Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրում Միջերկրական ծովում

Մայիս 11,2015 20:32

Մայիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հովանավորությամբ և աջակցությամբ, «Octopusteam» ջրասուզման ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրման արարողություն Միջերկրական ծովում՝ Ջունիե-Տաբարժա հատվածում՝ 35 մետր խորության վրա:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն, մարոնի պատրիարք Բշարա Ռայի ներկայացուցիչը, Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը, ծովային փրկարարների թիմը՝ հրամանատար Սամիր Յազբեկի գլխավորությամբ, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, լրագրողներ, Մեսրոպյան վարժարանի ղեկավարներ ու աշակերտներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

10921664_1106522822707246_1081783111895738933_o

Նախաձեռնության առթիվ ունեցած իր ելույթում դեսպան Քոչարյանը խոսեց հայ ժողովրդի ստեղծարար մտքի, հարուստ պատմության, արժեքների և յուրահատկությունների մասին: Նա անդրադարձավ հայ ժողովրդի դիմագրաված դժվարություններին և կրած տառապանքներին, որոնք իրենց գագաթնակետին հասան 1915թ. Օսմանյան կայսրությունում: Դեսպան Քոչարյանը նշեց, որ այս տարի ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է 100 տարի առաջ Ցեղասպանության ենթարկված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միևնույն ժամանակ տոնում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ և իր երախտագիտությունը հայտնում բոլոր այն երկրներին, ներառյալ Լիբանանին, որոնք օգնության ձեռք են մեկնել Ցեղասպանությունը վերապրած հայորդիներին և պայմաններ ստեղծել նրանց համար` ապրելու և ստեղծագործելու հայրենիքից դուրս: Դեսպանն ընդգծեց, որ մայիս ամիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, երբ նշվում է Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի հանդեպ տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը: Դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց «Octopusteam» ակումբի եզակի նախաձեռնությունը, որը հայ ժողովրդի ապրելու և ստեղծագործելու վառ ապացույցն է:

«Octopusteam» ջրասուզման ակումբի սեփականատեր և թիմի ղեկավար, հայազգի Անդրանիկ (Թոնի) Հադդադը պատմեց իր ծնողների անցած դժվարին ուղու մասին, ովքեր ստիպված էին գաղթել Թուրքիայից Սիրիա, ապա Լիբանան, և ովքեր հիմնական առիթն են եղել սույն գաղափարի իրականցման համար: Նա նշեց, որ որպես հայ ջրասուզորդ, իր պարտքն է համարել խաչ տեղադրել Միջերկրական ծովի հատակում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին:

Միջոցառման ավարտին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն ողջունեց յուրօրինակ նախաձեռնությունը և կատարեց խաչի օծման արարողությունը: Օծման արարողությունից հետո «Octopusteam» ջրասուզման թիմի անդամները միջոցառման մասնակիցների ընկերակցությամբ նավերով ուղևորվեցին դեպի նշանակետը և կատարեցին խաչի տեղադրումը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031