Լրահոս
Օրվա լրահոսը

Խոպանչիներից նոր հարկ են վերցնելու. Բագրատյանն ընդդիմանում է. «Բա որ Պուտինին նամակ գրեն»

Մայիս 05,2015 13:04

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեցին նախորդ քառօրյայում քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հրատապ ռեժիմով քննարկվելիք Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծի հետ կապված դժգոհեց. «Մենք լուրջ առարկություններ ենք ներկայացրել, հեղինակը հետ է տարել: Խոշտանգման կոնվենցիայից բխող այս փոփոխությունները վիրաբուժական, վիրահատական միջամտություն են կատարում գործող քրեական օրենսգրքում: Այդ նախագիծը սկզբունքորեն անընդունելի է եղել հանձնաժողովի համար»:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ արտահերթ նիստը հրավիրել է կառավարությունը եւ դա նրանց գործունեության շրջանակներում է:

Քվեարկության դրվեց ՀՀ նախագահի ներկայացրած՝ ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման մասին համաձայնագիրը եւ ընդունվեց 111 կողմ, 1 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

114 կողմ, 2 ձեռնպահ ձայներով էլ ընդունվեց ատոմակայանի շահագործման համար 270 մլն դոլարի վարկ վերցնելու համաձայնագիրը:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններն էլ ընդունվեցին 74 կողմ, դեմ 20, ձեռնպահ 21 քվեարկության արդյունքներով:
Այս պահին առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի» մասին եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:

Սրանով կառավարությունն ուզում է, որ արտերկրում աշխատողներն էլ ՀՀ-ում օրինական ձեւակերպում ստանան եւ պետբյուջե վճարվի եկամտահարկ: Շահութահարկի մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը զարմացավ. «Լրջագույն օրենք ենք քննարկում՝ թեթեւամիտ ձեւով: Օրենքը որեւէ քննադատության չի դիմանում: Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ սենց օրենք եք ընդունում: Բա որ այստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի: Ես հոգնել եմ այդ արտասահմանյան հայ օլիգարխներից: Դրանք այս պետությունը մի օր կքանդեն: Առաջին անգամ եմ տեսնում, որ շահութահարկը եւ եկամտահարկը դիֆերենցեն՝ ըստ աշխատանքների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031