Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Կոստանյան Գևորգ, կարգի հրավիրեք ձեզ, ձեր ցուցամատը ձեզ պահեք» (Տեսանյութ)

Հունիս 08,2015 14:55

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության ենթարկեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նա նկատեց, թե նա «լրջագույն փորձությունների ենթարկելով մեր համբերությունը, խփելով շատախոսության բոլոր ռեկորդները», բացատրում էր, թե ինչ է իրավաբանությունը:

Սակայն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ շոուն չի ստացվել, քանի որ «հայ հանրությունը լավ գիտի, թե ժողովրդական լեզվով ասած ինչ բեջուռա կենդանի է գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը»: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե այդ իրավաբանությունն է որոշել, որ Սուրիկ Խաչատրյանը իր տան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերի ժամանակ քնած է եղել, կամ որ Ավետիք Բուդաղյանին հնչած կանչը էական դերակատարություն չունի, մինչդեռ ըստ Փաշինյանի՝ հենց այդ կանչի վրա է Բուդաղյանը պտտվել ու մահացու վնասվածք ստացել, կամ որ ԱԱԾ-ն չի իրականացրել Սուրիկ Խաչատրյանի մերձավորների գաղտնալսում:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս ամենն արդարացնող մարդը կամ «հեռու է իրավաբանությունից, կամ զբաղվում է քրեական գործերը կոծկողի պրոֆեսիոնալ գործունեությամբ»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե ԱԺ դահլիճում «Գևորգ Կոստանյանը ոգևորվում, տեղում թռվռում է, թե ոչ ոք, ոչ մի դատարան Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու թույլտվություն չի տվել»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ նման հայտարարություն չի եղել: Դառնալով դատարանների աշխատանքին՝ պարոն Փաշինյանը նշեց. «Սյունիքի մարզի դատարանը հինգ ամիս չէր կարողանում որդուն հարցաքննել, մինչդեռ նա այդ նույն ժամանակ իր «Բրաբուսը» քշում էր Երևանի Մաշտոցի պողոտայի մայթերով: Ոստիկանությունը որոշում է, ասում, ամոթ է բերման ենթարկենք: Տանում են տուգանային հրապարակ, հետո մեկ էլ Սերժ հոպարն ասում է, թե երեխային ու իր բրաբուսը բաց թողեք, հո չի՞ կերել ձեր մայթերը»:

Դառնալով Գևորգ Կոստանյանի ժեստիկուլյացիային՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում, դա գլխավոր դատախազին նշանակող մարմին է: Մատը սենց-նենց է անում, Սերժ Սարգսյանի մոտ տե՞նց եք զեկուցում: Մի հատ ձեզ կարգի հրավիրեք, ձեր ցուցամատը ձեզ պահեք, ի՞նչ է նշանակում պատգամավորը հարց տա, ցուցամատ թափ տաք: Եթե շարունակեք, ես ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի կարիք եք ունենալու: Կոստանյան Գևորգ, ես ձեր ու ձեր նմաններին հասկանալու տեսություն և պրակտիկա կարող եմ դասավանդել: Եթե հասկացաք՝ շատ լավ, եթե ոչ, ուրեմն խորացված դասընթացների կարիք ունեք»:

Գալուստ Սահակյանը վերջում ռեպլիկ արեց. «Շատ դուխով եք խոսում, վատ է, իռոնիան հանեք, ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930