Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան չարություն պետք է լինի մարդու մեջ, որ այդպիսի անհամ բաներ խոսի». Բագրատյանը՝ Խոսրով Հարությունյանին

Մայիս 28,2015 12:51

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մեղադրել էր Արամ Մանուկյանին, Հրանտ Բագրատյանին, որ ԱԺ-ում փորձում են իրենց անցյալը սրբագրել եւ այնպես ներկայացնել, ասես Հայաստանի պատմության ամենածաղկուն շրջանն է դա եղել. «Բոլոր ձեռնարկությունները կանգնած էին, ո՞ր ձեռնարկությունն էր աշխատում՝ Կաբելի գործարա՞նն էր աշխատում, Ռելեի գործարա՞նը: Դե, թող ինձ ասեն որեւէ շենք, որ կառուցվել է Գյումրիում իրենց ժամանակ, թող մի օրինակ բերեն:

Այս առնչությամբ Aravot.am-ը Հրանտ Բագրատյանից պարզաբանում ստացավ՝ կարո՞ղ եք Գյումրիում մի շենք ասել, որը Ձեր ժամանակ է կառուցվել: Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «94-ի փետրվարին, երբ մենք դեռ պատերազմ էինք վարում, Համաշխարհային բանկը հաստատեց համարյա 29 մլն դոլարի վարկ՝ աղետի գոտում շինարարություն անելու համար: Ծրագիր եմ ներկայացրել, չէ՞,որ վարկը տվել են ու տվել են մի երկրի, որը պատերազմի մեջ է: Եթե նրանք այդ փողը մեզ չտային, բյուջեից պիտի ծախսեինք, եթե բյուջեից ծախսեինք, ուրեմն բանակի վրա պետք է քիչ ծախսեինք: Դա գիտե՞ք ինչ բողոք առաջացրեց Թուրքիայում եւ Ադրբեջանում: Սա առաջին եւ վերջին դեպքն է եղել այդ կառույցի պատմության մեջ: 1993-ին հանրապետությունում հանձնվել է 354 հազար քմ բնակմակերես, 1994-ին՝ 254 հազար, 95-ին՝ 284 հազար, 96-ին՝ 134 հազար: Այս բոլորն իրար հետ 1 մլն 10 հազար քմ է կազմում: Դա իրենից ներկայացնում է 750 հատ 5 հարկանի շենք: Այս 1 մլն 10 հազար քմ-ից 510 հազար քմ-ն՝ ուղիղ կեսը աղետի գոտում է կառուցվել: Մենք կառուցել ենք 375 հատ 5 հարկանի բնակելի շենք միայն: Այդ 375 շենքից 165 հազար քմ-ն կառուցվել է Գյումրիում, այսինքն՝ 120 հատ 5 հարկանի շենք: Համարյա թե ավարտել ենք Մուշ թաղամասը:

Գյումրիում այդ ընթացքում հիմքից կառուցվել են նոր գործարաններ՝ Գյումրիի անալիտիկ սարքերի գործարանը, Էլեկտրասարքաշինական գործարանը, Գյումրիի տեքստիլի մի մասը՝ գուլպա-նասկեղենի հատվածը, Գարեջրի-Ածիկի գործարանը: Կառուցվել է նաեւ «Իմպուլսը» Դիլիջանում, Սպիտակի կարի ֆաբրիկան, Կրասար-Գյումրի ջրատարը, Գյումրիում բաղնիք է կառուցվել: Գյումրիում կառուցված են եղել տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ: Կառուցվել է Մայիսյան կաթսայատունը: Իսկ ես անձամբ Գյումրիին, որպես վարչապետ, նվիրել եմ 1 դպրոց՝ այսօրվա ֆրանսիական դպրոցը: Բացի այդ դպրոցից, տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ եմ կառուցել»:

Հրանտ Բագրատյանը պատմեց, որ 96-ի մայիսի 24-26-ին պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնել. «Ալեն Ժուպեն հանեց եւ ինձ կտրոն նվիրեց՝ 10 մլն ֆրանկի՝ 2 մլն դոլարի: Ես կարող էի որոշել ինչ անել դա: Ես այդ չեկը բերեցի, տվեցի կապալառուի եւ կառուցել տվեցի Գյումրիի ֆրանսիական դպրոցը, որը հիմա կա: Կառուցելուց հետո էլ այցելել եմ դպրոց եւ Երեւանի կոնյակի գործարանի անունից նոր գույք եմ նվիրել: Այնպես որ, ես չեմ կարողանում պատկերացնել, ինչքան չարություն պետք է լինի մարդու մեջ, որ այդպիսի անհամ բաներ խոսի»:

