Լրահոս
Օրվա լրահոսը

Չխամրեցնել Բաղրամյանի լուսավորը

Հուլիս 09,2015 11:30

Հուլիսի 6-ից ոստիկանությունը, ինչպես մի քանի իրավապաշտպաններ են արձանագրել, բավական գրագետ, կոռեկտ Բաղրամյան պողոտայից ցուցարարներին տեղափոխեց Ազատության հրապարակ:

Երկար կարելի է վիճել, թե ինչ արդյունավետություն կունենար մի քանի տասնյակ ցուցարարների պայքարը Բաղրամյան պողոտայում, եւ ինչ հնարավորություններ կան այսօր Ազատության հրապարակում հավաքվողների համար:

Սա անիմաստ քննարկում է հատկապես այն մարդկանց կողմից, եթե այսօր նրանք չունեն օրակարգ, գործողությունների ծրագիր, մարտավարություն եւ ռազմավարություն: Այս ամենի բացակայության պայմաններում ավելորդ է քննարկել, թե ով էր ճիշտ` Բաղրամյան պողոտայից հեռացողնե՞րը, թե՞ այնտեղ մնացողները:

Անվիճելի է մի բան. հունիսի 23-ին եւ դրան հաջորդող մի քանի օրերին Բաղրամյան պողոտայի էներգետիկան, բոլորը կհամաձայնեն, այլ էր, քանի վերջին մի քանի օրերին:

Հունիսի 23-ի եւ դրան հաջորդող օրերին` մինչեւ հունիսի 28-ը, ինչ-որ լուսավոր, պայծառ ու մաքուր բան կար, մինչեւ այն օրը, երբ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը որոշեց հեռանալ Բաղրամյան պողոտայից եւ գնալ Ազատության հրապարակ:

«Ո՛չ թալանին» նախաձեռնությանը հաջողվեց հասնել որոշակի արդյունքների, պարզապես նրանք սեփական աշխատանքի արդյունքը, եթե կուզեք` հաղթանակը, ըստ արժանվույն չմատուցեցին հանրությանը: Նրանք կարող էին մնալ Բաղրամյան պողոտայում կամ Ազատության հրապարակում` ֆիքսելով ու տոնելով հաղթանակը հասարակության հետ: Սակայն ինչ-ինչ պատճառներով դա չարվեց, եւ հետագա գործողություններից նրանք մի տեսակ ինքնամեկուսացան` զիջելով իրենց տեղը նոր նախաձեռնությունների:

Հունիսի 28-ից հետո փոքր-ինչ անհասկանալի պատկեր է, եւ ակնհայտ է, որ հասարակության որոշակի շերտի համար էլ հասկանալի չէ, թե ինչ նպատակով են նրանք հավաքվում Բաղրամյան պողոտայում, այնուհետեւ` Ազատության հրապարակում, եւ ինչ ակնկալիքով:

Տարբեր մարդիկ ունեն տարբեր կարծիքներ, եւ դա նորմալ է, ամեն մեկն իր պատկերացումներն ունի: Սակայն քաղաքական որոշ միավորներ ու անհատներ ակնհայտորեն բազմություն տեսնելու արդյունքում ինչ-որ էյֆորիկ պոռթկումների մեջ են ընկել եւ չեն էլ թաքցնում, որ ձգտում են բողոքի դուրս եկած մարդկանց ուղղորդել դեպի «ռեժիմի հեռացում» պահանջի ներկայացումը:

Նրանց էլ կարելի է հասկանալ. երբեք նրանց չի հաջողվել մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիների հավաքել իրենց շուրջը, եւ նրանց միակ հույսը եղել է այս կամ այն միջոցառմանը այլ նպատակով փողոց դուրս եկած մարդկանց սեփական ասելիքը հասցնելը: Դա գուցե եւս տարբերակ է, եթե չկա այլ տարբերակ` աջակիցներ մոբիլիզացնելու համար: Բայց կա՞ երաշխիք, որ «ռեժիմը հեռացնողները» հենց իրենք են, եթե նույնիսկ հրապարակում մի քանի հարյուր կամ հազար մարդ ծափահարի նրանց կոչերին եւ սուլի:

Ավելի ուժեղ եւ կազմակերպված ընդդիմություններին անգամ չհաջողվեց «ռեժիմը հեռացնել», ինչպե՞ս են դա իրականացնելու ինչ-որ անհատներ ու կառույցներ, որոնք 1000 մարդ չեն կարողացել մայրաքաղաքի փողոց դուրս բերել:

Հունիսի 28-ից հետո իրենց վրա պատասխանատվություն վերցրած նոր նախաձեռնությունների երիտասարդ ներկայացուցիչները երկար ժամանակ չունեն: Նրանք պետք է ճշտեն իրենց հետագա անելիքը. պայքարի ուղղությունը, իրենց հստակ պահանջներն ու քայլերը: Եթե սա չի արվելու, ճիշտ չէ մարդկանց կանչել Ազատության հրապարակ եւ հայտարարել, թե ժողովուրդը պետք է որոշի ինչ անել եւ ինչպես: Հասարակության տրամադրությունները շատ բան են որոշում, բայց նույն հասարակությունը պետք է իմանա, թե ինչ նպատակով է գալիս Ազատության հրապարակ:
Բաղրամյան պողոտայի հզոր էներգետիկան, լուսավորը, փայլունը չպետք է մաշել, խամրեցնել ու մարգինալացնել: Դա անթույլատրելի է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031