Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Մանուկյանի ներկայացուցիչը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել

Հունիս 05,2015 23:21

Ռոբերտ Ռեւազյանի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումը անհիմն է:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը (լուսանկարում) հունիսի 5-ին Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը:

2014 թվականին Հրայր Մանուկյանը հանցագործության մասին հաղորդագրություն է ներկայացրել գլխավոր դատախազին:  Նրա` ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման մեջ նշված է,  որ 2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, Հրայր Մանուկյանին առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Որպես պատասխան իր մերժմանը՝ սպառնացել է նրան, նրա եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական եւ աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետեւանքների մասին: Հաղորդման հետ միաժամանակ Հրայր Մանուկյանի կողմից դատախազություն է ներկայացվել հիշյալ զրույցի վերաբերյալ ձայնագրությունը:

Ռոբերտ Ռեւոզյանը պահանջում է վերացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի  եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  որոշումները եւ կայացնել նոր դատական ակտ:

Վերաքննիչ դատարանը մայիսի 16-ին մերժել է Հրայր Մանուկյանի ներկայացուցիչի բողոքը եւ  իր որոշման մեջ նշել է,  որ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ-ն մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ` Ա.Փանոսյանի 2014 թվականի հուլիսի 18-ի որոշումն օրինական եւ պատճառաբանված է:

Փաստաբանը բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը անհիմն է համարում. այն կայացվել է նյութական եւ դատավարական նորմերի խախտումներով եւ պետք է վերացնել. «Գտնում եմ, որ Առաջին ատյանի դատարանը կատարել է սխալ եզրահանգումներ. նախ, Հրայր Մանուկյանի` դատախազություն ներկայացված հաղորդման եւ ձայնագրության համադրումից ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի արարքները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը)»:

Ռոբերտ Ռեւազյանը նշել է, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը. «Ենթադրյալ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել Հրայր Մանուկյանի իրավունքներին ու օրինական շահերին: Հրայր Մանուկյանի եւ նրա հարազատների հասցեին ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի կողմից հնչել են տարբեր տեսակի սպառնալիքներ: Եթե դա արվեր այլ անձի կողմից, կարելի էր եւ լուրջ չընդունել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ.Մանուկյանը բոլոր հիմքերն ուներ ենթադրելու, որ սպառնալիքները հնչում են ԱԱԾ աշխատակցի կողմից, ապա այդ սպառնալիքների իրագործումը տվյալ դեպքում դառնում էր իրատեսական: Ինչի արդյունքում Հ.Մանուկյանը կարող էր ունենալ հոգեկան ապրումներ, անհանգստություններ, այդ հանգամանքը կարող էր ազդել, որ նա այլեւս չզբաղվի հասարակական կամ քաղաքական գործունեությամբ եւ այլն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930