Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու երկու իրավական մեխանիզմ կա՝ մեկը քրեական հետապնդումն է՝ իր գործած ենթադրյալ հանցանքների համար»․ Էդգար Ղազարյան

Փետրվար 16,2024 15:25

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այսօր հրավիրած ասուլիսում շարժման համակարգող խորհրդի անդամ Էդգար Ղազարյանն ասաց, որ հանրահավաքը պետք է սկիզբ դնի քաղաքական հետագա գործողություններին, որը պետք է միտված լինեն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն։

«Իհարկե, տրամաբանությունն է հուշում, որ նա ինքնակամ պետք է հրաժարական ներկայացնի, բայց եթե դա տեղի չի ունենում, ապա որոշումները պետք է կայացվեն իր կամքից անկախ։ Իր կամքից անկախ որոշման կայացման երկու իրավական մեխանիզմ գոյություն ունի՝ մեկը քրեական հետապնդումն է՝ իր գործած ենթադրյալ հանցանքների համար, որոնց ցանկը անվերջանալիորեն մեծ է։ Բայց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները, որոնք այսօր գտնվում են իր վերահսկողության ներքո։ Մյուսը դա անվստահության գործընթացն է Ազգային ժողովի պատգամավորների կողմից։ Այսօր մենք ունենք փաստ, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումն ապօրինի է վարչապետի պաշտոնում։

Ասեմ՝ մեր երկիրը խորհրդարանական երկիր է։ Հայաստանի ոչ մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանին վարչապետ չի ընտրել, ընտրել են կուսակցություններին։ Այսինքն՝ կուսակցությունների այն նախընտրական ծրագրերը, որով նրանք ներկայացել են ընտրողներին։ Եվ այդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիման վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մշակել եւ ԱԺ քննարկմանն է ներկայացրել կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագիրը, որը հավանության արժանանալով՝ ըստ էության, օրենքի արժեք ունի։ Եվ հիմա կառավարությունը փաստացի հրաժարվել է իր նախանշած ծրագրի կատարումից, եւ ՔՊ-ն էլ, եթե չի նախաձեռնում նրան անվստահություն հայտնելու գործընթաց, նշանակում է խարդախությամբ, խաբեությամբ մեր ժողովրդին ներկայացրել են այլ ծրագիր ու այլ խոստումներ, հիմա իրագործում են դրա տրամագծորեն հակառակը։ Սա ապօրինություն է»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ ԱԺ-ում յուրաքանչյուր պատգամավոր որոշում է կայացնում՝ ելնելով իր խղճից ու համոզմունքներից։ Եվ յուրաքանչյուր պատգամավոր, որը հայտնվել է խորհրդարանում՝ ստանալով հանրության վստահությունը նախընտրական խոստումների հիման վրա, եթե նա դրանից բխող գործողություններ չի անում, հավատարիմ չէ իր խոստումներին ու ծրագրերին, նշանակում է՝ նա սովորական շառլատան է, խաբեբա ու սրիկա։

«Եվ մենք պետք է գնանք խոսենք պատգամավորների հետ։ Վարչապետին անվստահություն հայտնելու համար Սահմանադրությունն ունի երկու իրավական պահանջ՝ դա հիմնավորումն է, որ պետք է հիմնավորել նրա անվստահության հիմքերը, երկրորդը՝ վարչապետի թեկնածուն առաջադրելն է։ Հիմնավորումները «Միասին» շարժումը խմբավորել է, որը հանրահավաքում կներկայացնի հանրությանը»,- ասաց նա։

Ըստ Ղազարյանի՝ հանրահավաքը կդառնա քաղաքական պլատֆորմ եւ այդ օրվա, եւ հետագա քննարկումների համար, որպեսզի քաղաքական ու հասարակական ուժերի, առանձին անհատների համախմբում տեղի ունենա։

Ըստ նրա՝ վարչապետին անվստահություն հայտնելու բացառիկ իրավունքը պատկանում է ԱԺ պատգամավորներին։ «Իրենք հիմա էլ առանց մեզ կարող էին դա իրականացնել։ Բայց 2022 թվականի օգոստոսից մինչ օրս նրանք այդ իրավական հնարավորությունից չեն օգտվել, նշանակում է՝ նրանք դրա իրավական լուծումը չունեն։ Հիմա մենք բոլորս քննարկումներով եկել ենք այն համոզման, որ այդ հանրահավաքը պետք է դառնա պլատֆորմ՝ քաղաքական կոնսոլիդացիայի համար՝ վարչապետի թեկնածու ու հակաճգնաժամային կառավարության կազմ որոշելու համար, որն իր ծրագրով կներկայանա նաեւ Ազգային ժողովին»,- հավելեց Էդգար Ղազարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829