Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անվտանգության երաշխիքներ ստանանք, կմասնակցենք օլիմպիադային». Արմեն Աշոտյան

Մայիս 04,2015 15:56

«Հայաստանը կմասնակցի Բաքվում այս տարվա հուլիսին կայանալիք Միջազգային քիմիական օլիմպիադային, եթե մեր պատվիրակության համար անվտանգության երաշխիքներ տրվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ստանալով միջազգային կազմկոմիտեի առաջարկությունը՝ մենք նախնական դրական պատասխան ենք տվել: Եթե գնանք, ամենայն հավանականությամբ, մեր պատվիրակությանը կուղեկցեմ ես: Ե՛վ բացման, և՛ փակման արարողություններին կլինեմ երեխաների կողքին: Մենք ուզում ենք մասնակցել օլիմպիադային, որովհետև այն միջազգային է, և մենք չենք ցանկանում ու չենք կարող մեր աշակերտներին զրկել նման հնարավորությունից, բայց նախ պետք է ստանանք անվտանգության երաշխիքներ, իսկ հետո փորձենք մեդալներով վերադառնալ»,- նշեց Ա. Աշոտյանը:

Բայց մինչև Բաքվում կայանալիք Միջազգային քիմիական օլիմպիադան, 15 երկրների 92 աշակերտներ մայիսի 3-10-ը Հայաստանում կմասնակցեն «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադային:

Այն անցկացվում է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

Օլիմպիադային մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև օլիմպիադայի կազմկոմիտեի համանախագահը և անդամները՝ Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկանն ու տեղակալը, ինչպես նաև հայտնի այլ գիտնականներ:

«Մենք Հայաստանում մեծ ուշադրություն ենք դարձնում աշակերտական օլիմպիական շարժմանը: Պատահական չէ, որ մեր աշակերտները մշտապես մրցանակներ և մեդալներ են նվաճում օլիմպիադաներում: Մենք հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին և ցանկանում, որ Հայաստանից գնան լավ տպավորություններով»,- այսօր՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ողջունելով ներկաներին, ասաց Արմեն Աշոտյանը և հայտարարեց օլիմպիադայի մեկնարկի մասին:

Այնուհետև նախարարը լրագրողների հետ զրույցում իր ուրախությունն արտահայտեց, որ Հայաստան են ժամանել 15 պատվիրակություններ, շուրջ 100 մասնակիցներ և 50 գիտական ղեկավարներ. «Նախորդ տարի Մոսկվայում այս օլիմպիադային գրեթե նույն մասնակցությունն է եղել: Մասնակիցների աշխարհագրությունն էլ է տպավորիչ՝ Սաուդյան Արաբիայից մինչև Հունգարիա: Այնպիսի երկրներ են մասնակցում, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են մեր երկիր գալիս: Հայաստանից մասնակիցներ կան ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի դպրոցներից: Պետք է ասեմ, որ Հայաստանում քիմիական կրթությունը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, բարձր մակարդակի վրա է գտնվում, և մենք մեր աշակերտներից սպասելիքներ ունենք»,- ասաց կրթության և գիտության նախարարը:

Նշենք, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադան Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: 1997 թվականին Երևանում տեղի է ունեցել 31-րդ օլիմպիադան, 2006 թվականին՝ 40-րդը: 1997 թվականից առ այսօր մեր երկրի մասնակիցները վաստակել են 27 մեդալ, որոնցից 24-ը՝ բրոնզե, 2-ը՝ արծաթե և մեկը՝ ոսկե:

Այս տարի հայաստանյան թիմն օլիմպիադային ներկայանում է 10 մասնակցով: Ժյուրիի կազմը բաղկացած է 32 անդամից, որոնցից 11-ը Հայաստանից են, իսկ 21-ը՝ այլ երկրներից:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ Զոհրապ ԵԳԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031