Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը երաշխավորում է, որ իր տեղակալը կոռուպցիոն ռիսկերի մեջ չի մտել. «Թող քրգործ հարուցեն»

Մայիս 25,2015 17:22

Այսօր ԱԺ-ում լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին՝ ՊՆ-ն ինչո՞ւ է հրաժարվում Ավտոմատիկա գործարանից, հինը, արդեն եղածը թողնում ենք եւ փորձում ենք նորը կառուցել:

Նախարարը պատասխանեց. «Մենք բավականին լուրջ ուսումնասիրություններ ենք իրականացրել եւ ավտոմատիկա գործարանի  խնդիրները, որն իրականացվում էր, վերատեղափոխվել են «Պատնեշ» գործարան, որտեղ հնարավորություններն ավելի մեծ են, նաեւ գոյություն ունեցող շինություններն ավելի բարձր են եւ մեծ հնարավորություն ունեն համապատասխան  սարքավորումների, հատկապես՝ հակաօդային պաշտպանության, ռադիոլոկացիոն հետախուզության համակարգերի վերանորոգման ուղղությամբ»:

Լրագրողները հետաքրքրվեցին ավտոմատիկա գործարանի չարաշահումներից: Նախարարը պատասխանեց. «Այդտեղ մեծ չարաշահումներ են եղել: Սեփականատերը մի անձնավորություն է եղել, որը մի քանի անգամ փոխել է իր պայմանավորվածությունը՝ մեկ անգամ՝ ուզում եմ ձեր հետ լինել, չեմ ուզում ձեր հետ լինել, վաճառեք, հետո կառավարության որոշում ենք մենք ընդունում՝ փոշմանում է, ասում է՝ ես չեմ գնում»:

Դիտարկմանը, որ ինքն էլ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին է մեղադրում, ասում է, որ կոռուպցիոն ռիսկերի մեջ է ներգրավված՝ Սեյրան Օհանյանը միանգամից հակադարձեց. «Ճիշտ չէ դա: Եթե կոռուպցիոն ռիսկերի մեջ է ներգրավված, թող քրեական գործ հարուցեն»:

Լրագրողները ծիծաղեցին՝ քրգործ հարուցվել է, բայց…նախարարը չհամաձայնեց՝ վստահեցնելով, որ քրգործը կապացուցի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ. «Անձամբ ես քանի անգամ շփվել եմ: Իմ համար դյուրին չէ, երբ կառավարության ղեկավարությանը համոզում ես, որ պետք է գնել կազմակերպության 20 տոկոսը, որը մասնավոր սեփականություն է, այնուհետեւ սեփականատերը հրաժարվում է: Այնուհետեւ մեկ անգամ նորից որոշում, նորից հրաժարվեց: Մենք այստեղ դուրս չենք եկել երեխայական խաղերի»:

Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ եք բացառում, որ փոխնախարարը կոռուպցիոն ռիսկերի մեջ է ներգրավված՝ նախարարը պատասխանեց. «Որովհետեւ մեր ֆինանսական կառավարման համակարգը արդեն իսկ իր ձեւավորման վերջնական փուլում է, որտեղ ռազմավարական պլանավորում, բյուջետային պլանավորում, բյուջեի իրականացում, հաշվետվություններ, աուդիտի իրականացում…այդ շրջափուլերում մենք ամբողջությամբ վերահսկողություն իրականացնում ենք»:

Նախարարը վստահեցրեց, որ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին էլ պատշաճ վերահսկում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Պետք է ասել, որ գործարանի նախկին տնօրեն ու այդ 20,0% սեփականատեր պրն. Զ. Թումանյանը բարձր կարգի մասնագետ է ու պարկեշտ անձնավորություն: Նա նաև շատ հայրենասեր է ու լավ կլիներ այս հարցին տրվեր պետական մոտեցում ու հարցը լուծվեր պետական շահերից ելնելով: Մյուս հարցերում ունեմ իմ հստակ կարծիքը, քանի որ երկար տարիներ աշխատել եմ մի գործարանում, որը պետական պատվերներ էր կատարում ՀՀ ՊՆ համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031