Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարը ներկայացրել է առաջնային գծում տեղ գտնող վերջին շրջանի զարգացումները

Ապրիլ 27,2015 16:42

Ապրիլի 24-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և ենթակա ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված մարտական հերթապահության վիճակի և դրա կատարելագործման ուղիների քննարկմանը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն իր ներածական խոսքում համառոտ ներկայացրել է առաջնային գծում տեղ գտնող վերջին շրջանի զարգացումները և, ըստ այդմ, կարևորել օրվա միջոցառման անցկացման անհրաժեշտությունը: Միաժամանակ, մինչև աշխատակարգով նախատեսված զեկույցներին և ելույթներին անցնելը, բանակի հրամանատարն իր երախտագիտությունն է հայտնել գյուտարարական և նորարարական աշխատանքներ հեղինակած մի շարք զինվորականների և քաղաքացիական անձանց, և վերջիններիս հանձնել խրախուսական պարգևներ:

Այնուհետև մարտական հերթապահության պատրաստման և իրականացման շուրջ համապարփակ զեկույցով հանդես է եկել բանակի շտաբի պետը, ով մանրամասն վերլուծականով ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական վիճակը և դրանից բխող պաշտպանական ու կանխարգելիչ նշանակության խնդիրների իրականացման համալիրը:

Քննարկվող հարցերի շուրջ, ըստ ուղղությունների, հանդես են եկել նաև բանակի շտաբի մի շարք բաժինների պետեր և զորամասերի հրամանատարներ:

Ռազմական խորհրդի նիստը եզրափակվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատկապես կարևորել է հրամանատարների դերակատարությունը մարտական հերթապահության կազմակերպման գործում` շեշտելով, որ նախահարձակ հակառակորդին ճնշելու և երկրի սահմանն անառիկ պահելու թիվ մեկ նախապայմանը բոլոր աստիճանի հրամանատարների կողմից ենթակա անձնակազմին ճիշտ հրամաններով ուղղորդելու կարողության մեջ է: Ելնելով այս իրողությունից` պաշտպանության նախարարը վերջում ներկաներին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930