Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հետեւանքներ կունենա «Իսլամական պետության» հաղթարշավը

Մայիս 29,2015 15:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում հարցը քննարկում են «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը եւ հրապարակախոս Սաքո Արյանը:

Արամ Աբրահամյան.- «Իսլամական պետությունը» ոչ միայն գրավել է Սիրիայում գտնվող Պալմիրան, որը հին հռոմեական քաղաք է, այլեւ, ըստ լրատվամիջոցների, սպանվել է ավելի քան 400 հոգի, այդ թվում նաեւ՝ կանայք եւ երեխաներ: Հայաստանում կարծես թե այդ խնդիրները շատ ակտիվ չեն քննարկվում:

Ստեփան Դանիելյան.- Բնականաբար, չեն քննարկում, քանի դեռ «Իսլամական պետություն» կազմակերպությունը մեր սահմաններին չի մոտեցել: Ցավոք սրտի, դրա հնարավորությունը կարծես թե կա: Թուրքիայում գոյություն ունեն այդ կազմակերպության բջիջներ, եւ, ըստ մամուլի, նման բջիջներ են ստեղծվում նաեւ Ադրբեջանում, Վրաստանի մահմեդական շրջաններում: Սակայն դրանից բացի՝ դա մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ այն, ինչ կատարվում է տարածաշրջանում, այսպես թե այնպես՝ արդեն իսկ անդրադառնում է մեզ վրա: Պարոն Արյանը ապրում է Լիբանանում, Դուք ուղղակի եք շփվում այդ ամենի հետ, ավելի ճիշտ ինֆորմացիա կտաք: Բայց իմ տպավորությամբ՝ Լիբանանում, որտեղ հազարավոր հայեր են բնակվում, ըստ որոշ լուրերի՝ նույնպես իրավիճակը շատ լարված է, շատ պայթյունավտանգ է: Լիբանանում հիմա որպես փախստական իրար կողքի են ապրում տարբեր համայնքների ներկայացուցիչներ, որոնք ուրիշ տեղերում իրար սպանում են, եւ այդ ատելությունը, բնականաբար, փոխանցվում է՝ դրան գումարած սոցիալական լարվածությունը: Հաշվի առնելով Լիբանանի՝ առանց այդ էլ բարդ համայնքային կառուցվածքը՝ այնտեղ կարող է դաժան լինել: Լիբանանից նույն հայ փախստականները կարող են Հայաստան գալ, ինչպես սիրիահայերի դեպքում, եւ ավելի լուրջ խնդրի առաջ կկանգնենք:

Ա. Ա.– Լիբանանում այդ բոլոր իրադարձությունների կարեւորությունը հասկանում են, Հայաստանում` ոչ այնքան:

Սաքո Արեյան.- Ճիշտ եք ասում, մեզ համար շատ կարեւոր մի բան կա: Սունի-շիա հակամարտության խնդիրն է: Այսօր մենք մտել ենք այն փուլի մեջ, երբ «Իսլամական պետությունը» սունի ծայրահեղ պատկերով կներկայանա հանրությանը, եւ դրա դիմաց կան շիա ծայրահեղականներ: Այս առումով ես շատ կկարեւորեմ հունիսի 30-ը, երբ Իրանը եւ Միացյալ Նահանգները պետք է կնքեն իրենց համաձայնությունը:

Ա. Ա.- Դուք վստահաբար եք ասում:

Ս. Ա.– Ենթադրում եմ: Եվ նախքան այդ կարեւոր իրադարձությունը՝ մենք զգացինք, որ «Իսլամական պետությունը» սկսել է գերակտիվանալ, մտավ Պալմիրա եւ կշարունակի իր հաղթարշավը: Ամերիկացիներն այսօր քննադատություններ են հնչեցնում Բաղդադի կառավարության հասցեին, որ պետք չէ շիաների կարգախոսներով փորձել Անբար մուտք գործել: Ամերիկան միշտ օգտագործել է եւ պետք է օգտագործի, ցավոք, շիա-սունի հակամարտությունը: Այդ մտավախությունը կա նաեւ Լիբանանի սահմանային Արսել գյուղում, որ բնակեցված է սունիներով, եւ այնտեղ կան ահաբեկչության վտանգներ, բայց լիբանանյան բանակը զգուշավոր կերպով պահպանում է: Լիբանանի հանրության մեջ մեծ տոկոս կա, որ դեմ է շիա «Հըզբոլլահի» Սիրիայի պատերազմին մասնակցությանը:

Ա. Ա.- «Իսլամական պետությունը» կպայթեցնի՞ հռոմեական մշակույթի նմուշները, ինչպես որ սովորաբար անում է, թե՞ այս անգամ չի անի:

Ս. Ա.– Այս անգամ «Իսլամական պետությունը» տարածեց «Յութուբ»-ում տեսանյութ, որտեղ անձայն ցույց են տրվում այն բոլոր ավերակները: Չգիտեմ` կոնտեքստը ինչ է, բայց, հավանաբար, ասելու համար, որ դեռ չեն պայթեցրել:

Ս. Դ.- Հարցը շատ լուրջ է: 19-րդ դարի վերջին 20-րդ դարում արաբական աշխարհում զարգացավ ազգայնականությունը, եւ ազգային պետության ստեղծվելու պրոյեկտները իրագործվեցին Սիրիայում, Իրաքում եւ այլ երկրներում: Հետաքրքիր է, որ Սիրիան եւ Իրաքը ամենաաշխարհիկ պետություններն էին: Օրինակ` ամբողջ արաբական աշխարհում կանանց կրթության մակարդակով Իրաքը առաջին տեղում էր: Հիմա փաստորեն ազգային պետության պրոյեկտները իսլամական աշխարհում քանդվում են, եւ նորից գալիս է Ումայի գաղափարը` վերադարձ դեպի Ղուրան: Այդտեղ վտանգն այն է, որ դա տարածվում է ամբողջ տարածաշրջանի վրա: Աշխարհիկ պետության նախագծերն ամենուր տապալվեցին:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031