Լրահոս
Օրվա լրահոսը

450 երեխա Հայաստանում շաքարային դիաբետ ունի. ամեն տարի նրանց թիվը համալրվում է 50-70 երեխայով

Հուլիս 22,2015 14:25

Տարեցտարի, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց թիվն ավելանում է: Այս հիվանդությամբ Հայաստանում 450 երեխա կա: Առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովայի տվյալներով, ամեն տարի դիաբետով հիվանդ երեխաների 50-ից 70 նոր դեպք է գրանցվում:

Այսօր նախարարության նիստերի դահլիճում ոլորտի պատասխանատուները ներկայացրին նախորդ հինգշաբթի կառավարության նիստում ընդունված որոշումը, համաձայն որի, այսուհետ հինգ տարի ժամկետով երեխաները կստանան մարդու ինսուլինին շատ մոտ ինսուլին` գրիչ-ներարկիչների տեսքով, որոնք, ի տարբերություն անցյալում տրվող ինսուլինի, իր գործածությամբ ավելի հարմարավետ է:

Ելենա Աղաջանովայի խոսքերով, գրիչ-ներարկիչները թույլ են տալիս, որ շաքարային դիաբետով հիվանդ երեխայի ռեժիմը չտարբերվի նրա հասակակից, այդ հիվանդությունը չունեցող երեխաների առօրյայից:

Դրանք հարմար է կրել գրպանում, եւ ցանկացած տեղում անել ներարկումն` ուտելուց անմիջապես առաջ, այլ ոչ թե կես ժամ առաջ, ինչպես որ մարդկային ինսուլինների դեպքում էր: Սրանք գլխավոր էնդոկրինոլոգի ներկայացմամբ, անալոգային ինսուլիններ են եւ շատ նման են մարդու օրգանիզմում արտադրվող ինսուլինին:

Առողջապահության նախարարության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ  Նունեն Փաշայանն ասաց, որ ծրագրի նպատակն է, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա վերահսկել դիաբետը եւ ապրի առողջ, քանի որ, Ելենա Աղաջանովայի խոսքերով, անցել են այն ժամանակները, երբ մարդը պետք է ինսուլինը ստանար, որպեսզի չմահանար, այսօր մոտեցումն այլ է`դիաբետով հիվանդների կյանքի որակը պետք է լավացնել:

Ինչպես մասնագետներն են նշում գրիչ-ներարկիչները նաեւ նպաստում են, որպեսզի երեխաները չվախենան եւ անգամ հագուստի վրայից անցավ ներարկում կատարել:
Նախարարությունը ծրագրել է առաջիկա մեկ տարում դիաբետի 4 կենտրոն-դպրոց բացի, որպեսզի այդ հիվանդությամբ մարդիկ կրթվեն, ինչը կնպաստի նրանց կյանքի որակի բարձրացմանը: Դիաբետով հիվանդները, նրանց ծնողներն ու հարազատները կտեղեկանան ինչպիսի սննդակարգ վարել, հիվանդությունն ինչպիսի բարդություններ ունի, եւ շաքարի ժամանակ առաջին բուժօգնությունը որը պետք է լինի. «Եթե հիվանդները կարողանան ղեկավարել իրենց հիվանդությունը, սուր վիճակներից մենք կկարողանանք խուսափել»:

Տիկին Աղաջանովան ասաց, որ այսօր խնդիր է շաքարային դիաբետով հիվանդների ռեգիստրի բացակայությունը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանի խոսքերով նախարարությունը լուրջ ձեռքբերումներ է գրանցել դեղապահովման հարցում կնքելով 5-ամյա պայմանագրեր ֆրանսիական եւ դանիական ընկերությունների հետ, որով շաքարային դիաբետով հիվանդներին, ինչպես երեխաներին, այնպես էլ` մեծահասակներին, անխափան դեղ կմատակարարվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031