Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատանցիները բողոքող են, ուղղակի բողոքող մասսան է դրսում». ավագանու անդամը հոսանքի թանկացման դեմ

Հուլիս 07,2015 22:40

Aravot.am-ը Շիրակի մարզի ամենամեծ ու համարձակ գյուղերից մեկի՝ Ազատանի ավագանու անդամ Գեւորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այս գյուղի բնակիչները ոչ մի ձեւով իրենց դժգոհությունը չարտահայտեցին հոսանքի թանկացման դեմ:

Նշենք, որ գազի թանկացման ժամանակ այս գյուղի բնակիչներն ամենաշատն էին վրդովված, քանի որ նրանք բնակվում են 2-3 հարկանի առանձնատներում, իսկ դրանք ջեռուցելն այնքան էլ հեշտ չէ: Շատերն այս թանկացումից հետո կողպեցին իրենց դռները՝ ընտանիքին վերցնելով ու հեռանալով Յակուտսկ, Սախալին, Վլադիվոստոկ, որտեղ սովորաբար խոպան են գնում գյուղի տղամարդիկ:

Ազատանի ավագանու անդամը ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «Ազատանցիները բողոքող են, ուղղակի բողոքող մասսան է դրսում, այնպես չէ, որ ժողովուրդն անտարբեր է, իր վրդովմունքը չի հայտնում, որտեղ երկու հոգի, այնտեղ խոսակցության թեման հոսանքի թանկացումն է: Իհարկե, Ազատանը ոտքի կելներ, դուք գիտեք, որ Շիրակի մարզի ամենաթասիբով ու ուղղախոս տեղանքներից է, այստեղի մարդիկ ճշմարտությունը դեմերեսին ասող են, բայց բողոքող մասսան՝ գյուղի երիտասարդությունն ու տղամարդիկ դրսում են…Եթե ժողովրդի կեսից ավելին դրսում է, ո՞վ պիտի բողոքի ցույցեր կազմակերպի: Իհարկե, գյուղից եղել են մարդիկ, որոնք հասել են Բաղրամյան պողոտա՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, բայց եթե այնպես անեին, որ այս գյուղի ջահելությունը չհեռանար, հենց տեղում նրանք ակցիա կկազմակերպեին:

Այստեղ վրդովմունքի թեման մեկն է՝ հոսանքի թանկացումը կդառնա երկրորդ մեծ արտագաղթի պատճառ ու կտեսնենք Հայաստան՝ առանց հայերի: Գազի թանկացումը աղետալի հետեւանք ունեցավ մեր գյուղի վրա, գյուղի 4900 բնակիչներից 1500 առույգ, աշխատող մարդիկ փակեց իրենց դռները ու հեռացան: Մենք գյուղովի զարմանում ենք՝ էդ ի՞նչ մի որակյալ էլեկտրամատակարարման դիմաց են հոսանքի գին բարձրացնում, դուք կհիշեք, թե ինչ վիճակում էր մեր գյուղի էլեկտրահամակարգը, ձեզ նույնպես բողոքել ենք, հազար տարվա գլուխ հազիվ կարողացանք մի ենթակայան տեղադրել տալ, էն էլ ինչ պայքարի արդյունքում…Ամոթ էլ է որակից խոսելը ու գին բարձրացնելը…Միջին աշխատավարձը 500 հազար դրա՞մ եք սարքել, որ էդպես ռիսկով գին եք հանում…

Ազատանցիների տներում բաքսիներ են տեղադրված ու տվյալ դեպքում ինչպես գազը, այնպես էլ հոսանքը լայնորեն սպառվում են, չկա տուն, Փառք Աստծո, որտեղ ժամանակակից տեխնիկա չլինի , բայց հավատացեք՝ ժողովուրդը պատրաստ չէ դրսերում իր դաժանորեն վաստակած քրտինքը ուրիշին նվիրելու: Ազատանցիները դրսերում զբաղվում են ինչպես գյուղատնտեսությամբ, այնպես էլ շինարարությամբ, վերջերս նրանք էլ են դժգոհ դրսում աշխատելուց, բայց ստիպված են էնտեղ մնում: Տեսնելով, որ ռուսական ռուբլու կուրսը Հայաստանում շատ ընկած է, չեն կարող ընտանիքին էստեղ պահել, տան անդամներին էլ վերցնում ու հեռանում են: Վստահ եմ՝ հոսանքի վերջնական թանկացման դեպքում այս գյուղի բոլոր դռները կփակվեն, երեւի ավելի լավ, բարեկեցիկ Հայաստան ասելով հենց սա ի նկատի ունեի՞ն…Խայտառակություն է տիրում երկրում. նայում ես ընդդիմադիր գործիչներից շատերն էլ են գաղթում երկրից, շատերին գիտեմ, որ մի ժամանակ ընդդիմություն կառույցներ էին ղեկավարում, էսօր ընտանիքներին առած՝ ուրիշ երկրներում քաղաքական ապաստան են խնդրում, էսպես ո՞ւր ենք հասնելու… »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031