Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու է այսպես կոչված «Խոպանչիների մասին» օրենքը ձեռնտու ՌԴ-ին եւ ինչպես է նպաստելու 5-10% արտագաղթին

Մայիս 07,2015 15:11

Երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում քննարկվեց այսպես ասած «խոպանչիների մասին» օրինագիծը՝ Եկամտահարկի մասին եւ Շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:

Հաշվի առնելով օրենքի շուրջ տարընթերցումները եւ տարաբնույթ մեկնաբանությունները՝ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ այս օրինագիծը չի առնչվում արտագնա աշխատանքի մեկնողներին: Սա ուղղակի խթան է, որ արտերկրում աշխատող կազմակերպությունները պետական գրանցում ստանան ՀՀ-ում:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր կողմից շեշտեց՝ խոպանչի մեր հայրենակիցների վրա, փաստորեն, այս օրենքը չի անդրադառնում. «Ամրագրենք, որովհետեւ տարբեր մեկնաբանություններ եղան»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ օրենքն այս կարգով բերելը, բնական է, որ բացասական անդրադարձ է ունենում այն մարդկանց վրա, որոնք հիմա աշխատում են դրսում. «Լրիվ հակասական, մտահոգ բաներ կան, որ իրենց վրա էլ է ազդելու, ինչպես են խուսափելու դրանից: Երկու պատճառ կա՝ օրենքը լուրջ քննարկում չանցավ եւ այսպես օրենքը բերելը սխալ էր: Սա հանգիստ մանրամասն քննարկելու անհրաժեշտություն ուներ»:

Արամ Մանուկյանն ասաց, որ իրենց են մեղադրում՝ խոպանչիների հետ կապված հասարակությանը մոլորության մեջ գցելու մեջ. «Մենք այդպիսի բաներ չենք ասել: Իմ մտահոգությունը արտագաղթն է: Ներկայացնեմ արտագաղթին նպաստող սխեման: Սա է իրականում վտանգը: Գրանցվում են Հայաստանում ֆիրմաներ, կազմակերպություններ, իրավաբանական անձինք, որոնք կոչված են ՀՀ-ից աշխատուժը պայմանագրերով տեղափոխելու: Սրան գումարվում է նոր մեխանիզմը, որը տարբերվում է նրանով, որ սրա մեջ կա ապահովվածություն, մի քիչ երաշխավորվածություն, որ քեզ կարող են տեղափոխել, աշխատավարձ տալ: ՀՀ-ում այսօր կա 73 հազար գործազուրկ՝ պաշտոնական թվերով: Չեմ ուզում ասել, որ սա 5 անգամ պետք է բազմապատկել: Այս մարդկանց մի մասը, որը ռիսկ չէր անում մենակ գնալ, ապահովված կլինի պայմանագրով գնալով եւ իր համար կարեւոր չի՝ 13 տոկոսը այստե՞ղ կտա, թե՞ ՌԴ-ում: Ֆայլաբազարը այս մեխանիզմի դեպքում հաստատ գնալու է: Դու տալիս ես լրացուցիչ մեխանիզմներ, որը չուներ նախորդ դեպքերում»:

Արամ Մանուկյանը սկզբում կարծել է, որ ՌԴ-ն պետք է դժգոհի, քանի որ այդ 13 տոկոս հարկը իրենց մոտից տեղափոխվելու է Հայաստան. «Բայց հիմա այլ մոտեցում ունեմ, ՌԴ-ի համար սա շատ կարեւոր խնդիր է, քանի որ դրանով իրենք ուրիշ խնդիր են լուծում, քան այդ 13 տոկոսը: Իրենք ունեն դեմոգրաֆիկ խնդիր եւ ունեն աշխատուժի պակասի խնդիր: Հատկապես ռուբլու փոխարժեքը ընկնելու դեպքում խիստ կարիք ունեն աշխատուժի: Իրենք 2 պետական խնդիր են լուծում եւ ռուսները դեմ չեն, որ այս օրենքը իրենց մոտ աշխատի»:

Ըստ Արամ Մանուկյանի հաշվարկների, այս օրենքը 5-10 տոկոսով ավելացնելու է արտագաղթը. «Իսկ դա ՀՀ-ի համար թիվ է: 5000 մարդ էլ եթե գնա ռուսների հետ ապրի, լավ միջավայր ստեղծի՝ մնալու է: Այս օրինագիծը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանի գործազուրկներին տանել Ռուսաստան, իսկ կյանքը ցույց է տալիս, որ նրանց մի մասը մնալու է ՌԴ-ում: Սա նպաստելու է մեր արտագաղթին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031