Հակոբյանը «դոշ է տալիս» հատուկ կենսաթոշակ տերմինի համար, մինչդեռ պետք է օրենքում ամրագրել պարգեւավճար բառը: Նա բացատրեց. «Խնդիրը հետեւյալն է, կենսաթոշակի դեպքում կա գործող կարգ: Նախագծում նշել եք՝ եթե նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն՝ կենսաթոշակը չի տրամադրվում: Հարց՝ ինչպե՞ս եք որոշում, կամ ո՞նց եք պարզելու՝ ընտրովի կամ նշանակովի պաշտոն զբաղեցնո՞ւմ է, թե՞ ոչ: Այսինքն, դուք հիմա պիտի հարցում անեք Մոսկվա, ճշտեք՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ,  ինչ-որ պաշտոն զբաղեցնում է, թե չէ՞: Հարցին մոտենալուց պետք է, չէ,՞ մի քիչ տրամաբանություն դրվի հիմքում: Կամ՝ որեւէ ամբիոնի վարիչ լինելու դեպքում, ասենք, գիտական գործունեությամբ է զբաղվում: Եթե մենք խոսում ենք, ըստ էության, ինստիտուտը պահելու մասին, արժանապատիվ համակարգ դնենք: Պատվովճարը ի՞նչ վատ է: Աշխատում եք, չեք  աշխատում: Մարդը երկրի գլուխն է եղել, հարգանքի է արժանի, բյուջեով պետք է հատկացվի գումար: Դա ոչ թե իրեն կամ իր ընտանիքին է պետք՝ այլ նախագահի ինստիտուտը կարեւորելու համար է: Թե չէ՝ դրել ասում եք կենսաթոշակ, չգիտեմ ինչ…մարդ եք զարմացնում»:

Հակոբ Հակոբյանի պատասխանը նրան շատ կոշտ էր. «Ցավում եմ, որ դուք մինչեւ հիմա չգիտեք, որ մենք արդեն 3 տարի է՝ ՀՀ-ում կենսաթոշակ ստացողների, նպաստառուների չենք հարցնում, թե դրսում ինչ եք ստանում: Ուղղակիորեն չենք հարցնում, տալիս ենք այն, ինչ իրենց հասնում է ՀՀ օրենքով: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ենք արել: Հատուկ թոշակ նշանակելու կարգ չունենք: Ես չեմ կարծում, որ մեր ՀՀ նախագահներն այդ թոշակը ստանալուց չեն ասի, որ իրենք աշխատում են: Կասեն չեն աշխատում, մի հատ էլ ուրիշ տեղ՝ Ռուսաստաններում կաշխատեն, թոշակն էլ կստանան: Դուք ձեր չափով ուրիշներին մի չափեք, պարո՛ն Մինասյան: Չի՛ կարելի»:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Պարոն Հակոբյան, ես զարմանում եմ, որ դուք, լինելով հանձնաժողովի նախագահ, առայժմ  չգիտեք, որ օրենքով նախատեսված կարգով պատգամավորներին, վարչապետներին եւ այլ անձանց համար սահմանափակում է նախատեսված այլ աշխատանքի անցնելու դեպքում՝ բացի գիտական, ստեղծագործական, մանկավարժականից: Ցավում եմ, որ չգիտեք: Դուք նշանակում եք թոշակ, հետո պիտի ընկնեք հարցում անեք՝ աշխատո՞ւմ են, թե՞ չէ: Ձեր բերած փոփոխությունը սրա մասին է, չե՞ք կարդացել նախագիծը, ես չեմ հասկանում: Իսկ իմ չափը ես գիտեմ ինչքան է եւ իմ արժանիքն էլ գիտեմ՝ ի տարբերություն շատ շատերի»:

Հակոբ Հակոբյանն էլ, թե՝ «եթե դուք օրենքի նախագիծն ուշադիր կարդաք, ՀՀ նախագահին կարիք չկա հարցնելու՝ աշխատո՞ւմ եք, թե՞ չէ: Մենք 70 տոկոսը վճարում ենք՝ առանց որեւէ հիմքի: Նախագահն ինքնակամ է հրաժարվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031