Խոսրով Հարությունյանը, դիմելով Հրանտ Բագրատյանին, ասել էր՝ «Դու էլ վարչապետ էիր, դու ատոմակայանը չբացեիր, բա ո՞վ պիտի բաց անի: Ինչո՞ւ ես ներկայացնում, թե դա պիտի մտներ համաշխարհային պատմության էջերում»:

Այս առնչությամբ Հրանտ Բագրատյանն ասաց. «ՀՀ առաջին 3 վարչապետներին ես ասել եմ՝ չբացելով ատոմակայանը՝ մենք ընկնում ենք անելանելի ճգնաժամի մեջ՝ խավարի մեջ: Ատոմակայանի բացմանը հասարակությունը միշտ էլ դեմ է եղել: Դա ռիսկ ուներ իր մեջ, առաջին անգամ պիտի վերագործարկվեր: Ոչ ոք չէր հավատում: Իսկ եթե բացեինք ու չստացվեր, եթե միջուկային ռեակցիան անկառավարելի ձեւով վթար առաջացներ: Ես պիտի նստեի ու կաբինետում ինքս ինձ պարզապես սպանեի: Այսպիսի խնդիրներ կան, ոչ թե վարչապետ էիր՝ պիտի բացեիր: Այդպիսի բան ասողը թող ինքը սկսեր բացումից»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հրանտ Բագրատյանի օրոք Ռելեի գործարանը չի աշխատել, Եղվարդի ջրամբարի շինարարությունն էլ դադարեցվել է՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ռելեի գործարանը չի աշխատել միշտ՝ սկսած 90-ից: Դա ոչ մի կապ չունի իշխանության հետ: Ռելեի գործարանի պես չի աշխատել «Հայէլեկտրոն»: Մենք «Հայէլեկտրոն» վստահեցինք Կարեն Դեմիրճյանին, բայց ո՞վ կարողացավ աշխատեցնել: «Հայէլեկտրոյի» հիմնական արտադրանքը շարժական էլեկտրակայաններն են: Իսկ ո՞ւմ է պետք դիզելով աշխատող այդ շարժական էլեկտրակայանը, երբ կան ճապոնական, հարավկորեական լավ մոդելներ: Եղվարդի ջրամբարի շինարարությունը դադարեցվել է 88-89-ին՝ էկոլոգիական խնդիրների պատճառով: Կար էկոլոգիական շարժում: Ես միշտ կողմ եմ եղել, որ կառուցվի ջրամբարը, բայց պետք էին լուրջ կապիտալ ներդրումներ: 0-ից Եղվարդի ջրամբարը կառուցելու փոխարեն ես փողը վերցրեցի եւ դրեցի Սարսանգի ջրամբարի վրա, որի շնորհիվ 95-ից Ղարաբաղում համ 24 ժամ հոսանք ունենք, համ ջուր: Իսկ դա կապիտալ ներդրում էր: Նման կապիտալ ներդրում մինչեւ օրս Հայաստանն իրեն թույլ չի տալիս: Եթե թույլ կտա, լավ կլինի, որ կառուցի: Այդքան խոսելու փոխարեն թող ինքն էլ կառուցեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Պետության առջև կան լուրջ խնդիրներ ու լավ կլիներ զբաղվել դրանց լուծմամաբ և ոչ թե դատարկ խոսակցություններով: Պետությանը հասցրել են այս վիճակին ու փորձում են մեղավորներ փնտրել: Բոլոր նախկին պաշտոնատար անձիք այս կամ այն չափով մեղավոր են դրա համար և իրավունք չունեն արդարանալու: Պետք է աշխատել և ոչ թե դատարկ խոսել…Որոշ մարդիկ մեկ պաշտոնից թռչում են մեկ այլ պաշտոնի, երբ ոչ մի դրական գործ չեն կատարել իրենց զբաղեցրած պաշտոններում: Դրա համար պատասխան չեն տալիս իրենց արածների համար և համարում են, որ արժանի են ավելի բարձր պաշտոնի: Արդյունքում ստացվում է այն, ինչպես …միշտ: Իսկ մեր ժողովուրդը, ցավոք սրտի, արտագաղթում է: Իմ սերնդի մարդիկ հիշում են, թե ինչպես էր ամբողջ հանրապետությունը սպասում երեք միլիոներորդ հայի լույս աշխարհ գալուն ՀԽՍՀ-ում: ամոթ է…

  2. Atshak says:

    Բագրատ Կառուցող……………..
    😀

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031