Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերագետ Լեւոն Մութաֆյանի արձագանքը՝ Գյումրու քաղաքապետարան-թատրոն վիճաբանությանը

Սեպտեմբեր 09,2015 23:01

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու դրամատիկական թատրոնի  անձնակազմը վիրավորվել էր քաղաքապետարանի պաշտոնյաներից իրենց Գյումրու օրվա մշակութային միջոցառումներին չհրավիրելու համար: Նրանք, մասնավորապես նեղվել էին, որ այդ միջոցառումների ցանկում տեղի էր ունեցել նաեւ թատերագետ  Լեւոն Մութաֆյանի Գյումրու դրամատիկական թատրոնի պատմությանը նվիրված «100 տարի և կես դար» գրքի շնորհանդեսը, որի մասին, սակայն, թատրոնի մարդիկ տեղյակ չէին եղել ու չէին մասնակցել:

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը այս թեմայի շուրջ պարզաբանել էր հետեւյալը. «Ես հեղինակի հետ ճշտել եմ, ինքն ասել է, որ ես հրավեր ուղարկել եմ իրենց իմ գրքի շնորհանդեսին: Քաղաքապետարանն էլ գիտենալով, որ հրավերը կա, ավելորդ է համարել մեկ անգամ եւս հրավեր ուղարկել: Իհարկե, այդ ամբողջ միջոցառումը քաղաքապետարանն էր կազմակերպել, բայց որ գրքի հեղինակն անձամբ է հրավիրել, մենք մտածել ենք, որ քաղաքապետարանի հրավերն արդեն երկրորդական կլիներ այդ դեպքում»:

Քիչ առաջ այս հարցին անդրադարձավ նաեւ թատերագետ Լեւոն Մութաֆյանն՝ ասելով. «Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուբեն Սանոյանի հետ: Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք ես թատրոնին հրավիրել եմ: Ես ասացի, որ մեկ օր առաջ, ամսի 4-ին, ես շնորհանդեսի մասին տեղեկացրել եմ Տիգրան Վիրաբյանին և Լյուդվիգ Հարությունյանին:

Լյուդվիգը խոստացավ անպայման ներկա լինել: Եվ եկավ: Սակայն հատկապես Տիգրանը խիստ վիրավորված էր, որ նախօրոք թատրոնին չեն տեղեկացրել, չեն հրավիրել քննարկման, իրենք կարող էին շատ ավելի լավ տարբերակ առաջարկել և կազմակերպչական աշխատանքները վերցնել իրենց վրա:

Ռուբեն Սանոյանին ես ասել եմ՝ այո՛, մեկ օր առաջ  պրոդյուսերին և գլխավոր ռեժիսորին հրավիրել եմ, բայց դա ասել եմ Ռուբեն Սանոյանին միջոցառումից հետո: Ի դեպ, ասեմ, որ Լյուդվիգն էլ, Տիգրանն էլ շատ ոգևորված էին գրքով, նրանք ուրախացան, որ քաղաքապետը նման նվեր է արել: Սա բառացի կրկնում եմ: Բայց նրանք կցանկանային տոնականություն հաղորդել, անցկացնել թատրոնում՝ այսպիսով թատրոնը ևս մասնակից դարձնելով տոնին»:

Հիշեցնենք, որ Գյումրու դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանի Aravot.am-ին տված հարցազրույցից հետո, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անմիջապես արձագանքել է նրանց դժգոհությանը, իր մոտ է հրավիրել թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին ու Տիգրան Վիրաբյանին ու նրանց հետ զրուցել այս թեմայի շուրջ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930